Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի խոսնակներին աշխատանքից ազատո՞ւմ է սպառնում

Փետրվար 21,2018 13:25

Լրագրողական եւ քաղաքացիական հասարակության շահերը ներկայացնող հ/կ-ներին չի գոհացնում «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հունվարին հաստատվել է կառավարության կողմից եւ որն ԱԺ նիստերի օրակարգում դեռեւս ընդգրկված չէ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» այսօրվա քննարկման ժամանակ կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց՝ օրինագիծը մարտահրավեր է նախորդ տասը տարիների ձեռքբերումների համար. «Հասարակայնության հետ կապերի վարչության ոլորտը ՀՀ-ում արդեն կայացած է: Պետական մարմիններում գործում են համապատասխան կառույցներ, որոնք համակարգում են մամուլի եւ հասարակության հետ կապերը: Սակայն մեր մտահոգությունն այն է, որ նախորդ տասը տարիների այդ աշխատանքին մեծ հարված կհասցվի: Ցավ կապրեմ, եթե, օրինակ, պետական կառույցների որոշ մամուլի խոսնակներ լքեն դաշտը՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով»:

Քննարկման ժամանակ ներկայացվեց, որ նախագծում հանվել է մամուլի խոսնակի տարիքային սահմանափակման դրույթը: Նախկինում այն եղել է 30, սակայն իրավապաշտպանները երաշխիք չունեն, որ այդ մասով նախագծում կրկին փոփոխություններ կարվեն: Ըստ նախագծի՝ մամուլի խոսնակը լրագրության եւ հասարակայնության հետ կապերի բնագավառում պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Բացի այդ, մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է, ասել է թե՝ նշանակովի, հետեւաբար, նախարարի փոփոխության դեպքում նոր նախարարն է որոշում՝ նախորդի մամուլի խոսնակը շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ: Նախարարն է նաեւ որոշելու, թե ինչ մասնագիտական չափանիշներ պետք է ունենա մամուլի խոսնակը:

«Իսկ չե՞ք անհանգստանում, որ դատավորը 28 տարեկան է: Այսինքն, 28 տարեկանը որոշելու է՝ մարդն անմե՞ղ է, թե՞ ոչ: Այս օրինակով ուզում եմ ասել, որ ավելի լավ է՝ տարիքային շեմ առհասարակ չսահմանվի, կամ սահմանվի, ասենք, 25 տարեկանը»,-նկատեց Շուշան Դոյդոյանը:

Հավելենք, որ հիշյալ օրենքի նախագծի առնչությամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» մինչեւ ուրբաթ առաջարկություններ կներկայացնի Ազգային ժողովին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728