Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամական հեղափոխությունը եւ ազգային շահերը

Մայիս 15,1998 00:00
iran

Ժամանակակից աշխարհում իսլամական հեղափոխության (այն երեւույթի, որին քաղաքագետները սովոր են իսլամական արմատականություն անվանել) հայտնությամբ են պայմանավորված միջազգային քաղաքական եւ տնտեսական զարգացման միանգամայն բացատրելի գործընթացները, որոնք թվում է, թե երկու հակասական սկզբունքներ են պարունակում։ Աշխարհը մի կողմից քայլ է կատարել դեպի նոր (կամ լավ մոռացված) իռացիոնալիզմի ժամանակաշրջանը, իսկ մյուս կողմից միանգամայն նյութական պատճառն է առկա. իսլամական աշխարհը համոզվեց այն բանում, որ չի կարող հասնել արեւմտյան աշխարհի սոցիալ-տնտեսական մակարդակին, հետեւել նրա սկզբունքներին, արժեքների նրա համակարգին, նրա կենսակերպին։

Բնութագրական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր եւ քաղաքական առաջնորդները մեկ անգամ չէ, որ արտահայտվել են այն մասին, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրները տնտեսական եւ տեխնոլոգիական բարձր մակարդակի են հասել ոչ թե եվրոպեիզմի նմանակմամբ, այլ ընդհակառակը, ուրիշ կենցաղում, հասարակական-քաղաքական կյանքում, արտադրության կազմակերպման մեջ՝ կոնֆուցիոսական փիլիսոփայության գործնական կիրառմամբ։ Իսլամական շատ երկրներում մահմեդականության սկզբունքները տեղ են գտել հասարակական-պետական կառուցվածքի հիմքում. նրանցից շատերում այդ սկզբունքները դատարկ հայտարարություն չեն, այլ քաղաքական ժամանակակից ուսմունք (Լիբանան, Սուդան, Սաուդյան Արաբիա, Պակիստան եւ այլն)։ Սակայն իսլամականության որոշակի ձեւերը, օրինակ, վահաբիզմը, որը ոչ միայն սոցիալական շարժում է, այլ փաստորեն իսլամական կալվինիզմ, որը պուրիտանության հետ մեկտեղ բուրժուական չափազանցված արժեքներն է քարոզում տվյալ երկրներում եւ դարձել է պրոամերիկանիզմի, ատլանտիզմի գաղափարախոսությունը եւ ողջունում է «համաշխարհային նոր կարգուկանոնը»։

Արաբական աշխարհը, ուր իսլամիզմը հսկայական հասարակական-քաղաքական նշանակություն ունի, չի կարող ամերիկականացված ժամանակակից աշխարհի զայրույթի ուժեղ պատճառ դառնալ, ինչպես դա պատահեց Իրանում եւ Պակիստանում։ Եվ բանը այդ երկրի (Սաուդյան Արաբիան պակաս հզոր չէ) մեծության եւ անխոցելիության մեջ չէ, այլ Իրանի ինքնաբավության, որպես ազգային հասարակության, որը հազար տարի հակադրվում է սեմիթական ավանդույթներին, որոնք ժամանակակից աշխարհ են թափանցել բողոքական-հուդայական էթիկայի եւ աշխարհայեցողության տեսքով։ Ինքնաբավությունը սրբազանության արտահայտություններից մեկն է եւ չի կարող փողով գնվել եւ բնորոշվել երկրի չափերով։ Ինքնաբավությունը հատուկ է միայն այն ազգերին, որոնք որոշակի սրբազան ավանդույթների կրողներ են։

Աշխարհում ոչ մի ժամանակակից պետություն չի բնութագրվում այնքան գաղափարայնացված արտաքին քաղաքականությամբ, որքան Իրանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո իրանական իսլամական հեղափոխության սկզբունքները աշխարհում դարձան քաղաքական կարեւոր գործոն։ Իրանի պետությունը վաղուց է որոշել իր էկզիստենցիալ թշնամիներին՝ հանձին ամերիկանիզմի, սիոնիզմի եւ պանթյուրքիզմի։ Որոշակի առումով Իրանի հակառակորդ է համարվում նաեւ Ռուսաստանը, սակայն այդ երկրի թուլացումը, համաշխարհային տերության կարգավիճակի կորուստը, բնականաբար, Իրանի վերաբերմունքը նրա հանդեպ փոխել են։ Դրա հետ մեկտեղ, արտաքին քաղաքականության ուժեղացման պայմաններում իրանական քաղաքականությունը բնութագրվում է տարածաշրջանի մի շարք սուր բախումների հանդեպ դրսեւորած զսպվածությամբ, որը չի կարող չնկատվել։

Այսպես, Իրանը բավականին զուսպ քաղաքականություն էր վարում Անդրկովկասում։ Չնայած առայժմ նրա տնտեսական եւ քաղաքական կապը Ադրբեջանի հետ ավելի աշխույժ է զարգանում, քան Հայաստանի հետ, ղարաբաղյան բախման հարցում Իրանը չգրավեց ընդգծված որոշակի դիրքորոշում, չանցնելով որեւէ մեկի կողմը, այդիսկ միջոցով տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի փոփոխություն չառաջացնելով։ Չեն թուլանում նրա այն ջանքերը, որոնք ուղղված են Ադրբեջանում ունեցած ազդեցության աճին՝ ի հակակշիռ Թուրքիայի։ Ազգային մշակույթի եւ ավանդույթների, ազգային զգացողության, զանգվածների գիտակցության մեջ քաղաքական նացիոնալիզմի նշանակության գիտակցությունը, ազգայնականության հիմքի վրա տնտեսության ձեւավորումը Իրանում հնարավոր եղավ միայն շնորհիվ այն բանի, որ իրանական վերնախավը իրենից ներկայացնում է թաքնված իսլամական վերնախավ՝ ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի երկրների պետությունների ներկայացուցիչների։

Ժամանակակից իսլամական աշխարհը եւ հայերը Իսլամական կառավարիչների հետ հայերի գիտակցության մեջ ամենաբացասական զուգորդություններ են կապվում, քանզի ավելի քան 1300 տարի իրենց ազգային ինքնությունը պահպանել են հենց իսլամական կայսրությունների դեմ մղած պայքարում։ Թուրքիայում եւ Ադրբեջանում 20-րդ դարի հայոց ցեղասպանությունը իրականացվում էր հիմնականում իսլամական կարգախոսներով։ Սակայն ժամանակակից աշխարհում իսլամիզմը ավելի է դառնում ատլանտիզմին հակասող գաղափարախոսություն, որի բաղկացուցիչ մասերն են կազմում Թուրքիան եւ նրա քաղաքական ու էթնիկական շարունակությունը՝ Ադրբեջանը։

Իսլամիզմը ավելի ու ավելի է դառնում եվրասիական ազգությունների գաղափարախոսությունը։ Դա առաջին տեսակետն է։ Մյուս ոչ պակաս կարեւոր հանգամանքը Հայաստանի հայերի համար հանդիսանում է այն, որ իսլամիզմը իրանական պետության ամբողջականության պահպանության կարեւորագույն պայմանն է, որի փլուզումը էթնիկական տեսակետից բառացիորեն աղետ կդառնա Հայաստանի համար։ Այն շրջանում, երբ Լիբանանի հայերը մարոնիտ-քրիստոնյաների հարձակման օբյեկտ դարձան, հենց Իրանի կառավարության միջամտությունն էր, որ չթույլատրեց նրա կրկնությունը Լիբանանի շիիթական իսլամական կազմակերպությունների կողմից։ Իրանի զուսպ քաղաքականությունը նույնպես Ադրբեջանին չթույլատրեց Հայաստանի դեմ միասնական իսլամական ճակատ ստեղծել, եւ այդ պատճառով էլ ղարաբաղյան պատերազմում մոջահեդների մասնակցությունը սահմանափակվեց, թեեւ Իրանը կարող էր ավելի վճռական դեր խաղալ տվյալ միջամտության մեջ։

Համենայնդեպս, ո՛չ Իրանը, ո՛չ էլ տարածաշրջանի մյուս երկրները շահագրգռված չեն այդ պատերազմը կրոնականի վերածել։ Իսլամական երկրների ընդհանուր անկայունությունը այն բանին հանգեցրեց, որ վերջին 12 տարվա ընթացքում այնտեղ հայերի թվաքանակը 1 մլն 500 հազարից իջավ 500 հազարի (ԱՊՀ երկրների հետ մեկտեղ)։ Սակայն հարկ է հիշել, որ, զանազան տվյալների համաձայն, Թուրքիայում 400 հազարից մինչեւ 1 մլն հայ-մահմեդականներ են բնակվում, որոնք սերտորեն կապված են իսլամական շիիթական ողղությունների հետ։ Հայ առաքելական եկեղեցու բացասական վերաբերմունքը հայ-քաղկեդոնականների, հայ-կաթոլիկների եւ հայ-մահմեդականների նկատմամբ հանգեցրեց միլիոնավոր հայերի օտարմանը ազգային արմատներից։ Հայերը, ինչ կրոն էլ ընդունած լինեն, որոշակի հանգամանքների բերումով, մշտապես պահպանում են իրենց ազգային ինքնագիտակցությունը եւ արիական խոր ավանդույթները։ Այդ պատճառով էլ տվյալ հիմնահարցը պետք է հայոց հասարակայնության եւ պետության ուշադրության առարկան դառնա։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031