Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԴԻՐՔԻ

Հոկտեմբեր 09,1998 00:00
Vazgen Manukyan

Քաղաքական աշնան հետքերն ինձ տարան երկու կուսակցություն, որոնցից մեկը, դեպքերի բերումով, իշխանամետ է, մյուսը՝ ընդդիմադիր։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կասկածի տակ առավ իշխանությունների այն համոզմունքը, որ քաղաքական աշունը լինելու է կայուն: ԱԺՄ վարչության անդամները սիրում են ընթերցել «Առավոտի» խայթոցներն արտասահմանյան երաժշտության տակ։ Սա ես նկատեցի կուսակցական կյանքին եռօրյա «մասնակցությանս» ժամանակ։ Չնայած այսքան երկար այստեղ գտնվելս ակամա էր՝ պարզապես սպասում էի նախագահին, բայց տպավորություններն այնքան շատ էին, որ չհասցրի ձանձրանալ։ Բարեհամբույր ԱԺՄ-ականներն ամեն կերպ աշխատում էին աննկատելի դարձնել սպասումս եւ, ի զարմանս ինձ, այնքան էլ դժկամ վերաբերմունք չունեին լրագրողների հանդեպ։

Ինչ խոսք, այստեղ էլ իրենց հոգսերն ունեին. մեկը մտահոգ էր, որ Մասիսի գյուղերում երիտասարդ չի մնացել՝ բոլորը 60-ն անց ծերունիներ են, մյուսը միջոցներ էր ձեռք առնում իր որդու՝ ուսումնական հոգսերը հոգալու համար։ Ինչեւէ, կուսակցության բազմազբաղ ղեկավարին, այնուամենայնիվ, հաջողվեց տեսնել։ Իմ հարցին, թե արդյոք նրա կարծիքով քաղաքական աշունը կլինի՞ կայուն, ինչպես հավաստում են իշխանական մարմինները, պրն Մանուկյանը պատասխանեց. «Մի քիչ պարզունակություն կա պատկերացումների մեջ, որ թեժ աշունը հանրահավաքներն ու ցույցերն են, եւ կայուն աշունը՝ երբ հանրահավաքներ եւ ցույցեր չկան։ Ես սա չեմ կարող կանխագուշակել, բայց ինքը՝ իրավիճակը իր ներսում արդեն անկայուն է։ Եվ այս իրավիճակը լուծման է սպասում։ Ինչպիսի՞ լուծումներ դա կգտնի, ես դժվարանում եմ այժմ ասել։ Իսկ ցույցեր, ինձ թվում է, կլինեն»։

Այնուհետեւ կարեւորեց 88-ի շարժումը, 90-91 թթ. պառլամենտական եւ նախագահական ընտրությունները՝ դրանք բնորոշելով որպես ժողովրդի մտածողության, սովորությունների, պայքարի ելնելու կարողության վառ արտահայտություններ։ Նա ասաց, որ դեպի ժողովրդավարություն գնալու ճանապարհին միակ խոչընդոտը եղել եւ մնում են իշխանությունները, որոնք օգտվելով նրանից, որ պետական համակարգը հստակեցված չէ, օգտագործում են պետական լծակները՝ իշխանությունը պահելու համար։ Իսկ այս մարմինները երբեք ինքնուրույն պատրաստ չեն լինի ժողովրդավարությանը, մինչեւ ժողովուրդը իրենց ցույց չտա իրենց տեղը։ Ի պատասխան իմ վարանմանը, թե արդյո՞ք հասարակությունը հասունացել է այդ աստիճան, ԱԺՄ ղեկավարը բերեց Ֆրանսիայի օրինակը։ Նա հավաստեց, որ Ֆրանսիայի ժողովուրդը ավելի հասունացած չէ ժողովրդավարության համար, պարզապես ներկա սերունդը դա ժառանգություն է ստացել իր պապերից, ովքեր պայքարել են դրա համար։

Նա ասաց, որ մեր ժողովուրդն էլ 96-ին ապացուցեց, որ պատրաստ է պայքարելու։ Իսկ այս քաղաքական պայքարը այն ասպարեզը չէ, որ միանգամից արդյունքի սպասենք։ Ամեն տարի ավելացնում է մի նոր փորձ, մի նոր ձեռքբերում, որը գումարվելով՝ մի օր պոռթկումով կլուծի այդ հարցերը։ Նա, իհարկե, հույս հայտնեց, որ դա պոռթկումով չի լինի, այլ քայլ առ քայլ, չնայած դրան, ամեն կերպ խոչընդոտում են իշխանությունները։ ԱԺՄ նախագահը նաեւ հայտարարեց, որ իրենք ունեն իրենց սկզբունքները, գաղափարախոսությունը, նպատակները՝ կապված Հայաստանի պետության եւ ժողովրդի հետ եւ այդ նպատակին հասնելու բոլոր հնարավորությունները կօգտագործեն՝ լինելով ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մեջ։ Եվ այն չէ կարեւորը, որ առաջիկա ընտրություններին նրանք հնարավորին չափ շատ տեղեր գրավեն Ազգային ժողովում։ Ըստ նրա, կա ավելի լուրջ խնդիր՝ խորհրդարանական ընտրությունները բեկում կմտցնե՞ն հասարակական գիտակցության, իշխանական համակարգի մեջ, թե՞ ոչ։

«Եթե մտցնեն, այդ դեպքում մի քանի ձայն ավել, մի քանի ձայն պակաս, դրան ես նշանակություն չեմ տա, որովհետեւ կասեմ, որ շատ ավելի մեծ խնդիր լուծվեց,- ասաց պրն Մանուկյանը,- իսկ այդ բեկումը կախված է ոչ միայն մեզնից, այլեւ ուրիշ կուսակցություններից, տարբեր քաղաքական գործիչներից, կախված է եւ հասարակության այդ պահի հոգեկան վիճակից՝ ինչքանո՞վ պատրաստ է պայքարելու»։ Քաղաքական աշնան կանխատեսումներն ամբողջացնելու համար հետաքրքրվեցի նաեւ կուսակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան իրադարձությունների՝ Հայաստանի քաղաքական դաշտի վրա ունեցած անդրադարձի վերաբերյալ։ Պրն Մանուկյանը բավականին լավատես էր։ Նա ասաց, որ ամեն թուլացում իր մեջ պարունակում է ապագայի զարգացման մի սերմ. «Երբեմն չիբանը պետք է պայթի,- պարզաբանեց նա,- բայց դա հնարավորություն է տալիս պետությանը զարգանալու։ Հույս ունենանք, որ այդպիսի բան տեղի ունեցավ, որովհետեւ, անկախ էմոցիաներից, Ռուսաստանի դերն այս տարածաշրջանում բավականին մեծ է, եւ մեզ համար նա շատ կարեւոր ստրատեգիական դաշնակից է։ Այժմ Ռուսաստանը հիվանդ է եւ դա ուրախություն մեզ չի պատճառում»։

Hayrikyann

ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ պայքարել քաղաքացիական պատերազմի դեմ՝ պատճառաբանելով, որ «չար ծառը բարի պտուղ չի տա»: «Չար լեզուներն» ասում են, որ ավելի հեշտ է զորանոց մտնել, քան ԻՄ-ի գրասենյակ։ Բարեբախտաբար, երիտասարդ տարիքս եւ ուսանող լինելու հանգամանքս իմ «այցեքարտը» դարձան, ինչպես հետո պարզաբանեց կուսակցության նախագահը։ Թերթերի «կսմիթներից» հոգնած ԻՄ-ականների՝ անարատ եւ նպատակասլաց երեւալու ջանքերն իզուր չանցան, բազմիցս կրկնվելուց հետո ես, այնուամենայնիվ, հասկացա, որ ԻՄ միակ եւ անփոխարինելի նախագահը Պարույր Հայրիկյանն է եւ ուրիշ ոչ ոք իրավունք չունի «ինքնագլուխ բաներ անելու»։

Իսկ նախագահը մտահոգ էր… Նա նախընտրեց խոսել ամենացանկալիի մասին՝ կանխատեսումները թողնելով նրանց, ովքեր անելիքներ չունեն։ «Այս աշնանը պետք է ավարտին հասցնենք ընտրական օրենքի ընդունումը,- ասաց նա,- եթե մենք մինչեւ նոյեմբեր օրենքն ընդունած չլինենք, նշանակում է ժամանակ չենք ունենա վիճահարույց հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, Սահմանադրական դատարան դիմելու եւ ժողովրդին առաջիկա ընտրությունների կանոնների հետ ծանոթացնելու համար»։

Պրն Հայրիկյանը հիմնական գործը համարում է այս օրենքի ընդունումը։ Ըստ նրա, սա կարող է ունենալ լուրջ քաղաքական հետեւանքներ, որովհետեւ Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամ դառնալը հանրապետության ապագայի հարց է, իսկ դրա պայմաններից մեկը եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընտրական օրենքի ընդունումն է։ Կարեւորեց նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն արդեն պատրաստված է եւ ներկայացված նախագահին՝ նախնական հավանության համար եւ այնուհետեւ կառավարության միջոցով պետք է մտնի շրջանառության մեջ։ Նրա համար ցանկալի էր, որ Հայաստանն ունենա մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն՝ ոչ այն, ինչ այսօր ինքն է զբաղեցնում, որը ավելի շատ հանրապետության նախագահի միջոցով է գործում, քան անմիջականորեն։ Առաջիկա աշնան համար պրն Հայրիկյանը առաջնային համարեց սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումը։ Նա անհանգստացած էր նաեւ հսկայական զանգվածների վիճակով, որոնք աշխատանք չունեն եւ, ինչպես ինքն ասաց, նրանց, ովքեր իրենց տարիների աշխատանքով այսօր ապահով ապրելու իրավունք են վաստակել՝ թոշակառուների, որ բավարար նպաստ չեն ստանում։

Ինչ վերաբերում է արմատական փոփոխությունների հնարավորությանը, նա նշեց, որ դրանք երբեք բացառել չի կարելի, եւ եթե արտաքին ազդակներ չլինեն, ապա որեւէ լուրջ խնդիր չի լինի։ Խոսքը պատերազմ չլինելու մասին էր։ Իսկ ներքին հուզումները, ըստ նախագահի, չեն կարող հեղաբեկիչ լինել։ Անգամ եթե լինի իշխանության փոփոխություն, ՀՀ նախագահի խորհրդականի կարծիքով, կլինի թավշյա անցում։ Իմ այն հարցին, թե իշխանությունները որքանո՞վ են պատրաստ Ազգային ժողովի ընտրություններին, ԻՄ ղեկավարը հավաստեց, որ հանրապետության նախագահը, իրոք, շատ մեծ կարեւորություն է տալիս այդ խնդրին, բայց իրական տրամադրվածությունն ակնհայտ կդառնա ընտրությունների օրենքի քննարկման ընթացքում. նրանք, ովքեր կողմ կլինեն մեծամասնական համակարգին՝ անարդար ընտրությունների կողմնակից են՝ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, իսկ համամասնականի գերակայությունը քաղաքացիների իրավահավասարության ապահովման երաշխիքն է։

Ռուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ պրն Հայրիկյանն ասաց, որ այն որեւէ անմիջական ազդեցություն չունեցավ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Հետագայում Ռուսաստանից Հայաստան փոխանցվող միջոցների նվազեցման հետեւանքով գուցե որեւէ անդրադարձ զգանք, բայց ոչ այն աստիճան, ինչ միջինասիական երկրներում։ Իսկ ճգնաժամի հետեւանքով՝ կոմունիստների առաջխաղացման վտանգի տեսակետից պրն Հայրիկյանը հանգիստ էր, պատճառաբանելով, որ առողջ հասարակության մեջ կոմունիստական վտանգ չկա։ Նա նշեց, որ, ըստ էության, այս կուսակցությունն առավել մոտ է եվրոպական սոցիալ-դեմոկրատներին, բայց հաշվի առնելով երկար տարիներ բռնադատված եւ առողջ բանականությունը կորցրած ողջ սերնդի կարոտախտային տրամադրությունները, նրանք իրենց կոչում են կոմունիստական։ Նրանք կլինեն իշխանության մի մասը, բայց բացարձակ իշխանության հասնել չեն կարող։

ԱՆՆԱ ԲԱԼՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031