Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատի  գործընթաց

Դեկտեմբեր 08,1995 12:57

Արտասահմանյան դիտորդներին ու գործընկերներին անընդհատ զարմանք է պատճառում հայ պաշտոնյաների աշխատասիրությունը: Դրան երկու բացատրություն են տալիս՝ ջահել են եւ զբաղված են հոգեմոտ աշխատանքով։ Մենք չենք էլ նկատում, որ ամենաքչախոս խորհրդարանականից մինչեւ վարչապետը իրենց առանձնասենյակներում մնում են օրվա մեծ մասը, հանգստյան օրեր ու տոներ չեն ճանաչում: Եթե նկատում էլ ենք, ապա ասելու համար՝ իսկ ինչու են շարունակ լռում: Իրոք, մեր պետական այրերը սակավաբառությունը գերադասում են շաղակրատանքից: Նրանք հեռուստախցիկների առջեւ կեցվածք չեն ընդունում, մամուլը չեն լցնում իրենց հարցազրույցներով, միմյանց հետ չեն մրցում պարզ կամ արտառոց ճշմարտություններ բարբառելու հմտությամբ, մի խոսքով, խոսել չեն սիրում:

Ժամանակակից լրագրության թավուտներում ոսկեհատիկ փնտրողներիս համար սա սպանիչ արգելք էր։ Մինչեւ՝ մամուլի գերատեսչական ծառայությունների ստեղծումը, որը հակասական կարծիքների բախման առիթ դարձավ բոլոր նրանց համար, ովքեր սովոր էին հեռախոսային մեկ զանգից հետո հարցազրույց վարել ցանկացած նախարարի հետ եւ բոլորովին սովոր չէին, որ իրենց չհարգեն: Փոխադարձ անվստահության այս մթնոլորտում ծնունդ առան մամուլի կենտրոնները, որոնց գործունեությունը համակարգելու առաքելությունը վիճակվեց մտահղացման հեղինակին՝ Կառավարության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Մանոյանին։ 4 տարի անց նա համոզված է, որ իշխանությունների ներկայացուցիչների եւ լրագրողական բանակի հարաբերությունները կարգավորելու լավագույն միջոցը լրատվական օղակներն են: Նույն պահին էլ ճշտում է՝ եթե իրենց աշխատանքը արդյունավետ են կազմակերպում: Դրա երաշխիքը մամուլի քարտուղարի կամ ծառայության ղեկավարի իրազեկությունն է: Նա յուրաքանչյուր առավոտ պետք է նախարարից կամ էլ համակարգի առաջին դեմքից վերջին իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանա դրա հիման վրա պատրաստի մամուլի թողարկում այն հաղորդի կառավարության համակարգող օղակին, ապա հանձնի բոլոր հետաքրքրվող լրագրողներին։ Այսպիսով կապահովվի պաշտոնական թարմ լրատվության հոսքը մամուլ, ինչպես եւ կստեղծվի վերլուծությունների հավաստի ատաղձ՝ մեկնաբանների համար։

Այս գործոններն ապահովելու համար պահանջվում է պարտականությունների կատարման փութաջանություն, ինչպես եւ լրագրողական անհրաժեշտ մակարդակ։ Պրն Մանոյանի խոստովանությամբ՝ այդ հատկանիշները դժվար է պահանջել ցածր աշխատավարձ ստացող մարդկանցից։

Կառավարության մամուլի ծառայության ղեկավարը տեղեկացնում է, որ ոչ բոլոր նախարարություններն ունեն նման օղակներ։ Մշակույթի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, քաղաքաշինության, տեղեկատվության, սոցապ եւ մյուս նախարարություններին վերաբերող բոլոր տեղեկությունները հավաքում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Այս հանգամանքը, հասկանալի է, դժվարացնում է վերջինիս աշխատանքը, ուրեմն՝ կասկածի ենթարկում սկզբունքի արդյունավետությունը։ Բայց պրն Մանոյանը համոզված է, որ իրենց կհաջողվի հիշյալ նախարարությունում եւս մամուլի կենտրոններ հիմնել, այդպիսով հեշտացնելով թե՛ իրենց, թե՛ լրագրողների գործունեությունը։ Այստեղ միայն մի վերապահում կա. լրագրողները պետք է ձեռնպահ մնան անպայման առաջին դեմքից տեղեկություն ստանալու մտասեւեռումից։ Կարեւորը անձը չէ, այլ լուրի պաշտոնական հավաստիությունը, որը կարող է եւ պետք է ապահովի մամուլի կենտրոնը: Հիշյալ բնագավառի ամրապնդումից հետո գուցե պետական այրերն իրենք էլ սկսեն մամուլին նշանակություն տալ։ Առայժմ մեր ընթերցողների հետ պետք է նպաստենք «ամրապնդման» գործընթացին՝ հավատանք այն բոլոր տեղեկություններին, որոնք մեզ մատուցում է որեւէ նախարարության լրատվական կենտրոն։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031