Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցության բազեներն ու աղավնիները

Դեկտեմբեր 08,1995 10:47

ՀՅ Դաշնակցության 26-րդ Ընդհանուր ժողովն արդեն ավարտվել է, եւ հայաստանյան պատվիրակներն ու հրավիրյալները վերադառնում են։ Ընդհանուր ժողովի հայտարարությունը տպագրվել է մամուլում, հայտնի է նաեւ նորընտիր Բյուրոյի կազմը։ Ձեւային տեսանկյունից հաղթել է մեկ՝ միացյալ Բյուրոյի գաղափարը, այսինքն՝ երկու կամ ավելի գլխադաս կառույցներ ստեղծելու գաղափարը, որի շուրջ լուրջ խոսակցություններ էին ծավալվել թե՛ ժողովից առաջ, թե՛ ժողովի ընթացքում, չկայացավ։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Դաշնակցության՝ որպես քաղաքական ուժի, կառուցվածքը դարձյալ չի ներդաշնակվում Հայաստանի օրենսդրությանը։ Մենք հանդիպեցինք Բեյրութից նոր վերադարձած ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակից Գեւորգ Խուդինյանի հետ՝ խնդրելով պարզաբանել կուսակցության հայաստանյան թեւի կառուցվածքային կարգավիճակը, ինչպես նաեւ Դաշնակցության մարտավարական գործելակերպը, ՀՅԴ-ի ռազմավարությունը, համաձայն Ընդհանուր ժողովի հայտարարության, մնում է անսասան, բայց մարտավարության տեսանկյունից, ի վերջո, ովքե՞ր են հաղթել՝ մամուլում այդքան հաճախ հիշատակվող «հեղափոխականնե՞րը», թե՞ բարենորոգիչ «լիբերալները»։ Գ. Խուդինյանը՝ որպես վերջին հարցի պատասխան, մեջբերեց Բյուրոյի ընտրություններից անմիջապես հետո արաբական մամուլում տպագրված հոդվածի տողերը. «Բազեների եւ աղավնիների մրցամարտից հետո հաղթեցին աղավնիները»։ Այսպիսով, Դաշնակցությունը խորամուխ է լինում ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի մեջ՝ վերանայելով մարտաշունչ հեղափոխականության առասպելը։ Ընդհանուր ժողովն ընդունել է Դաշնակցության գործելակերպը որոշող բանաձեւեր, որոնք շուտով՝ Բյուրոյի հայաստանյան ներկայացուցիչների վերադարձից հետո, կներկայացվեն շարքերին եւ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է հայաստանյան կազմակերպությանը, ապա նա լինելու է ինքնավար կառույց՝ իր կանոնադրությամբ, համապատասխան գործադիր մարմիններով։ Մոտակա երեք ամսվա ընթացքում գումարվելու է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովը, որի պատվիրակները կընտրվեն Շրջանային ժողովներում։ Գերագույն ժողովը կձեւավորի կուսակցության Գերագույն մարմինը, որն էլ կիրականացնի կուսակցության քաղաքական գիծը։ Ներքին կառուցվածքի մանրամասները՝ 6 Կենտրոնական Կոմիտեությունների հարաբերությունները, կճշտվեն ժողովի ընթացքում եւ կամրագրվեն կանոնադրության մեջ։ Ինը հոգուց բաղկացած Բյուրոն, որտեղ ընդգրկված են Հայաստանից ընդամենը երկու ներկայացուցիչ, փաստորեն, ստանձնելու է վերահսկիչ գործառույթ։ Այսպիսով, Հայաստանում Դաշնակցությունը հետեւելու է մեկ այլ ավանդական՝ ՍԴՀԿ Հնչակյան կուսակցության կառույցին, որը երեւանյան իր վերջին համագումարում ստեղծեց երկու Կենտրոնական վարչություններ՝ առաջինում ընդգրկվեցին կուսակցության ներկայացուցիչներ թե՛ Սփյուռքից, թե՛ Հայրենիքից, որին զուգահեռ գործում է Հայաստանի Կենտրոնական վարչությունը: Ինչպես հայտնի է, ՍԴՀԿ այս կառուցվածքը չի հարուցում իրավապահ մարմինների առարկությունները։ Իսկ երկու Բյուրոների սկզբունքը, Գ, Խուդինյանի համոզմամբ, չէր կարող հաղթել, որովհետեւ Դաշնակցությունը եղել է եւ կլինի համահայկական կառույց։

ՀՅԴ Ընդհանուր ժողովի արդյունքները մեկնաբանում է ՍԻՄ-ի փոխնախագահ Հ. Բաբուխանյանը

Եթե գնահատենք ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովը, ապա պետք է նշել, որ այն հստակություն մտցրեց Դաշնակցության՝ այս վերջին մեկ տարվա քաղաքական կուրսի որոնումների մեջ։ Շեշտում ենք՝ վերջին մեկ տարվա, որովհետեւ այս ժամանակահատվածը նշանավորվեց մեր քաղաքական ղեկավարության՝ Դաշնակցության հանդեպ որդեգրված կարծր դիրքորոշմամբ՝ կուսակցության կրկնական կասեցումը, «Դրոյի» դատավարությունը, քաղաքական ձերբակալությունները, ԱԺ ընտրություններին Դաշնակցության չմասնակցելը։ Այսպիսով, Ընդհանուր ժողովը քաղաքական կուրսի փնտրտուքներից դուրս եկավ մի նոր մարտավարական գործելակերպով, որի մասին առայժմ մենք կարող ենք դատել Ընդհանուր ժողովի հայտարարության տեքստից եւ Բյուրոյի կազմից, այլ փաստաթղթեր դեռեւս չկան։

Առաջին հերթին ուրախությամբ նշում ենք, որ ռազմավարության առումով Դաշնակցությունը մնում է իր դիրքերի վրա՝ վերահաստատելով Հայ Դատի, Պահանջատիրության խնդիրները, ինչպես նաեւ Դաշնակցությունը ճշգրտեց իր սոցիալական հենարանը՝ անապահով խավը եւ միջին սեփականատերերը: Սակայն որոշ զարմանք առաջացրեց այն, որ Դաշնակցության Բյուրոյի կազմում հայաստանյան ներկայացուցիչները ընդամենը երկուսն են, որոնց թվում բացակայում է Վահան Հովհաննիսյանի անունը, անհասկանալի էր նաեւ հայտարարության ոճը. այն բավական փափուկ է նկարագրում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իշխանության հակաժողովրդավարական կեցվածքը՝ ոչ միայն Դաշնակցության, այլեւ ողջ քաղաքական ընդդիմության հանդեպ: Այնուհանդերձ, հուսով ենք, որ Դաշնակցությունը իր հայտարարության այս ոճը չի փոխադրի գործելակերպի վրա։ Դաշնակցությունը ժողովրդի կողմից ընկալվում է որպես ազգային– ազատագրական շարժման դրոշակակիր։ Այսօր մեզ անհրաժեշտ է ազգայնական շարժում, որովհետեւ Հայաստանը գտնվում է օտար ուժերի ազդեցության ոլորտում: ՍԻՄ-ը որպես ազգայնական գաղափարախոսության կրող, հուսով է, որ Դաշնակցությունը կկարողանա ստանձնել այն դերը, որ ժողովուրդը վերագրում է նրան, կկարողանա իրականացնել լեգենդը: Դաշնակցության առջեւ երկու ճանապարհ կար. առաջինը՝ կարծր, կտրուկ դիրք գրավել իշխանությունների հանդեպ, որը անկանխատեսելի էր իր հետեւանքներով եւ երկրորդ՝ որդեգրել այնպիսի իրատեսական գործելակերպ, որը թույլ կտար մի կողմից համապատասխանեցնել Դաշնակցությունը Հայաստանի օրենսդրությանը, մյուս կողմից՝ ստանձնել ազգային-ազատագրական շարժման դրոշակակրի դերը։ Դաշնակցության մարտավարության գործելակերպի վերաբերյալ Ընդհանուր ժողովը մշակել է բանաձեւեր, սակայն կան նաեւ այդ կուսակցության ավանդույթները։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031