Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ եւ ԱԱՆ-Ը՝ տրոհման ճանապարհին

Հոկտեմբեր 10,1998 00:00

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործոց հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, ուր քննության առնվեց երկու օրակարգային հարց։ Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն «Առավոտին» ծանուցեց, որ դրանք քննության են առնվել բավականին մանրակրկիտ։ Խոսքը «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի», ինչպես նաեւ «Ազգային անվտանգության եւ ոստիկանության լիազորությունների անհամատեղելիությունը մեկ միասնական կառավարման մարմնում» օրենքների մասին է։ Ընթերցողին, անշուշտ, առավելապես հետաքրքրում է վերջին հարցը, որը քննարկման է ներկայացվել սովորական ընթացակարգով եւ դրական եզրակացության արժանացել 5 կողմ, 3 ձեռնպահ եւ 1 դեմ քվեով։ Երկուշաբթի կառաջարկվի այն մտցնել մեծ օրակարգ։

Ի դեպ, միակ դեմ քվեարկածը նույն Ռազմիկ Մարտիրոսյանն է, որն ասաց, թե իր կարծիքը կարտահայտի ԱԺ համապատասխան նիստում։ Ելնելով տարբեր տեսակետների տեղ տալու անհրաժեշտությունից, ներկայացնում ենք նաեւ կողմ եւ ձեռնպահ քվեարկած պատգամավորների կարծիքները։ Մեր առաջին զրուցակիցն Արամազդ Զաքարյանն էր, որը քվեարկել է ՆԳ եւ ԱԱ նախարարությունը տրոհելու օգտին։

– Օրենսդրական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ է ներկայացվել մի խումբ պատգամավորների կողմից։ Այսօր հանձնաժողովը քննարկեց այդ հարցը։ Նախագիծը հավանության արժանացավ տարբեր հիմնավորումներով։ Ես մասնավորապես կներկայացնեմ իմ հիմնավորումը՝ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարության համատեղ գործունեությունը նպատակահարմար չեմ համարում պետության մեջ ժողովրդավարական կառույցների ձեւավորման եւ դրանց զարգացման առումով։ Դրանք այնպիսի գերատեսչություններ են, որոնք տարբեր խնդիրների պետք է հետամուտ լինեն։ Մյուս կողմից՝ կա նաեւ այն վտանգը, որ իշխանությունը կարող է ծնել նոր իշխանություն։

ՆԳ-ն եւ ԱԱ-ն այն կառույցներն են, որոնց միջոցով հնարավոր է ազդել ցանկացած կարգի պետական կառույցի ձեւավորման վրա։ Խուսափելու համար հետագա ավելի խիստ վտանգավոր երեւույթներից, դա պարզապես անհրաժեշտ է։ Այլապես երբ մեկ մարդու ձեռքում կենտրոնացվում է երկու նման հզոր կառույց (խոսքն անձի մասին չէ), չի բացառվում, որ այդ մարմինը հանրապետության նախագահ փոխի, ավելի հաճախակի կառավարություն փոխի, եւ հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնի։ Նկատի ունեմ հեղաշրջումները, որոնք իրականացվում են իշխանության վերին ատյաններում։ Այս հնարավորությունն ուժային կառույցներին չպետք է տրվի։ Ելնելով այդ վտանգի հեռանկարից, կարծում եմ, որ այդ կառույցները պետք է առանձնացվեն։

Ներքին գործոց եւ ազգային անվտանգության նախարարության տարանջատումն ինչ-որ չափով կբացառի հեղաշրջման հնարավորությունը։ Դրանց առանձնացվածությունը կապահովի նաեւ հակակշիռները իշխանության ուժային մակարդակում։ Համոզված եմ, որ այս հարցը լրջորեն կքննարկվի Ազգային ժողովում։ Բնական եմ համարում այն ենթադրությունը, որ քննարկումը քաղաքականացված կլինի։ Սակայն, կարծում եմ՝ դրանում սարսափելի ոչինչ չկա։ Ազգային ժողովն ինքը քաղաքական մարմին է, ուստի, բնական է, որ քաղաքական քննարկումները պետք է Ազգային ժողովում, եւ ոչ թե փողոցներում ծավալվեն։ Իմ ունեցած տեղեկատվությամբ, Ազգային ժողովի նախագահը օրինագիծն ուղարկել է համապատասխան հանձնաժողովներին, որպեսզի նրանք եզրակացություն ներկայացնեն։ Կարծում եմ, որ առաջիկա եռօրյա նիստում կխոսվի օրինագծին հավանություն տալու մասին։

Համլետ Հայրապետյան (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործոց հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ)․

– Ես ձեռնպահ եմ քվեարկել, որովհետեւ ունեմ մի շարք կարեւոր նկատառումներ։ Հանձնաժողով է ներկայացվել երկու տեսակետ։ Մեկը՝ ԱԺ աշխատակազմի իրավաբանական ծառայության կողմից, ուր ասված է, որ այս օրենքի նախագիծն, ըստ էության, այլ օրենքներում փոփոխություններ չի ենթադրում, այդ իսկ պատճառով իրենք առարկություններ ու դիտողություններ չունեն։ Իրավաբանական ծառայությունը դրական կարծիք է տվել։ Երկրորդը՝ կառավարության ներկայացրած եզրակացությունն է, ուր ասվում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության թիվ 85 հոդվածի, կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է ՀՀ նախագահի հրամանագրով։ Ելնելով վերոհիշյալից, ՀՀ կառավարությունը ծանուցել է, որ ներկայացված օրենքի նախագիծն անընդունելի է։

Ես ձեռնպահ եմ քվեարկել, որովհետեւ դեռեւս ամբողջական տեսակետ չեմ ձեւավորել թե՛ դրական, եւ թե՛ բացասական կարծիքներում հնչած հիմնավորումները լսելուց հետո։ Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ մենք այսօր էլ դեռ չունենք օրենքներ ոստիկանության, ազգային անվտանգության մասին։ Այդ հիմքով է նաեւ, որ դեռեւս վերջնական դիրքորոշում չեմ ձեւավորել։ Երբ ամբողջապես օրենքի նախագիծն այլեւս յուրացված կլինի, դրա վերաբերյալ հնչած թե՛ դրական կարծիքներով, եւ թե՛ առարկություններով, ու երբ ինքս սեփական փաստարկներս կունենամ, հստակորեն կկայացնեմ իմ դեմ կամ կողմ վճիռը։ Այսօր դեռեւս ես այնքան տեղեկատվություն չունեմ, որպեսզի նման պատասխանատու քվեարկության ժամանակ դիրքորոշումս առավել հստակ լինի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031