Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԻՄԱ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ»

Օգոստոս 25,1998 00:00
Petros Ter-Ptrosyan

Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցի առիթը դարձավ մեր թերթի օգոստոսի 13-ի համարում «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ Ռոբերտ Քոչարյանի այցելության մասին հրապարակումը։ Սակայն զրույցը նաեւ ծավալվեց ինչպես Պետրոս Տեր-Պետրոսյանի գործունեության, այնպես էլ այդ կապակցությամբ շրջող ասեկոսեների եւ այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ Պետրոս Տեր-Պետրոսյանն իրենից 4 տարով փոքր եղբոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, մեր տպավորությամբ, ավելի աշխույժ ու մարդամոտ էր։ Իր սենյակում էլ փակցված էր կրտսեր եղբոր մեծադիր լուսանկարը։

Դա ոչ թե «անցել» է, այլ ընդհանրապես չի՞ եղել

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի այն դիտողությունից հետո, թե «Հայմարմարգրանիտի» տնօրենի համար «սեփականաշնորհման ընթացքում լուրջ խնդիրներ էին ստեղծվում։ 1,5 տարուց ավելի երկար ժամանակ լուրջ խանգարում էին։ Տարբեր շահերի բախումների խնդիր կար։ Վերջիվերջո հարցը կարգավորվեց», մենք փորձել էինք ճշտել, թե արդյոք այս ակնարկները Գալուստ Գամազյանին եւ Պետրոս Տեր-Պետրոսյանին չէին վերաբերում եւ եթե «Հայմարմարգրանիտի» տնօրենը կտրուկ հերքել էր՝ «Նրանք մեզ հետ կապ չեն ունեցել», ապա հանրապետության նախագահը կասկածը որոշակիորեն խորացրել էր իր «Դա անցել է» պատասխանով։

Ահա թերասածությունը փարատելու համար էլ Պետրոս Տեր-Պետրոսյանը մեզ մանրամասն պարզաբանումներ ներկայացրեց, որ «Հայմարմարգրանիտն» ընդհանրապես չի եղել քաղաքաշինության կամ նախկին շինարարության նախարարության համակարգում, որտեղ շուրջ 40 տարի աշխատել է Պետրոս Տեր-Պետրոսյանը։ «Ես այդ ձեռնարկության հետ ընդհանրապես գործ չեմ ունեցել, բայց անձնական լավ փոխհարաբերություններ եմ ունեցել տնօրենի հետ»:

Իսկ ընդհանրապես կապ ունի՞ շինանյութերի արտադրության հետ

«Շինանյութերի արդյունաբերությունը սովորաբար խառնում են շինվածքների արտադրության հետ։ Դա է պատճառը, որ ինձ շատ դեպքերում վերագրում են շինանյութերի արտադրությունը, որի հետ ես ընդհանրապես գործ չեմ ունեցել»,- պարզաբանեց նա։ Խառնաշփոթի պատճառը բացահայտելուց հետո վերջապես ներկայացնենք, թե ինչ պատմեց Պետրոս Տեր-Պետրոսյանը սեփական գործունեության մասին։

Դպրոցն ավարտելուց հետո քարտաշ-որմնադիր է աշխատել։ Կիեւյան փողոցի շենքերը նաեւ նրա ձեռքի գործն են։ Տեխնիկումը եւ ինստիտուտը ավարտելուն զուգահեռ միշտ աշխատել է. «Եվ բանվորից հասել եմ շինարարության կառավարման տարբեր պաշտոնների»։ 1992-ի մայիսին շինարարության նախարարությունում ստեղծվել էր արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր վարչություն, որի պետը Պետրոս Տեր-Պետրոսյանն էր։ Նա ղեկավարեց նաեւ 1993-ի դեկտեմբերից ստեղծված «Շինինդուստրիա» լիազորագրային կառավարման պետական ձեռնարկությունը (հոլդինգ), որի կառավարմանն էին հանձնվել քաղաքաշինության նախարարության արդյունաբերական 23 ձեռնարկությունները։ Հիմնականում երկաթբետոնե շինվածքներ, գաջ, փայտե դռներ ու պատուհաններ եւ նման արտադրանք տվող ձեռնարկություններ էին։ 1993-97-ի ընթացքում Պետրոս Տեր-Պետրոսյանի կողմից կառավարվող ձեռնարկությունների արտադրանքի աճ է արձանագրվել։

3-ը համատեղ ձեռնարկություններ էին (եւ առաջին ՀՁ-ն «Հանթսման-Հայաստանն» էր, որը ստեղծվել էր Պետրոս Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ)։ Մնացած բոլորն այժմ սեփականաշնորհված են. «Եվ մենք, նախարարի հետ միասին, օգնել ենք, որ կոլեկտիվներին սեփականաշնորհվեն այդ 20 ձեռնարկությունները։ Նման քաղաքականությունը կանխեց ճյուղի ունեցվածքի քայքայումը, փոշիացումը եւ այն ամբողջովին պահպանվեց մինչեւ այսօր։ Այսօր այդ բոլոր ձեռնարկություններն էլ աշխատում են՝ ճիշտ է 20-50% հզորությամբ, քանզի այսօր շինարարության պահանջները փոքրացել են, երկաթբետոնե շինվածքներն էլ առայժմ չենք կարողանում արտահանել»։

Ինչեւէ, 1998-ի հունվարի 1-ին լիազորագրային կառավարման պետական ձեռնարկությունը լուծարվեց. «Մենք այլեւս անելիք չունեինք։ Եվ սա երեւի միակ դեպքն է, որ լուծարումը ղեկավարի նախաձեռնությամբ լինի։ Ես էլ այլեւս պետական աշխատանք չեմ կատարում»։

Ներկան անցյալի շարունակությունն է

Այդ 20-25 ձեռնարկությունները կապված էին իրար հետ, մեկը մյուսին օգնում էր դրամական եւ այլ միջոցներով՝ մեկի արտադրանքն օգտագործվում էր մյուսի ձեռնարկությունում եւ այլն։ «Շինարդյունաբերության ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացի ժամանակ համակարգի պահպանման եւ զարգացման նպատակով այժմ նախաձեռնողների խմբով եւ գործարանների մի քանի տնօրենների հետ միասին «Շինինդուստրիա» ՓԲԸ ենք ստեղծել։ Սեփականաշնորհված խոշոր բաժնետիրական ընկերությունների հետ կամավոր հիմունքներով, պայմանագրային հարաբերությունների մեջ ենք։ Մենք առաջարկում ենք թողարկվող արտադրանքի որակի սերտիֆիկացում եւ վաճառք, շինանյութերի ձեռք բերում, դրսից մետաղների ներկրում, մարքեթինգ, հաշվապահական հաշվառման նորույթների նեդրման օժանդակում եւ այլն»։

Պետրոս Տեր-Պետրոսյանը նաեւ դասախոսում է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, դոցենտ է (պատրաստվում է դոկտորականը պաշտապնել), մասնագիտական գրքեր, դասագրքեր է գրում, «Տեղեկագիր Հայաստանի շինարարների» ամենամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է եւ վերջապես՝ Հայաստանի շինարարների ասոցիացիայի նախագահը։

Միամիտ հարց՝ անակնկալ պատասխանով

Այն, որ իր եղբայրը հանրապետության նախագահն էր՝ ավելի շատ օգնո՞ւմ էր իր աշխատանքներին, թե՞ խանգարում։ Չհասցրինք այս հարցն անգամ ավարտել՝ Պետրոս Տեր-Պետրոսյանն անմիջապես արձագանքեց. «Ինձ խանգարում էր։ Մենք ավելի զուսպ էինք։ Նրա ամեն մի սխալը (եթե դա իրոք սխալ էր) ինչ-որ կերպ մեզ էլ էր վերագրվում եւ հակառակը։ Այն ժամանակ իմ դռան դիմաց հարյուրավոր մարդիկ կային, ամեն մեկին փորձում էինք օգտակար լինել։ Բայց չենք միջամտել ոչ մեկի համար։ Մեր գերդաստանից ոչ մեկն առաջխաղացում չի ունեցել։ Ես իմ պաշտոնին եմ եղել։ Ողորմած մեծ եղբայրս իր պաշտոնին է եղել։ Ոչ մեկը չի կարող ասել, թե Տեր-Պետրոսյան Պետրոսը չի աշխատել։ Աշխատանքային գրքույկիս մեջ պարզ գրված է եւ չեմ էլ ամաչում, որ ես իրոք քարտաշ-որմնադիր եմ եղել եւ բանվորի տղա։ Ես հիմա ինձ ավելի ազատ եմ զգում»։

Առանձնատուն, «Արաքս» եւ… էլ ոչի՞նչ

Այս ամբողջ ընթացքում հատկապես Պետրոս Տեր-Պետրոսյանին անձնական ահռելի հարստություն է վերագրվել՝ առանձնատուն, շքեղ խանութներ (ասենք՝ «Օջախը»), բենզալցման կայաններ, խոշորածավալ բեռնափոխադրումներ եւ այլն։ Հետաքրքրվեցինք, թե իրեն հասնո՞ւմ են նման ասեկոսեներ. «Հասել են։ Ես դրանց ոչ մեկին պատասխան չեմ տվել, չեմ էլ տա։ Ասողները թող տանեն ցույց տան։ Այդ հարստության 75%-ը պատրաստ եմ իրենց տալ, եթե կա։ 25%-ն էլ սոցիալապես անապահով մարդկանց կտամ։ Այո, չեմ ժխտում, իմ տղան «Արաքս» բենզալցման կայանի 4 բաժնետերերից մեկն է։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Մեծ տղաս ֆուտբոլիստ է եղել։ Ինչո՞ւ չպիտի ունենար։ Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ հայրը տղայի գործունեության համար պատասխանատու չէ։ Նա իրավունք ունի։ Ես էլ ունեմ՝ ազատ երկիր է եւ ամեն մեկն էլ կարող է բիզնեսով զբաղվել։ Չի բացառված, որ այժմ ես էլ բիզնեսով զբաղվեմ։ 40 տարվա շինարար եմ, ինձ համար տուն եմ կառուցել։ Պարտավոր էի կառուցել՝ ընտանիքս բազմանդամ է՝ 10-12 հոգի ենք թոռներիս հետ միասին։ Եթե ես չկառուցեի՝ չէի՞ն ասի, էլ ի՜նչ շինարար է։ Իմ տան քարերն ինքս եմ հիմնականում շարել։ Հիմա էլ ես ամեն օր ֆիզիկական աշխատանք եմ կատարում։ Թող գնան, ստուգեն, թե անցած 8-9 տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանները մաքսատներով ինչքա՞ն ապրանք են բերել։ Պատրաստ ենք դրան պատասխանել։ Եթե մեկ կոնտեյներ լինի՝ թող ասեն, որ այսքան ապրանք եք բերել կամ վաճառել»։

Շինարար նիխտ պոլիտիկա

Պետրոս Տեր-Պետրոսյանն իսպառ հրաժարվում էր քաղաքականությանն առնչվող հարցադրումներին պատասխանել. «Քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ ուզում զբաղվել։ Մյուս կողմից էլ, ես զբաղվել եմ քաղաքականությամբ, քանի որ կարողացել եմ իմ աշխատանքով այնպես անել, որ մեր բնագավառը հետ չմնա, առաջինը լինի (այդ փաստերը կան)՝ միգուցե դրանով նպաստել եմ մեր երկրի անկախության կայացմանը։ Իսկ մնացած հարցերն ինձ չեն հետաքրքրում»։ «Շինինդուստրիան» նույն վայրում է, որտեղ եւ որոշակի վերանորոգումից հետո կտեղավորվի Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը։ Հետաքրքրվեցինք, թե Պետրոս Տեր-Պետրոսյանը չի՞ զգուշանում այդ վտանգավոր հարեւանությունից՝ նկատի ունենալով եղբոր առանձնատան ուղղությամբ արձակված կրակոցները. «Ես 2 հարկ վերեւ կբարձրանամ՝ այս հարկը կառավարության որոշումով տրված է նախկին նախագահին։ Իսկ ընդհանրապես, 8 տարի չենք վախեցել՝ հիմա էլ չեմ վախենում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31