Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն փորձում է պարզել, թե ինչպես է TV-ն ծախսում փողերը

Հունիս 05,1998 16:19
Hamlet Gasparyan

Դեռ մարտի 26-ին էր Խոսրով Հարությունյանը հանձնարարել ԱԺ վերահսկիչ պալատին՝ ուսումնասիրել պետական քարոզչության իրականացման նպատակով պետբյուջեից հեռուստատեսությանը տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանից տեղեկացանք, որ իրենց եզրակացությունը կներկայացվի այս ամսվա վերջին։ Իսկ մինչ այդ, ըստ սահմանված կարգի, նա պարտավոր էր ձեռնպահ մնալ մեկնաբանություններից։

Խիստ պաշտոնական

Փոխարենը բավական նյութ կա եզրակացություններ անելու համար, թե ինչպես էր ծագել հեռուստատեսության համար նման աննախադեպ հաշվեքննության գաղափարը։ Մի առիթով Խոսրով Հարությունյանն անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե դժգոհ է պետական լրատվամիջոցներում ԱԺ-ի աշխատանքների լուսաբանման մակարդակից։ Նաեւ հայտնեց, որ իր այդ դժգոհությունները փոխանցել է ոչ միայն հեռուստատեսության ղեկավարությանը, այլ նաեւ հանրապետության նախագահին։

Նույն մարտի 26-ին ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ շեշտվել էր այդ պատշաճ լուսաբանման անհրաժեշտությունը։ Արձանագրվել էր, որ օրենսդրական կարգավորման կարիք ունեն «տեղեկատվության բնագավառում պետպատվերի ձեւավորումը», ինչպես նաեւ հեռուստաընկերությունների կառավարման համակարգը («ՀՀ», 27 մայիսի)։

Միջանկյալ

Քանի որ այս խորհրդակցությունը ընտրարշավի շրջանում էր անցկացվել, ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Համլետ Գասպարյանից նախ հետաքրքրվեցինք, թե գուցե այդ ժամանակ քարոզչության համար ինչ-ինչ գումարնե՞ր էին հատկացվել, որոնց ծախսման անարդյունավետությունն էլ հանգեցրել էր նման ուսումնասիրության անհրաժեշտության գաղափարին։ «Ոչ մի գումար հեռուստատեսությանը չի հատկացվել՝ անգամ պետբյուջեով սահմանվածը։

Ընտրությունների ընթացքում մենք նույնիսկ խոշոր վնասներ ենք կրել»,- բողոքեց պրն Գասպարյանն ու մանրամասն պատմեց, թե ինչպես է մարտի 29-ին ուժեղ քամու պատճառով իրենց ռելեն ԿԸՀ-ի վրա ընկել, սույնով տասնյակ հազարավոր դոլարների վնաս պատճառելով, որը չի փոխհատուցվել։ Ի դեպ, մինչ այժմ կառավարությունը թեկնածուներին անվճար հատկացված 90 րոպեների համար էլ չի վճարել եւ հեռուստատեսությունն ընտրությունների լուսաբանման ծախսերը կարողացել է փակել միայն թեկնածուների վճարովի եթերից ստացած գումարների հաշվին. «Եվ այդ օրերին մենք ասում էինք, թե ինչո՞ւ են նրանք 12-ը եւ ոչ 24-ը»։

«Բոլորը համոզված են, որ ժողովուրդն իրենց հրեշտակային կերպարանքները պիտի անպայման տեսնի»

Ի վերջո, նման հաշվեքննության ենթադրյալ պատճառների վերաբերյալ Համլետ Գասպարյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Պետական պաշտոնյաներն ուզում են, որ իրենց գերատեսչական գործունեությունն անընդհատ լուսաբանվի հեռուստատեսությամբ։ Գերատեսչական միջին օղակների միջամտությունները հեռուստատեսության աշխատանքին բավական հաճախակիացել էին։ Եվ ես բազմիցս, այսպես ասած, սուր զրույցներ եմ ունեցել այդ պաշտոնյաների հետ։ Չեմ ուզում անուններ տալ, բայց պարզ է, որ դա պետք է նրանց դժգոհությունը հարուցեր։ Եվ պետական պաշտոնյաներից մի քանիսը նույնիսկ սպառնում էին, թե այդ դեպքում կստուգեն, թե ինչ ենք մենք անում պետպատվերային ժամերին։ Նրանցից ոմանք համոզված են, թե այդ պետպատվերը հատկապես իրենց համար է՝ պետությունը վճարում է, որ իրենք խոսեն։

Իմ կարծիքով, այդպես չէ։ Եվ հեռուստատեսությունը հավասարաչափ թե՛ նախարարինն է, թե՛ թոշակառուինը, ուսուցչինը կամ այլ հարկատուներինը, որոնց միջոցներով եւ գոյանում է պետբյուջեն»։ Հեռուստաընկերության ղեկավարը դարձյալ մանրամասնեց՝ մատնանշելով իրենց կարգավիճակի անհստակությունը, բազմաթիվ կախվածությունները՝ ֆինանսները, տրանսպորտը, այլեւայլ միջոցները միջնորդավորված, այլ ձեռնարկությունների միջոցով են ստանում։

«Մենք կարգավիճակ չունենք։ Հեռուստատեսությունը չի կարող համառել, դիմադրել, պոզեր հանել՝ մեզ ուղղակի կկարգադրեն եւ կհանեն նրան, ով չի կատարի։ Այս 10 ամիսը ես անընդհատ փորձել եմ շտկել առկա վիճակը, որ հեռուստատեսությունը ձեռք բերի մասնագիտական, ֆինանսական, վարչական, տնտեսավարման ինքնուրույնություն։ Առանց դրանց չի կարող հեռուստատեսություն լինել, անհնարին է։ Հեռուստատեսության գլխին հազար հատ «սապոգ» չպիտի լինի։ Մեր այս թույլ դիրքը շահագործվում է եւ մյուսների «մարտնչող» միջամտությունները հակասություններ են առաջացրել»։ Կարծում ենք, որ Համլետ Գասպարյանի այս պարզաբանումները բավական թափանցիկ ակնարկներ են, որ պարզ լինի, թե ինչու հարկային տեսչությունից զատ՝ մեկ էլ ԱԺ-ն որոշեց հեռուստատեսության գործունեությունը մի հատ քննել։

Հաշվո՞ւմ եք, հաշվե՛ք

Ի դեպ, ֆինանսական միջոցները հեռուստատեսությանը տրամադրում է տեղեկատվության վարչությունը։ Եվ տրամաբանական հարց է թվում, թե ինչո՞ւ ԱԺ վերահսկիչ պալատը չի ստուգում հենց վարչության նպատակային գործունեությունը։ Սակայն մայիսի 5-ից սկսած ստուգումները վերաբերել են ոչ միայն պետբյուջեից հատկացված գումարներին։ «Մանրակրկիտ կերպով ստուգվում է ամեն ինչ՝ առեւտրային գործունեությանը, գովազդային ծառայություններին վերաբերող բոլոր պայմանագրերը,- պատմեց Համլետ Գասպարյանը,- ընդհուպ մինչեւ պահանջում են գեղարվեստական նիստի որոշումները։ Այսինքն, ամենայն մանրամասնությամբ ստուգվում է հեռուստատեսության գործունեությունը»։

Առհասարակ պարոն Գասպարյանն անհանգիստ մարդ է, բայց այս դեպքում պնդեց, թե բացարձակ հանգիստ է. «Վերջերս մի անգամ միամտություն ունեցա ասելու, որ իմ ուժեղ կողմը հեռուստատեսության գովազդային գործունեությունն է, որտեղ եկամուտների շատ հստակ աճ կա։ Սա պատճառ դարձավ, որ անմիջապես բամբասանքներ սկսվեն, թե հենց այստեղ խախտումներ կան։ Բայց չեմ պատրաստվում հավաստիացումներ անել, թե այդ ամենն, իրոք, օրենքի սահմաններում է։ Այդ գործունեությունը թափանցիկ է բոլորի համար, որեւէ գաղտնիք չկա՝ կարող են գալ եւ ստուգել ու կհամոզվեն, թե մեր գործունեությունն ինչպիսին է»։

Եվ վերջում՝ եւս մի փաստ։ Խոսրով Հարությունյանի եւ Համլետ Գասպարյանի հանդիպումներից մեկի ժամանակ պայմանավորվածություն է եղել խորհրդարանի գործունեության մասին հաղորդաշար սկսելու վերաբերյալ։ ԱԺ նախագահն իր խորհրդականին հանձնարարել է ծախսերի նախահաշիվ կազմել։ Ու մինչ այժմ հեռուստատեսությունում պատասխանի են սպասում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930