Լրահոս
Օրվա լրահոսը

Ադբաշյան+4

Հուլիս 31,1998 00:00
Xosrov Harutyunyan

Ինչո՞վ է բացատրվում քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Դ. Ադբաշյանի ձերբակալումը եւ հեռացումը պաշտոնից. պարզաբանում է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Ես կարծում էի, որ սա այն նյութն է, որ չէր կարող այսչափ դառնալ քննարկման առարկա. ես նկատի ունեմ այն, որ վերջին ժամանակներս փորձում են այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա։ Ինչեւէ։ Պետք է մտովի տեղափոխվեք 92 թվական։ Այլապես չեք կարող ճիշտ ընկալել այն պրոցեսը, որ սկսվել էր։ Ապա հիշե՛ք 92 թվականը, երբ մենք լրիվ շրջափակման մեջ էինք։ Երբ մեր միակ հույսը արտաշխարհի հետ կապվելու՝ մնացել էր ավիացիան։ Երբ մենք այդ ավիացիայի ոլորտում բացառապես հայտնվել էինք քաոսի առջեւ, երբ գործարարների հետ (երբ որ ինքնաթիռով բեռ էին բերում Հայաստանի Հանրապետություն) ներքեւից, կներեք այս խոսքիս համար, բազար էին անում (կամ սակարկում էին)՝ «ինչքան կվճարեք, որպեսզի թույլ տանք՝ դուք իջնեք ներքեւ»։ Երբ շարժասանդուղքի մոտ օդաչուն ինքը «քյաշ» փող էր վերցնում, որպեսզի մարդիկ նստեին օդանավ։ Երբ օդանավերը թռչում էին ոչ միայն նստածներով, այլեւ կանգնածներով, այլեւ տուալետներում նստածներով։ Երբ օդանավերը կարողանում էին թռիչքային ուղու ամենավերջին սալիկից վեր բարձրանալ, որովհետեւ գերծանրաբեռնված էին։ Երբ «Զվարթնոց» օդանավակայան իջնող բեռին տիրանում էին ավիացիոն անվտանգության ծառայության գործակալները, որոնք հարեւան գյուղի բնակիչներն էին՝ ավտոմատներով։

Ահա այս պայմաններում էր գտնվում Հայաստանը։ Այս պայմաններում էր, որ ամեն գրամ կերոսինի համար հաշվարկ էինք տալիս, ամեն գրամ կերոսինի համար կռիվ էինք տալիս, բայց եւ միաժամանակ պարզվում էր, որ այս պայմաններում որեւիցե մեկը ինքնաթիռով, երեք հոգով, կարող էր թռչել Աթենք՝ 2 ժամով, հետ գալ։ Այս պայմաններում է եղել մեր որոշումը, որ քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը չէր տիրապետում իրավիճակին։ Եվ նման իրավիճակի հետագա շարունակումը ուղղակի հղի էր կատաստրոֆաներով։ Երբ պարոն Ադբաշյանը նոմինալ համարվում էր այդ կառույցի ղեկավարը, իրականում այն բոլորովին այլ մարդիկ էին ղեկավարում, որոնք նույնիսկ նստած էին իր հարեւանությամբ՝ չունենալով այդ իրավունքը։

Երբ օդաչուների ճնշող մեծամասնությունը չէր թռչում. նրանց հատուկ վարձավճարի պայմաններով էին թույլ տալիս թռչել։ Կային սիրելի օդաչուներ, որոնք անընդհատ էին թռչում, կային օդաչուներ, որոնք ամիսը մի անգամ պետք է թռչեին, եւ այդ թռիչքի ընթացքում նրանք պետք է փորձեին աշխատել այնքան անօրինական ճանապարհով վաստակ, որպեսզի կարողանային իրենց տունը պահել։ Սրա մասին է եղել խոսքը։ Ի՞նչ բարեփոխումներ. հիմա են էդպես բաներ խոսում։ Սա է եղել պատճառը, որ Ադբաշյանը հեռացվել է, եւ ճիշտ է արվել, որ նա հեռացվել է։ Ընդ որում՝ հեռացվել է ոչ միայն նա, նրա հետ հեռացվել են եւս չորս հոգի, որոնք ուղղակիորեն պատասխանատվություն են կրում այդ իրավիճակի համար։ Ի դեպ, նրա հեռանալուց հետո, ինչպես փորձում են ինձ վերագրել, նշանակվել է իմ կողմից ոչ թե Շահեն Պետրոսյանը (գոնե թող հիշողությունները վերականգնեն), այլ Յուրի Մնացականովը, որն առ այսօր ամբողջ ավիացիայի աշխատողների կողմից դիտվում եւ գնահատվում է որպես ավիացիայի կազմակերպման լավագույն գիտակ, որին, ցավոք սրտի, իմ դուրս գալուց հետո անմիջապես հեռացրին։ Ի դեպ, այն քրեական գործը, որ հարուցվել էր, ինձ պաշտոնանկ անելուց հետո անմիջապես կասեցվեց։

Եվ վերջին հաշվով, թող բոլորը հարցնեն պարոն Ադբաշյանին. երբ ես նրան հեռացնելուց մեկ օր առաջ, գիշերը, հրավիրում էի ինձ հետ զրույցի, որտե՞ղ էր նա գտնվում։ Նա ձեզ կպատասխանի՝ Դուբայում։ Երեք հոգու իր ԻԼ-76-ով հասցրել էր Դուբայ։ Այնպես որ, շատ բաներ կան, որոնց մասին պետք չէ խոսել. ես ընդհանրապես հեռու եմ որեւէ մեկի վրա ցեխ շպրտելուց։ Ես չեմ ժխտում պարոն Ադբաշյանի վաստակը ավիացիայում, բայց դրանից չի՞ հետեւում, որ ցանկացած իրավիճակում նա կատարյալ ղեկավար էր, դրանից չի՞ հետեւում, որ նրան հաջողվել էր այդ ընթացքում իրավիճակը շտկել։ Սրանք են եղել դրդապատճառները, որ նա հեռացվել է աշխատանքից։ Եվ նորից եմ կրկնում. ճիշտ է արվել, որ հեռացվել է։ Նրա հետագա աշխատանքն այդ ոլորտում վտանգելու էր՝ ընդ որում, պարզ չէ, թե ինչով մենք կավարտեինք այդ ամենը»։

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031