Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 25,1998 00:00
Azgayin joxov

«Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու, որ հանրապետությունում գոյություն ունեն մեկ տասնյակից ավելի ստուգող կազմակերպություններ, որոնց գործողությունները անհասկանալի մի վիճակ են առաջացրել։

Հենց այս հիմքով էլ դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված ստուգումների թեմային։ Շրջանառության մեջ է երեք օրինագիծ, որոնք ներկայացրել են պետաիրավական հանձնաժողովը, «Հայրենիք» եւ «Երկրապահ» պատգամավորական խմբերը։ Լսումները որոշակիորեն կրքեր լարեցին եւ այս առումով, կարծես թե, ընդհանրական մի տեսակետ ձեւավորվեց, որ բոլոր ստուգումները պետք է անցկացվեն բացառապես օրենքով եւ տվյալ պարագայում չպետք է թույլատրվի գործունեություն ըստ որեւէ ենթաօրենսդրական ակտի։

Այս տեսակետը լսումների ընթացքում առաջինը պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց, որից առաջ հասցրել էր ելույթ ունենալ «Հայրենիք» պատգամավորական խմբի ներկայացուցիչ Պետրոս Մաքեյանը։ Նրա խոսքն առավել քան հետաքրքիր էր հատկապես ՆԳ եւ ԱԱ նախարարության 6-րդ վարչության գործունեության դեմ ուղղված մասով։ Այդ կառույցը, ըստ հռետորի, որդեգրել է երկրապահական գործելակերպ ու ասպատակություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Ճնշումները ոչ միայն հոգեբանական բնույթ են կրում, այլեւ ֆիզիկական ազդեցություններով ու շանտաժներով են դրսեւորվում։ Գործելակերպը, ըստ Պետրոս Մաքեյանի, արմատավորվեց Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք, ինչը սկզբնական փուլում մաֆիոզ կլանների դեմ պայքարի տպավորություն էր թողնում, սակայն աստիճանաբար «այդ վարչարարությունը վերածվեց վայրագության, սանձազերծվեց տնտեսական տեռոր բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք իրենց կողմից չեն հովանավորվում։

Դա կազմալուծում է արդյունաբերության գործունեությունը։ Արհեստավարժ դիլետանտները գործում են «Ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով։ Ստուգող կազմակերպությունները խախտում են օրենսդրությունը։ Ստուգումների միայն փոքր մասն է փաստաթղթավորվում։ Ստուգվողները դադարեցնում են աշխատանքը։ Հասել ենք սահմանագծի, որ եթե չկանխվի տնտեսական սուբյեկտների ասպատակումը մի քանի տասնյակ ստուգող կազմակերպությունների եւ մանավանդ՝ ՆԳ եւ ԱԱ 6-րդ վարչության կողմից, ապա լուրջ սպառնալիք կառաջանա հանրապետության անվտանգության համար»։

Իր այս հայտարարություններից հետո Պետրոս Մաքեյանն առաջարկեց կանխել տնտեսական տեռորը, հանրապետությունում ստուգումներ անցկացնել բացառապես նախագահի գիտությամբ եւ թույլտվությամբ, ինչպես նաեւ աննպատակահարմար համարել ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետագա գործունեությունն այդ պաշտոնում եւ սպառնալիք ազգային անվտանգության համար։ Պետրոս Մաքեյանի այս ելույթից հետո հարցեր առաջացան, թե ինչպես շարունակել լսումները։

Քննադատության թիրախ ընտրել ՆԳ եւ ԱԱՆ-ն, թե շարունակել առկա օրինագծերի արծարծմամբ։ Այս վերջին ճանապարհով շարժվեց «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդական Գրիգոր Մելքումյանը, թեպետ իր խոսքում նա եւս քողարկված քննադատության բաժին հանեց ՆԳ եւ ԱԱՆ-ին։ Այսպես՝ պրն Մելքումյանը եւս արձանագրեց չհիմնավորված ստուգումների փաստը, որոնք որեւէ արդյունք չեն տալիս։ «Երկրապահն» այն կարծիքին է, որ ստուգումները պետք է կատարվեն բացառապես օրենքով նախատեսված կարգով՝ այն պետական մարմինների կողմից, որոնք նման լիազորություններ կստանան օրենքով։

Պետական այդ մարմիններն իրականացնում են հսկողական եւ վերահսկողական գործառույթներ, ու որպեսզի տարընթերցումներ չլինեն այս հարցում, երկրապահական օրենքի նախագիծը սահմանում է, թե ինչ ասել է պետական հսկողություն։ Բնութագրվում է նաեւ ստուգում հասկացությունը։ Երկրապահական նախագիծը սահմանում է նաեւ, որ պետք է մատնանշվեն ստուգումների բոլոր հիմքերը։ Փաստաթղթերում կարձանագրվի այն մարդկանց անունները, ովքեր կուղարկվեն ստուգման։ Նույն կազմակերպությունը նույն ձեռնարկությունում տարին ընդամենը մեկ ստուգում անցկացնելու իրավունք ունի։

Օրենքը նախատեսում է նաեւ լրացուցիչ ստուգման անհրաժեշտության ամբողջ ընթացակարգը։ Ամենակարեւորը, որ հարկ համարեց ընդգծել Գրիգոր Մելքումյանը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկությունների ֆինանսատնտեսական կողմի ստուգումների կարգն է, որը սահմանված է օրինագծում։ Մեկ-մեկ նշված է, թե ինչպիսի պարագաներում իրավապահ մարմիններն իրավունք ունեն ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հսկողություն եւ ստուգումներ իրականացնել։ Դա արտոնվում է բացառապես նախաքննության եւ հետաքննության փուլերում՝ քննիչի, դատարանի եւ դատախազի ընդհանուր համաձայնությամբ։

Կարծես թե չուզելու պես Գրիգոր Մելքումյանն արձանագրեց նաեւ, որ օրենքի մյուս երկու նախագծերում այդ հարցին լուծում չի տրվում, եւ առաջարկները խնդրո առարկայի շուրջ միայն երկրապահական տարբերակում են ամփոփված։ Վերջում նշենք, որ ելույթ ունեցավ շուրջ 14 մարդ, այդ թվում եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանը։ Ասեցին-խոսեցին ու կարծես թե ընդհանուր տեսակետների եկան, սակայն ձեւավորված մթնոլորտի մեկ զավեշտական դրսեւորմամբ՝ այդքան թուքումուրի բաժին դարձած ՆԳ եւ ԱԱՆ 6-րդ վարչությունն իր ներկայացուցչին լսումների չէր ուղարկել։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031