Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 12,1998 00:00
stepanakerti qaxaqapetaran

«Իմ քարոզարշավը սկսելու համար ես բավական ժամանակ ունեմ։ Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի ընտրել իր մարտավարությունը, այնպես որ չեմ ընդունում այն կարծիքը, ըստ որի, ձեւական բնույթ է կրում իմ նախընտրական շտաբի գործունեությունը»,- «Առավոտի» թղթակցին ասաց Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բարսեղյանը, պատասխանելով այն հարցին, թե մի՞թե մտադրություն չունի քարոզարշավ սկսելու։

Ստեփանակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալը պատրաստվում է առաջիկա նախընտրական հանդիպումներին արծարծել այն հարցերը, որոնք կուտակվել են իր գործունեության 10 ամիսների ընթացքում. «Քաղաքացիների հոգսերը կլինեն իմ ուշադրության կենտրոնում, բայց միաժամանակ նրանց հետ կխոսեմ այն մասին, թե ինչպես են իրենց իրավունքները զուգորդում պարտականությունների հետ»։ Մեր հարցին, թե Կ. Բաբայանն այսօր մայրաքաղաքում աշխատատեղեր բացելու իրական հնարավորություններ է մատնանշում, ապա ինչո՞ւ քաղաքապետարանը ժամանակին աշխատանք չի ծավալել այդ ուղղությամբ։

Ի պատասխան, թեկնածուն նշեց, որ այդ մտահղացման իրականացման համար անհրաժեշտ համակարգ չկար, գոյություն չուներ պետական ինչ-որ ծրագիր, հետեւաբար եւ ֆինանսավորում։ Ըստ պրն Բարսեղյանի, այս հարցում անժխտելի են անհատի դերը, նրա հեղինակությունն ու անձնական կապերը։ Պետական միջոցներով հնարավոր չէ նման ծրագիր իրականացնել, ուստիեւ անհրաժեշտ է ապահովել համապատասխան պայմաններ, այնպես որ տեսանելի լինի տնտեսական ազատության, իրավական պաշտպանվածության հեռանկարը։ Ծրագրի նպատակը խաղաղ, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի ապահովումն է, քաղաքի բարգավաճման ու զարգացման համայնքային նշանակության կառույցների ներդաշնակ գործունեությունը, մարդու կյանքի համար լավագույն պայմանների ստեղծումը։

«Անկախ նրանից, թե ով կընտրվի Ստեփանակերտի քաղաքապետ, նա հարկադրված կլինի մեծ ջանքեր գործադրել ժողովրդավարական աշխատաոճ որդեգրած համայնքի կայացման համար։ Ներկայումս գործող օրենսդրությունը այդ առումով որոշ բացեր ունի, ուզում եմ ասել «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքը լրամշակման կարիք ունի։ Խոսքը վերաբերում է այն կետերին, որոնցում սահմանվում է համայնքի լիակատար ինքնուրույնությունը։ Ըստ իս, անչափ կարեւոր է համայնքի՝ օրենքով վերապահված լիազորությունների ապահովումը, մասնակցությունը մասնավորեցման գործընթացին եւ այլն»։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930