Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը չի մասնակցի պետության քայքայմանը

Դեկտեմբեր 07,1995 11:28

Երեկ կայացավ պատգամավորներ-կառավարություն երկրորդ հանդիպումը, որի ընթացքում օրենսդիր մարմինը փորձեց ճշտել իր հարաբերությունները գործադիր կառույցների հետ։ Ի տարբերություն նախորդ հարցուպատասխանների՝ այս դեպքում գերիշխում էին համապետական մտահոգությունները՝ կապված ներքին գործերի, պաշտպանության եւ կազմակերպված հանցագործության հետ։ «Շամիրամ» խմբակցությունից Շողեր Մաթեւոսյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին խնդրեց հրապարակավ հայտնել 1996թ. պետբյուջեի վերաբերյալ պետականության հիմքը հանդիսացող բանակի գնահատականը։ Պաշտպանության նախարարը հավաստեց իրենց միանշանակ կարծիքը. «Այս բյուջեով մենք չենք կարող բանակ պահել»։ Տրամադրված գումարները բանակի ծախսերի կեսն անգամ չեն կարող բավարարել։

Նույն խմբակցության անդամ Նանա Թոգոշվիլին, ելնելով նախորդ դառը փորձից, այս անգամ արդեն հայերեն՝ փոքր-ինչ անհամարձակ, բայց սահուն, խորհրդարանում առաջին անգամ հյուրընկալվող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին առաջարկեց պարզաբանել Մասիսի նավթի բազաներում տիրող իրավիճակը։ Պրն Սիրադեղյանը նշեց, որ կազմակերպված հանցագործության լուրջ նախանշաններ են հայտնաբերված, ուստի բազաները փակ են: Լրացուցիչ տեղեկությունները կարող են  վնասել նախաքննությանը:

Դավիթ Հարությունյանը ՆԳ նախարարի հետ խոսակցությունը տեղափոխեց դեպի օրենսդրական ոլորտ. «Տարածքային կառավարման» օրենքի նախագիծն արդեն մշակված է եւ պատրաստ, սակայն հասարակական կարգին վերաբերող հատվածը շարունակում է բուռն տարակարծությունների տեղիք տալ։ Պահն է, որ ՆԳ նախարարն անձամբ ներկայացնի իրավիճակը։

Վանո Սիրադեղյանը նշեց, որ այս նախագծի նպատակը մեկն է՝ Հայաստանում ստեղծել ներքին գործերի երկու նախարարություն։ Այդ նախարարություններից մեկն այն է, որը ղեկավարում է ինքը, հասարակական կարգի պահպանության գործառույթը տարանջատելուց հետո ՆԳՆ-ին մնում է ողջ անձնակազմի 20 տոկոսը։ Հայաստանի ոստիկանությունում այսօր աշխատում է 15 հազար մարդ, եթե հասարակական կարգի պահպանությունը  բաժանվի ըստ մարզերի, ապա ՆԳՆ կառույցում կմնա ընդամենը 2 հազար մարդ։ Ձերբազատվելով զուտ անձնային նկատառումներից՝ նա ասաց. «Եթե դուք պատկերացնում եք, որ Հայաստանում պետք է լինի 10 մարզ եւ 10 մարզային ոստիկանություն, ապա սխալվում եք, որովհետեւ առանձին նախարարություններ չեն լինի։

Իմ ձեռքի տակ է կառավարության կանոնադրության նախագիծը, որը վերաբերում է մարզերի գծով նախարարի պարտականություններին, որոնք ժամանակավոր են կոչվում։ Բայց, ինչպես իմաստունն է ասում, ժամանակավորից հավիտենական բան չկա»։ Այսպիսով, իրականում լինելու է մեկ նախարար, որը ղեկավարելու է մարզպաններին եւ Երեւանը, գաղտնիքներ չկան. «Բնականաբար, մինչեւ վերջին րոպեն ես պայքարելու եմ, որ Հայաստանում այսպիսի ջանքերով ստեղծված պետական կառույցը երկու մասի չբաժանվի, բայց եթե, այնուամենայնիվ, դա պատահեց, ապա… դա կլինի առանց ինձ։ Պետության քայքայումը սկզբնավորող այս քայլը իմ ներկայությունը չի տեսնի»։

Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա ամբողջ աշխարհում կառավարման բոլոր մեխանիզմները մշակված են, բաց տեղ չկա։ Եթե պետական կառավարման ողջ համակարգը կառուցվում է Ֆրանսիայի օրինակով, ապա ինչու բացառություն կատարել մունիցիպալ ոստիկանության համար, բացառությունները չեն աշխատում, աշխատում է համակարգը։ Ինչեւէ, ՆԳ նախարարը պատրաստ էր պատասխանելու շատ ավելի մեծաթիվ հարցերի, սակայն համոզված էր, որ դրանք չեն հնչելու։

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ սեփականաշնորհման ընթացքում կատարվող անօրինականությունների փաստերին. Հայաստանում ցանկացած մարդ կարող է որոշել եւ միարժեք տիրանալ որեւէ օբյեկտի: Էկոնոմիկայի նախարար Ա. Անդրեասյանը միակ մարդն էր, որ այս փաստը գնահատեց զարմանքով։ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, ՆԳ նախարարության ուժերով այս բնավ ոչ զարմանալի իրողությունները կարելի է կանխել։

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031