Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրք Լորենց. Հայաստանի ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակվի (Տեսանյութ)

Հունվար 30,2018 12:40

«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցը` պատասխանելով հարցին, թե քննարկվե՞լ է նիստի ժամանակ ատոմակայանի հարցը:

Պարոն Լորենցը մասնակցում էր ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստին, որտեղ քննարկվեցին էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցեր:
Դիրք Լորենցի խոսքով, ներկայումս Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ.

«Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարեւոր է էներգետիկ անվտանգությունը: Եվ դա պետք է հաշվի առնել: Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո Եվրոպական միությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր անցկացվեցին, այդպիսին նաեւ Հայաստանն իրականացրեց եւ այժմ կարեւոր է այդ սթրես-թեսթերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն` անել այն` ինչ հնարավոր է իրականացնել այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»:
Այդուհանդերձ ԵՄ ներկայացուցիչը կարծում է, որ այս առումով կարեւորը էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունն է. «Եթե տնտեսես, խնայես, ավելի քիչ սպառես էներգիա, ավելի քիչ էներգիայի կարիք կունենաս ապագայում»:

Դիրք Լորենցը նաեւ ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած բարեփոխումները լիովին համատեղելի են Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության հետ. «Այնուամենայնիվ դեռ շատ անելիքներ կան բիզնեսի եւ ներդրումների համար` միջավայրի բարելավում Եվրոպական միությունից ավելի շատ ներդրումներ ներգրավելու նպատակով, արդյունավետ, հուսալի եւ անկախ դատական համակարգ, պայքար ընդդեմ կոռուպցիայի»:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատասխանելով ՀԱԷԿ-ի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանն՝ ասաց, որ Հայաստանը պետք է ներկայացնի գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ. «Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր: Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: 300 միլիոն դոլար ծրագրի գումարների մեծ մասը ներդրումներ է հենց անվտանգության վրա»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031