Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿԾԱԽՍԵՄ, ԲԱՅՑ ԷԴ ԿՆԳԱ 200 ԴՈԼԱՐԸ ՉԵՄ ՏԱ»

Սեպտեմբեր 10,1998 00:00
buh

Ասում է չարտոնագրված Հայոց ազգային համալսարանի ռեկտորը

Մեր օրերում բարձրագույն ուսուցման կրթօջախների ստեղծումը ինչ-որ տեղ նաեւ դասվում է շահութաբեր ձեռնարկատիրական գործունեության (բիզնեսի) շարքին։ Ընդ որում, պարզվում է, որ հանրապետությունում, բացի 80 արտոնագրված բուհերից, գործում են նաեւ չարտոնագրված բիզնես-կրթօջախներ։ Կա պահանջարկ, ինչո՞ւ չօգտվել դրանից եւ մի քանի դասատուներով համալսարան չհիմնադրել, այն էլ Հայոց ազգային համալսարան բարձրագոչ անվանումով։ Վերջինս իր «անլեգալ» գործունեությունը սկսել է ծավալել 1995 թվականից, նախապատրաստական բաժանմունքի ստեղծումով, իսկ 1996 թ. սեպտեմբեր ամսից համալսարանի տարբեր բաժիններում կատարել է առաջին կուրսեցիների ընդունելություն, յուրաքանչյուր ուսանողից «ընդամենը» 400 դոլար վարձավճարի գանձումով։

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ մեր «անլեգալ», չարտոնագրված համալսարանի գոյության մասին իմացան պետական համապատասխան մարմինները։ Ոմանք կարող են կարծել, որ «մեղավորները» հարկային տեսչության աչալուրջ աշխատակիցներն են, «ստվերային» տնտեսության դեմ անձնազոհ մարտի ելած քաջամարտիկները։ Սակայն սույն ոդիսականը խոսում է ճիշտ հակառակ երեւույթի մասին։ Արտոնագրումից եւ պետական հարկեր վճարելուց խուսափողների հովանավորի դերում, պարզվում է, որ կարող է հանդես գալ նաեւ հարկային տեսչությունը, ինչ-որ տեղ նաեւ հանրապետական դատախազությունը։

Իսկ «անլեգալ» բուհի բացահայտումը տեղի ունեցավ 1997 թ. աշնանը, միանգամայն «անշառ» հանգամանքներում։ Ասյա Բորոյանը, որը միայնակ երեք երեխա է մեծացնում, Սոցապ նախարարությունից «Հարություն» գիտակրթական ասոցիացիայի Հայոց ազգային համալսարան տեղեկանք էր ներկայացրել, որ իր աղջիկը՝ Ագնեսա Բորոյանն օգտվում է անվճար կրթություն ստանալու իրավունքից։ Համալսարանի ռեկտոր Կ. Վ. Հարությունյանն այդ տեղեկանքի վրա անմահացրել էր 40% զեղչով վարձը վճարելու թույլտվության մակագրությունը, միաժամանակ, 10.9.97 թ. թիվ 4 տեղեկանքով ստոմատոլոգիական 2-րդ կուրսի ուսանողուհի Ագնեսա Բորոյանին ներկայացնում է որպես «վարձ չվճարող»։

Ռեկտորի համառ պահանջներից եւ սպառնալիքներից հետո ուսանողուհու մայրը ստիպված մոտ 200 դոլարի պարտք է հայթայթում եւ կատարում ուսումնական առաջին տարվա մուծումը (պարտք մնալով 40 դոլար)։ Առաջին կուրսի քննությունները Ագնեսա Բորոյանը հաջողությամբ հանձնում է եւ տեղափոխվում 2-րդ կուրս։ Սակայն ռեկտոր Հարությունյանը նրանից պահանջում է տարվա սկզբից մուծել ուսման վարձը։ Մայրը ռեկտորին խնդրում է համբերել, մինչեւ ինքը կվաճառի քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանը եւ հնարավորություն կունենա մուծել երեխայի ուսման վարձը։ Պրն Հարությունյանը նրան բացատրում է, որ ինքը յուրաքանչյուր ուսանողի համար հարկ է վճարում եւ թող ինքը դիմի հարկային տեսչություն եւ պահանջի, որ համալսարանից իր երեխայի համար հարկ չգանձի։

Ասյա Բորոյանը ռեկտորի ասածը լուրջ է ընդունում եւ դիմում հարկային տեսչություն։ Հոկտեմբերի 1-ի հրամանով վարձը չվճարելու պատճառաբանությամբ նրա աղջկան հեռացնում են։ Հարկայինում Բորոյանին հայտնում են, որ իրենց մոտ այդպիսի համալսարան գրանցված չէ եւ իրենք այդ հաստատությունից ոչ մի հարկ էլ չեն գանձում։ Խորհուրդ են տալիս դիմել Արտոնագրման ծառայություն։ Այստեղ եւս պարզվում է, որ 1997 թ. տվյալներով գրանցված 76 մասնավոր բուհերի մեջ բացակայում է նշված համալսարանի անունը, որը արտոնագիր չունի եւ ինքնակոչ բնույթ է կրում։ Իհարկե, ե՛ւ հարկային տեսչությունը, ե՛ւ դատախազությունը, այնուամենայնիվ, «հետաքրքրվում» են այդ համալսարանի գոյությամբ։ Սակայն դա նպաստում է ոչ թե օրենքով նախատեսված քայլերի ձեռնարկմանը, այլ… չարտոնագրված վիճակում այդ համալսարանի գոյության շարունակմանը։

ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական եւ բնապահպան ոլորտներում օրենքների կատարման վրա հսկող բաժնի դատախազ Ա. Սիրունյանն իր թիվ 30-P (30.12.97 թ.) պատասխանում նշում է, որ համալսարանի ռեկտոր Կ. Հարությունյանն Արաբկիրի տարածքի հարկային տեսչության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, որը կազմում է ընդամենը 30 հազար դրամ։ Խոստովանենք, որ շատ հետաքրքիր հանգուցալուծում են տվել հարկայինի եւ դատախազության հարգարժան պատասխանատուները «ստվերային» համալսարանի պատմությանը։ Ներկայումս էլ այն շարունակում է իր գործունեությունը «Հայբուսակի» հովանու ներքո։

Հարկայինի մարդիկ վերջերս կրկին այցելել են այս համալսարան, ինչ-որ «ստուգումներ» անելու։ Կարող եք չանհանգստանալ, նրանք ոչ մի մտադրություն չունեն փակելու այս համալսարանը։ Ռեկտորն էլ իր հերթին մտադրություն չունի բավարարելու անխղճորեն հեռացված ուսանողուհու մոր պահանջը. քանի որ իր աղջկան վարձավճարի համար են հեռացրել, ուրեմն թող բարի լինեն վերադարձնել մուծած 200 դոլարը, որի պարտքը թոշակառու Ասյա Բորոյանը մինչեւ հիմա չի մարել։ Իսկ ռեկտոր Կ. Հարությունյանն այս հարցում էլ մնում է անդրդվելի. «Միլիոններ կծախսեմ, էդ կնգա 200 դոլարը չեմ տա»։ Չենք կասկածում, որ նա «ճամփու կդնի» նաեւ նոր ստուգողներին եւ կապացուցի, որ ինքը վերոնշյալ խոստման տերն է…

ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930