Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՈՒՂԻՆ» ԲԱՑ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Հունվար 27,1999 00:00
Karapet Rubinyan

Հարգելի պարոն Աբրահամյան. Ձեր թերթի անցած շաբաթվա վերջին համարում՝ «Շաբաթվա տրամաբանողները» խորագրի ներքո, անդրադարձել եւ փորձել եք հասկանալ «Եվրոուղի» հասարակական կազմակերպության ստեղծման տրամաբանությունը։

Հայտնելով իմ խորին շնորհակալությունը, մեր կազմակերպության հիմնադրումը կարեւորելու եւ լուսաբանելու համար, թույլ տվեք չընդունել այս վերջին անդրադարձում կիրառվող տրամաբանելու Ձեր ոճը եւ չհամաձայնվել Ձեր կատարած եզրահանգումների հետ։

Նախ, մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց չիմացությունը խանգարել է Ձեզ եւ որոնց հրապարակումը, կարծում եմ, կհետաքրքրի ընթերցողին։

«Եվրոուղին» հասարակական կազմակերպություն է։ Այն այս տարվա հունվարի 16-ին հիմնադրել են Հայաստանի Հանրապետության երեսունհինգ քաղաքացիներ, որոնց միջին տարիքը 44 է։ Բոլորն ունեն բարձրագույն կրթություն. նրանցից երկուսը գիտությունների դոկտոր են, հինգը՝ գիտությունների թեկնածու։ Կին են վեցը, գործազուրկ՝ մեկը։ Կուսակցական են միայն տասնչորսը, որոնցից ՀՀՇ անդամ են տասներեքը, իսկ մեկը ՌԱ(ԼԴ) կուսակցության անդամ է։

Ակնհայտ է, որ «Եվրոուղին» կուսակցություն չէ եւ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող դասվել ՀՀՇ-ից տարբեր տարիներին անջատված կուսակցությունների շարքին։

ՀՀՇ անդամ հանդիսացող «Եվրոուղի» կազմակերպության տասներեք հիմնադիրներից ոչ մեկը չի հայտարարել ՀՀՇ-ից իր դուրս գալու մասին եւ հազիվ թե նրանք համաձայնվեն Ձեր «ՀՀՇ-ի հերթական «դիսիդենտներ» որակավորմանը։ Ես միգուցե համաձայնվեմ այդ տիտղոսը կրել, եթե Դուք խոստանաք այսուհետ Ձեր «Գլխավոր խմբագիր» տիտղոսն էլ միշտ վերցնել չակերտների մեջ։

Ձեր շաբաթօրյա «տրամաբանումներով» նաեւ մի, ըստ իս, անլուրջ փորձ եք արել նախկին եւ միեւնույն ժամանակ ներկա իշխանությունների մեղքերը ուղղակիորեն բարդել «Եվրոուղի» կազմակերպության հիմնադիրների վրա եւ դրանով ստվեր գցել՝ իր օրինական գրանցումն իսկ չստացած, հետեւաբար դեռ գործունեություն էլ չծավալած կազմակերպության վրա։

Ես, եւ կարծում եմ իմ կուսակից ընկերները, նույնպես համաձայն ենք կանգնել Ձեր թվարկած դժոխային մեղքերի համար պատասխանատուների շարքում։ Միայն երկու փոքր վերապահումներով՝

1. Եթե մեզ է վերագրվում այդ բոլորը, ուրեմն բարի եղեք միայն մեզ էլ վերագրել բոլոր ձեռքբերումները,

2. պատասխանատուների առաջին շարքերում պետք է լինեն նախկին եւ միեւնույն ժամանակ ներկա իշխանության մաս կազմող շատ ուրիշ երեւելի եւ հզոր պաշտոնյաներ։ Եթե ոչ, ուրեմն իմացեք, որ դա ոչ թե պատասխանատուների, այլ նոխազների շարք է, եւ ցանկն էլ կազմված է Ձեզ հայտնի եւ մտերիմ մի շրջանակում՝ հաջորդ միտինգներից մեկում հրապարակելու համար։

Վերադառնալով «Եվրոուղի», ուզում եմ խոսքս ավարտելուց առաջ, օգտվելով Ձեր բարյացակամությումից, երկու նախադասությամբ պատասխանել նաեւ իմ որոշ կուսակիցների այն քննադատությանը, թե ինչու նույնը չձեռնարկեցինք՝ ՀՀՇ-ի ներսում։

Մենք գտնում ենք, որ Հայաստանը միացյալ Եվրոպայի լիիրավ եւ ներդաշնակ մաս դարձնելու գաղափարի շուրջ կարող են եւ պետք է միավորվեն ցանկացած կուսակցական պատկանելիություն ունեցող, ինչպես նաեւ ընդհանրապես քաղաքականությամբ չհետաքրքրվող եւ չզբաղվող մարդիկ։ Պարզ է, որ այդ մարդիկ կարող են միավորել իրենց ջանքերը՝ միայն հասարակական կազմակերպության մեջ ընդգրկվելով։

Հարգելի պարոն գլխավոր խմբագիր.

«Եվրոուղին» բաց եւ ազատ կազմակերպություն դառնալու հավակնություն ունի. պաշտոնական գրանցումից հետո կբացվի անդամագրումը։ Կազմակերպության անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր երազում են, որ մեր երկիրը՝ իր լիակատար անկախությամբ եւ հոգեւոր ու մշակութային ինքնատիպությամբ հանդերձ, մի օր միացյալ Եվրոպայի լիիրավ մաս կազմի եւ ովքեր ուզում են ինչ-որ բան անել դրա համար։

Կազմակերպության դռները բաց են բոլորի, այդ թվում եւ՝ Ձեր առջեւ։

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Եվրոուղի» կազմակերպության խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031