Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԵՆՔ ԱԻՄ-Ը ԴԻՏԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՈՐՊԵՍ ՆՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվար 23,1999 00:00
Mexak Gabrielyan

Փախստականների վարչության նախկին պետը, ՀՅԴ նախկին անդամն այժմ Ինքնորոշում միավորման անդամ է։ Մեխակ Գաբրիելյանի հետ զրույցում կփորձենք պարզել, թե ինչպես է լինում, որ քաղաքական գործիչը մի կուսակցությունից մյուսն է տեղափոխվում։

-Պրն Գաբրիելյան, մոտ 4 կամ 5 ամիս է, դուք ազատվել եք փախստականների վարչության պետի պաշտոնից։ Ձեզ որեւէ այլ պաշտոն առաջարկվե՞լ է։

-Չէ, չի առաջարկվել, եթե առաջարկվեր էլ, կմերժեի, որովհետեւ այս փուլում գտնում եմ, որ քաղաքական ասպարեզ գալն ավելի ճիշտ է։

-Քաղաքական ասպարեզ դուք վերադառնում եք որպես Ինքնորոշում միավորման անդա՞մ։

-Որպես ԱԻՄ-ի հիմնադիր անդամ, ԱԻՄ-ի կանոնադրությունն այնպիսին է, որ ես փաստացի համարվել եմ ԱԻՄ-ի անդամ ու չեմ մասնակցել այդ աշխատանքներին, լինելով գործադիր մարմնում, իսկ այժմ վերադարձել եմ ԱԻՄ։

-Իսկ ԱԻՄ-ի ո՞ր հատկանիշները, կամ գուցե անձամբ Պարույր Հայրիկյա՞նը դեր խաղաց ձեր վերադարձին։

-Կարելի է ամբողջության մեջ դիտարկել խնդիրը, ես համարում եմ, որ վերադարձել եմ իմ տուն եւ որեւէ խորթություն չեմ զգում, եւ նաեւ այն, որ ԱԻՄ-ն այս երկու տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքներին եւ, կարելի է ասել, որ որդեգրած գրեթե բոլոր սկզբունքները նաեւ ԱԻՄ-ի ակտիվ պայքարի արդյունքում՝ կայացան։

-Դուք ԻՄ շարքային անդա՞մ եք…

-Շարքային անդամ…

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դուք, ակնհայտորեն կդնեք ձեր թեկնածությունը որպես ԻՄ անդամ։

-Հավանաբար։

-ԻՄ-ը նոր մարտավարությամբ հանդես եկավ, ասելով, թե այլեւս պատրաստ է նույնիսկ նոր կառավարություն ձեւավորել եւ ակտիվ մասնակցություն ունենալ գործադիր օղակների աշխատանքում։

-Ինձ թվում է, որ այս փուլում ԱԻՄ-ը ճիշտ մարտավարություն ընտրեց։ ԱԻՄ-ը չէր կարող սոցիալական եւ տնտեսական խնդիրներին այլեւս կողքից նայել։

-Դուք եղել եք ՀՅԴ անդամ եւ, փաստորեն, գրեթե նույն ժամանակ կամ դրանից առաջ եղել եք նաեւ ԱԻՄ-ի անդամ, թեպետ, ինչպես ասացիք, աշխատանքներին չեք մասնակցել։ Հիմա դուք հոգով դաշնա՞կ եք, թե՞ ԱԻՄ-ական։

-Գիտեք, փաստորեն, ժամանակին մենք ԱԻՄ-ը դիտարկում էինք որպես նույն դաշնակցությունը, այսինքն՝ դաշնակցության խնդիրը միշտ էլ եղել է Հայաստանի անկախության վերականգնումը։ Չնայած Ազգային միացյալ կուսակցությունն ինքնուրույն է դրան հասել եւ իրականացրել, սակայն այն ժամանակներում նույնանում էին եւ գաղափարական առումով գրեթե տարբերություն չի եղել։ Ես հիմա, ճիշտն ասած, դաշնակցության հետ չեմ առնչվում եւ պարզապես մամուլից գիտեմ, թե ինչ են անում, սակայն, կարծում եմ, այս փուլում (սա իմ անձնական կարծիքն է) նույնիսկ ԱԻՄ անգամ չգայի, էլի կասեի, ԱԻՄ-ն ավելի կենսունակ է այս պահին։

-Եթե դրանք գրեթե նույնն են, ապա ինչո՞ւ չվերադարձաք ՀՅԴ։ Իսկ եթե ուզեիք վերադառնալ, կուսակցությունը ձեզ կընդունե՞ր։

-Չեմ փորձել, ճիշտն ասած, մտքովս էլ չի անցել։ Իմ կարծիքով, ճիշտը ԱԻՄ վերադառնալն էր։

-ԱԻՄ վերադառնալով դուք վերադառնում եք քաղաքականություն… Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու։

-Քանի որ ԱԻՄ-ը փոխում է իր մարտավարությունը, այսինքն՝ ավելի ակտիվ մասնակցություն հանրապետության քաղաքական կյանքին, ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակամիջոցում, մի քանի քայլ անելու պարագայում հնարավոր է երկիրն այս վիճակից հանել։ Ես նույնիսկ կարող եմ մատնանշել, թե ինչ քայլեր են դրանք, օրինակ՝ հարկային քաղաքականությունը, ՆԳ եւ ԱԱ համակարգում շատ քայլեր պետք է կատարվեն եւ պետք է ձեռներեցությամբ զբաղվելու մթնոլորտ ստեղծվի Հայաստանում։ Այսինքն զոռով հարկերի հավաքումը միշտ վատ հետեւանքներ է բերում։ Մեր իշխանությունների ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ նախադրյալներ չստեղծվեցին տնտեսություն ստեղծելու համար։ Եվ ամենակարեւորը՝ որեւէ ձեռներեց չպետք է հովանավոր ման գա։ Այսօր մեր ձեռներեցների մեծ մասը իշխանության վերին օղակներում հովանավոր է ման գալիս, դա խայտառակություն է։ Ձեռներեցի հովանավորը պետք է լինի օրենքը։

-Այն ինչ որ հիմա ասում եք, ձեր նախընտրական ծրագրի մա՞սն է։

-Ենթադրում եմ։ Բնականաբար, ժամանակի ընթացքում ծրագրի որոշակի ճշգրտումներ կլինեն արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հայաստանն այսօր դարձել է Ռուսաստանի թելադրանքներին ենթարկվող երկիր։ Ինձ թվում է, դա ճիշտ չի։ Ճիշտ չի, երբ որ հարեւան երկրների նկատմամբ բարիդրացիական հարաբերություններ չեն հաստատվում, այսինքն, չի կարող նույնիսկ մարդն անընդհատ հարեւանների հետ թշնամանքի մեջ ապրել, վերջին հաշվով թշնամանքը պետք է մի օր վերացնել։ Պետք է ձգտել այսօր Կովկասը դարձնել փոխհամագործակցության տարածաշրջան եւ բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծել բանակցությունների ոչ թե քառակուսի, այլ կլոր սեղանների շուրջ։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. Փախստականների վարչության նախկին պետի հետ խոսել եւ շրջանցել փախստականների թեման, անշուշտ հնարավոր չէր։ Հարցազրույցի՝ փախստականներին վերաբերող հատվածին չենք անդրադարձել խիստ ընդարձակ ծավալից խուսափելու համար։ Վերոհիշյալ հարցին կանդրադառնանք քիչ ավելի ուշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728