Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսված է 100 հուշարձանների վերականգնումը

Սեպտեմբեր 15,1995 15:16

Վռամշապուհի փողոցում հայացքս ընկավ երեւանյան մի հին շենքի վրա, որի կամարակապ շքամուտքի անկյունաքարերը պարզապես հոշոտված էին: Հոշոտված ոչ թե ժամանակի, այլ ինչ-որ մի սրիկայի միտումնավոր ձեռքով: Ակամայից ցանկացա իմանալ՝ արդյո՞ք այս եւ նման շենքերը որեւէ արժեք չունեն։ Հարցերս ուղղեցի Հուշարձանների պահպանության եւ վերականգնման վարչության պետ Կորյուն Ղաֆադարյանին:

– Ո՞ր արժեքն է հուշարձան կոչվում։

– Հուշարձանը նյութական եւ հոգեւոր այն արժեքն է, որը պարունակում է պատմական, ազգագրական, մշակութային եւ հնագիտական նշանակություն, անկախ նրա ստեղծման ժամանակից։

– Նույնիսկ Սասունցի Դավթի արձա՞նը:

– Ինչո՞ւ նույնիսկ, եթե այն Երվանդ Քոչարի գլուխգործոցն է…

– Եվ որքա՞ն հուշարձան կա մեր երկրում։

– Մենք արդեն հաշվառել ենք շուրջ 28000 միավոր։

– Մերձավոր արտասահմանի հայկական հուշարձանները ներառյա՞լ:

– Ըստ միջազգային օրենքների՝ ամեն պետություն ինքն է հաշվառում եւ պահպանում իր տարածքի հուշարձանները, անկախ նրանց կրոնական եւ ազգային պատկանելությունից։ Վերջին շրջանում հսկայական աշխատանք տարվեց Քելբաջարի, Աղդամի եւ Ֆիզուլու չուսումնասիրված հուշարձանները հաշվառելու եւ ուսումնասիրելու համար։ Այնտեղ հաշվառված է մոտ 1000 հուշարձան։

– Ինչպե՞ս են ընթանում վերականգնման աշխատանքները։

– Բնականաբար, շինարարական աշխատանքները ամբողջովին կախված են ֆինանսավորումից, որը 1990-91 թթ. կտրուկ նվազեց մինչեւ 2,5 միլիոն դրամ։ Սակայն այս տարի նախատեսված է տրամադրել շուրջ 50 մլն դրամ, եւ արդեն սկսված են 100 հուշարձանների վերականգնումը։

– Ինչպե՞ս եք պայքարում վնասարարների դեմ։

– Դա, իհարկե, մեր գերատեսչության խնդիրը չէ, քանի որ յուրաքանչյուր տեղական մարմին պատասխանատու է իր տարածքում եղած հուշարձանների պահպանման համար։ Իսկ Երեւանի կենտրոնը ունի իր տեսչությունը, որը զբաղվում է քաղաքային կենտրոնի պահպանմամբ։

– Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր, արդյոք, Թամանյանի նախագիծը, ըստ որի շարքից դուրս էին գալիս բազում պատմական հուշարձաններ։

– Դա, իհարկե, սխալ էր։ Ժամանակին ծագեց մի մեծ հակասություն. Երեւանը պիտի լինի պատմակա՞ն, թե՞ ժամանակակից քաղաք։ Դրա հետեւանքով վերացան մի շարք հուշարձաններ։ Բայց պնտք է նշեմ, որ բարեբախտաբար Թամանյանի ծրագիրն ամբողջությամբ չիրականացավ։

– ֊Տարիներ առաջ ձեր համակարգում ստեղծվեց հուշարձանների համահավաք հանրագիտարանի խմբագրություն։ Ի վերջո, ե՞րբ կտեսնենք հանրագիտարանը հրատարակված տեսքով։

– Խմբագրությունը հիմա էլ է գործում, բայց արդյունքը կտեսնեն միայն ապագա սերունդները, քանի որ աշխատանքները ընթանում են բարդագույն պայմաններում։

– Մեր պատմաճարտարապետական հուշարձանները ե՞րբ կմտնեն համաշխարհային արժեքների բանկ։

– Մեր հուշարձանները միջազգային մակարդակով վաղուց են ընդգրկված գիտական շրջանառության մեջ։ Իսկ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ այս տարի մտան ընդամենը Սանահին եւ Հաղպատ հուշարձանահամալիրները։

– Այդ ցուցակի մեջ չե՞ն կարող ներառվել Ղարաբաղի հուշարձանները։

– Ոչ, որովհետեւ ԼՂՀ-ը միջազգայնորեն ճանաչված չէ, իսկ UNESCO-ն քաղաքական հարցերում շատ զգուշավոր է։

– Վերջերս ձեր վարչությունը միացվեց Մշակույթի նախարարությանը, ինչպիսի՞ հետեւանքներ ունեցավ այդ կառուցվածքային փոփոխությունը։

– Դրականի կամ բացասականի մասին խոսելը վաղ է, որովհետեւ դեռեւս հարաբերությունները մշակված չեն, կառուցվածքային փոփոխությունները, եւ ամենակարեւորը՝ ֆինանսական տարբերակները առայժմ բացատրվում են մի հանգամանքով. պարզ է, որ Մշակույթի նախարարությունը կդժվարանա օպերատիվ կերպով հսկել հուշարձանների պահպանման առօրեական խնդիրները։

– Վերջին տարիներին որակյալ մասնագետների կորուստ չե՞ք ունեցել։

– Իհարկե կորցրել ենք…

– Իսկ ինչպե՞ս պետք է նրանց բերել։

– Միայն ֆինանսավորման միջոցով, ուրիշ ոչինչ։ Ի դեպ, այդ մարդիկ անդառնալիորեն չեն հեռացել։ Օրինակ` վերջերս լուծարված նախագծային ինստիտուտի լավագույն մասնագետներին մենք միավորել ենք ճարտարապետական նախագծային արվեստանոցի ներքո։ Բայց, ճիշտն ասած, այդ նախկին ինստիտուտը արդեն այնքան նախագծեր էր ստեղծել, որ եթե մենք մի քանի տասնյակ տարի ոչ մի նախագիծ չպատրաստենք, եղածը մեզ լիովին կբավականացնի։ Մի խոսքով, ինձ թվում է՝ դժվար շրջանը հետեւում է մնացել՝։

Զրույցը վարեց Արամ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930