Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը մտել էր արցախցու առանձնատուն, գողացել մեկ թթվասեր, 2 հատ հաց, 2 հատ կետչուպ

Սեպտեմբեր 16,2017 14:30

Արցախցի Հենրիխ Հյուսնունցը ցուցմունք էր տվել, որ հեռախոսը թողել էր տանը եւ փոքր երեխայի հետ գնացել Ստեփանակերտ. «Երբ վերադարձա տուն՝ նկատեցի, որ պայուսակի մեջի բանանը չկա: Հիշեցի, որ հեռախոսը թողել էի տանը ու դա էլ չկար: Նկատեցի՝ տնից տարբեր բաներ են տարել՝ հաց, թթվասեր, պահածո եւ այլն: Գողացված սննդամթերքի արժեքը չէր անցել 3500 դրամը»: Տուժողը, սակայն, չէր ցանկացել, որպեսզի գյումրեցի զինծառայողը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Երկու օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սահակյանի նախագահությամբ, դատավորներ Ալեքսանդր Ազարյան, Անդրանիկ Մնացականյան կազմով մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը: Մեղադրողը պահանջել էր 4 տարի ազատազրկում՝ առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:

Գյումրեցի Կարեն Գրիգորյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ազատազրկել էր 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 410-ապատիկի չափով: Դատարանը վճռել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Իսկ նշյալ տուգանքի վճարման համար սահմանել էր 1 տարի ժամկետ:

Նշեմ, որ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՊԲ N զորամասի կառավարման ջոկի ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայողը մեկ տարի առաջ՝ մարտի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում գտնվող Հենրիխ Հյուսնունցի առանձնատուն, ցանկապատի վրայով թռել տան բակ: Եվ քանի որ դուռը բաց էր, մտել է առանձնատուն:

Շարքայինը, որը զղջացել էր կատարվածի համար, եւ ասել էր, թե սոված է եղել, սառնարանից գողացել էր 240 ՀՀ դրամ արժողությամբ մեկ թթվասեր, 500 դրամանոց երկու կետչուպ, մեկ շիշ 1.700 ՀՀ դրամ արժողությամբ հայկական կիսաչոր շամպայն, 130 դրամ արժողությամբ երկու հաց, իսկ սեղանի վրայից էլ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա 225» տեսակի բջջային հեռախոս` 1. 500 ՀՀ դրամ արժողությամբ լիցքավորման սարքով: Ըստ էության նա տուժողին պատճառել էր 14.700 ՀՀ դրամին համարժեք վնաս, որը մեղադրանքի կողմի գնահատմամբ դիտվել է «զգալի չափերի գույքային վնաս»:

Շարքային Կ. Գրիգորյանն ասել էր, թե այդ տուն գնացել է միայն հացի համար: Նա հասցրել էր ծառայել 1-1.5 ամիս: Մեկ այլ զինվորի հետ երեկոյան դուրս են եկել զորամասից. «Ուժեղ անձրեւ էր գալիս: Գնացինք գյուղ: Այնտեղ մի խրճիթ կար, գիշերեցինք դրա մեջ: Խրճիթում մի հաց ու մի քիչ պանիր է եղել: Հաջորդ օրը ման եկանք, մինչ կմթներ, որպեսզի հաց ճարենք: Հետո տեսանք տուժողի տունը. առաջինն այդ տունն ենք տեսել, դրա համար էլ մտանք: Մոտեցանք տանը եւ տեսանք, որ կողպեք է քցած: Մտածեցինք, թե տանը մարդ չկա: Մոտակայքում տներ չկային՝ հեռու էին: Առանձնատունը երկհարկանի էր. մեկի մեջ ես եմ մտել, մյուսի մեջ` Մուրադյանը: Հետո ձայներ լսեցի ու դուրս եկանք: Տնից դուրս գալուց հետո գնացինք խրճիթ ու այնտեղ հաց կերանք: Ես հեռախոսը Մուրադյանին ցույց տվեցի միայն խրճիթի մոտ: Մուրադյանը հորդորեց, որ այն տանեմ հետ: Այդ ժամանակ հեռախոսի վրա հաղորդագրություն է եկել՝ «հեռախոսը եթե հետ բերեք՝ որեւէ մեկը ոչինչ չի իմանա» բովանդակությամբ»:

Շարքայինի հետ եղած Արթուր Մուրադյանը դատակոչվել էր որպես վկա:

Զորամասում տեղի ունեցած դատական քննության ընթացքում նա ցուցմունք է տվել, որ 2016 թվականի մարտի 28-ին Կարենի հետ փախել են զորամասից. «Երբ դուրս են եկել, անձրեւ էր գալիս եւ նրանք թրջվել են ու սովածացել: Հեռվից տուն են նկատել եւ ներս են մտել: Առաջին հարկում սառնարան է եղել: Սառնարանը բացել եւ ուտելիք են վերցրել ու բարձրացել են 2-րդ հարկ: 2-րդ հարկում սեղան է եղել եւ վրան միրգ, ինքը ցանկացել է վերցնել միրգը՝ այդ պահին եկել է Կարենը ու ասել, որ ձայներ են լսվում ու պետք է հեռանան: Ուտելիքը վերցրել են եւ դուրս եկել, հետո ճանապարհին Կարենը հեռախոս է ցույց տվել: Իրենք սոված են եղել ու գնացել են մի խրճիթի մոտ եւ ուտելիքը կերել: Կարենը հանել է հեռախոսը եւ նկարներն ու համարները նայել ու ջնջել է բոլորը: Հեռախոսի վրա հաղորդագրություն է եկել. «Տղա ջան, հեռախոսը բեր դիր տեղը: Ոչ մեկի չենք ասի»: Ինքը նույնպես ասել է, որ հեռախոսը պետք է հետ տալ: Կարենը մեջի պարունակությունը ջնջել է, քարտը կոտրել ու դեն նետել: Հետո իրենց բռնել եւ տարել են զորամաս, իսկ դրանից հետո ապրիլյան դեպքերն են սկսվել եւ իրենց տարել են դիրքեր»:
Վկա Ն. Այվազյանը ճանաչում էր Կ. Գրիգորյանին: 3 օր փնտրելուց հետո նրանց գտել են Հասանաբադի այգում՝ խրճիթի մեջ: Նրանց վերադարձրել են զորամաս եւ մի ամսով տարել են կարգապահական վաշտ: Ապրիլյան դեպքերը սկսելուց հետո նրանք շուտ վերադարձել են շարք:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարիա says:

    Արցախում զինորը սոված բնակարանից սնուդ գողանա՞,….

    Այս ինչ օրնենք հասել որ զինվորը սնունդ գողանա կգտնվեն դեպքեր որ մարդիք վիճակը հասկանալով չէն բարձրաձայնում …
    Էլ ինչ ասես երկրում

    Իսկ առաքելական եկեղեցին 1.5միլիոնանոց դոլար է մսխում հոգեվորական օբեյտա շինում Մեկն ելնի ու գաեգին Բ-ին հարց հղի Երկրում հավատացյալ մնացել ՞… գումար որ անգամ իրենց գրպանից չի առաջացել այլ սփյուռքի ու հասարակ ժողովուրդի հանգանակաց գումարն է որ կարելի էր ծաղսել բանակի պայմաները լավացնելու ոչթե զինվորը սնունդ գողանա աղքատության ճիրաներում ընտանիքներ կան որ օրերով կտոր հացի կարոտով սոված են քնում շատերներ երկրից ձեր ու ղեկավարներից վիրավորված հեռանում են ու տեսնես մտածում են փողա չէ միօր ավարտվելու է չէ սփյուռքը եվ գնացած մարդկանց զայրութի ներքո օրա գալու չէ եկեղեցակաների գումարի կարիքա զգալու ու այսքանից հետո ով՞ է նվիրատրելու …. Մսխելուծ առաջ մտածեք …….ամեն:

  2. Վարդան says:

    Այս չհիմնավորված ատելության քարոզը եկեղեցու նկատմամբ լավ բանի չի բերելու: 37-թվի հոտ է գալիս: Մարդիկ չգիտես ինչու իրենց սրտնեղությունը եկեղեցուց են հանում:Այս համատարած աղմուկի մեջ եկեղեցու զանգի ղողանջի համար քիչ է մնում քահանա ծեծեն: Այս ուր ենք հասել:

  3. Վարդան says:

    Եկեղեցու նկատմամբ ատելության քարոզը վերջին շրջանում մեծ թափ է հավաքում: 37-թվի ,,հոտ” է գալիս, արյան հոտ: Այս համատարած աղմուկի մեջ եկեղեցու զանգերի ղողանջի համար քիչ է մնում քահանա ծեծեն: Այս ինչքան ենք ընկել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930