Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԽԱՇԻ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ

Հունվար 28,1999 00:00
shampayn

Հունվարի 18-ին «Առավոտն» ահազանգ ստացավ Զարուբյան փողոցի բնակիչներից, կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մերձակից տարածքում իրականացվող անվտանգության միջոցառումների հետ (անդրադարձը տես «Առավոտ», 19.01.99 թ.)։ Չանցած մեկ օր, «դեսպանատան հարեւանությամբ բնակվողներին» հանդիպելու հրավեր (գրավոր) ուղարկեցին տեր եւ տիկին Լեմոնները։ «Հավաքույթը» տեղի ունեցավ դեսպանատանը, դեկտեմբերի 22-ին, ժ. 18.00-ին։

Հավաքույթում խոստացվել էր հնարավորություն ընձեռել «կարծիքներ փոխանակելու դեսպանատան անվտանգության նոր միջոցառումների եւ բոլորին հուզող այլ հարցերի շուրջ»։ Թվով 30 բնակիչներ (որոնց հանդիպելու փորձ անգամ չեն հայտնել մեր պաշտոնյաները – Ռ. Մ.) չմերժեցին հրավերը (ԱՄՆ դեսպանի եւ նրա կնոջ հրավերը կարող է օրինակ ծառայել նաեւ այն իմաստով, որ այն անմիջական արձագանքն էր նաեւ մամուլում հրապարակվածին – Ռ. Մ.)։ Ահա թե ինչ պատմեց բնակիչների կողմից լիազորված Պավել Ղուկասյանը.

-Մենք ցանկություն էինք հայտնել, որ հանդիպմանը մասնակցեր նաեւ Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, ինչը մերժվեց ամերիկացիների կողմից։ Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց, որ միջազգային վիճակը լարված է, որ ԱՄՆ դեսպանատների նկատմամբ մի քանի ոտնձգություններ եղել են։ Հետո ներողություն խնդրեց մեզ պատճառած «նեղության» համար։ Պրն Լեմոնը փորձեց բացատրել նաեւ, որ անվտանգության խնդիրներն առաջնային են, եւ որ ինքը պատասխանատու է իր աշխատակիցների համար։ Մեր կողմից տրվեց մի հարց. «Եթե մենք ապրեինք ձեր երկրում, մենք պարտավո՞ր էինք ձեր երկրի օրենքները պահպանել», ինչին, բնականաբար, նա դրական պատասխանեց։ Շարունակեցինք. «Եթե դուք մեր երկրում եք ապրում, ձեզ համար մեր օրենքները պարտադի՞ր են». այս հարցի պատասխանը նույնպես դրական էր։

Ճարտարապետական վարչությունից մեր ձեռքի տակ գտնվող նախագիծը, որով իրենք պետք է աշխատանքներ կատարեին, ցույց տվեցինք ամերիկյան կողմին։ Այնտեղ առկա էին բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Նախ, դպրոցի հատվածը, նայեցեք։ Ընդհանրապես, դպրոցի հատվածում ոչ մի բան չպիտի տեղադրվեր, սակայն տեղադրվել է (կաբելային բաց գիծը)։ Փողոցի ճանապարհը փակ է։

Դեսպանի առանձնատան մոտ ըստ նախագծի պիտի դրվեր երկու բետոնե սալիկ, սակայն իրականում հինգն է տեղադրվել եւ 23 մետրի փոխարեն տարածքից «թողնվել» է 7-8 մետր (մի քանի օր առաջ հրշեջ ծառայությունից եկած մեքենան չկարողացավ անցնել բետոնե արգելափակոցների մոտով – Ռ. Մ.)։ Արդյունքում, գոնե բետոնե սալիկներն իրարից մեկ մետր հեռացվել են: Փողոցի հնաբնակներին այս պահին մտահոգում է այն, որ օրենքն է խախտվել եւ ամերիկացիները աշխատանքներ են իրականացրել ոչ սահմանված նախագծով։ Նրանք չեն ունեցել համապատասխան թույլտվություն «ինքնագործունեության» ծավալման համար. ո՛չ հրշեջին է տեղյակ պահվել, ո՛չ գազի վարչությանը, ո՛չ սանիտարահամաճարակային կայանին։ «Մենք օրենքին ուզում ենք ենթարկվել, բայց՝ ոչ անօրինականությանը»,- ասում են նրանք։

-Դեսպանն ասաց, որ վրդովված է, քանի որ մամուլում ձեր բնակիչներից մեկը թույլ է տվել ռասսայական բովանդակություն ունեցող արտահայտություն (կապված ռեգիոնալ անվտանգության ծառայության պատասխանատու Լավիրիս Ստաբլֆիլդի հետ – Ռ. Մ.)։ Սակայն փողոցը դեռ լարված է։ Հիմա էլ զարուբյանցիները դժգոհում են այն փաստի առթիվ, որ իրենց հյուր գալու ժամանակ, հյուրերի ավտոմեքենաներն են ստուգվում, իսկ 2 օր առաջ նույնիսկ հյուրերից մեկին տարել են Արաբկիրի ՆԳ բաժին, 6 ժամ պահել այնտեղ։ Ինչեւէ։ Զարուբյանցիները եղել են քաղաքապետարանի վերահսկողության վարչությունում, որտեղ նրանց Գագիկ Սարիբեկյանը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել անօրինական շինությունները վերացնելու համար։ Տեղաբնակները մտադիր են դիմել «Ավանգարդ» իրավապաշտպան կազմակերպությանը կամ հայցով մտնել դատարան։ Առայժմ փողոցում միացվել է «դվիժոկը»։

-Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա առանց ձեր օգնության հնարավոր չէր։ Ապացուցվեց, որ 4-րդ իշխանություն կա։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Վերջում տեղաբնակներին մատուցվել է շամպայն (բաժակները պոլիէթիլեն լինելու պատճառով չեն դատարկվել հյուրերի կողմից)։ Վերջիններս պատրաստ են տեր եւ տիկին Լեմոններին հրավիրել խաշի, եթե, իհարկե, իրենց բարձրացրած հարցերը մինչ այդ բավարարվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031