Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերական համակարգի ճգնաժամը

Փետրվար 23,1999 00:00
chgnajam

Հետխորհրդային տարածքներում տնտեսությունը դարձել է հասարակության դեմոկրատացում անվանվող քաղաքական ֆարսի պատանդը։ «Դեմոկրատացման» գլխավոր հետեւանքը տնտեսության ճգնաժամն է եւ բնակչության կենսամակարդակի անկումը։

Հանրապետության ձեռնարկությունները մի քանի տարի չեն գործում։ Պետությունը այս հարցում ողջ պատասխանատվությունը բարդել է ձեռնարկությունների ղեկավարության վրա։ Հետեւաբար, այսօրվա աղետալի վիճակն ամենեւին էլ զարմանալի չէ։ Ձեռնարկությունների զգալի մասը սնանկ է եւ մեծ պարտքեր ունի բյուջեին։ Նրանց գույքի վրա կալանք դնելով՝ հարկային տեսչությունը դրանք հանում է աճուրդի՝ «Ադամանդ» բորսայի միջոցով։ Հանրապետությունը, փաստորեն, գրոշներով կորցնում է իր արդյունաբերական պոտենցիալը։ Զուգահեռ, իհարկե, հարստանում է բորսան։ Բորսայի լոտերի 90 տոկոսը ձեռնարկությունների գույքն է։

Ավելի ճիշտ կլիներ, որ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը ստեղծեր սեփական ապրանքահումքային բորսա։ Վաճառքը պետական հսկողությամբ իրականացնելիս այն առաջին հերթին կարելի էր առաջարկել դրանց կարիքն ունեցող սեփական ձեռնարկություններին։ Բորսայի միջոցով հնարավոր կլիներ ուղղորդել ներքին եւ արտաքին ներդրումները, ձեռք բերել առանձին արտադրամասեր եւ ձեռնարկություններ։ Տնտեսության մեջ անիշխանությունն այն աստիճան է խորացել, որ ձեռնարկության ղեկավարները հանգիստ վարում են իրենց ստվերային արտադրությունը։

Նրանց ամենեւին չի մտահոգում ձեռնարկությունների պարտքերի աճը։ Անգամ ամենածանր տարիներին արտադրական հիմնարկներն աշխատել են. բայց աշխատել են ղեկավարության գրպանի համար։ Ձեռնարկություններին բաժին է «հանվել» միայն վրադիր ծախսերն ու սարքավորումների մաշվածքը։ Արդյունքում, ղեկավարները լուրջ գումարներ աշխատեցին, իսկ ձեռնարկությունները լուրջ պարտքեր կուտակեցին։ Այդ պարտքերի պատճառով ոչ ոք պատասխանատվության չկանչվեց։ Դրանք, հավանաբար, դուրս կգրվեն՝ որակվելով անհուսալի։ Համապատասխան ֆինանսական մարմինները դեռ երկար են քննարկելու ձեռնարկությունների պարտքերը (խոսքն հատկապես բանկային վարկերի մասին է, որոնք տրվել են ձեռնարկությունը գրավ դնելու դիմաց)։

Սրանք արտադրական համակարգի համար սովորական կորուստներ չեն։ Այս ընթացքում ձեռնարկությունները կորցրին պրակտիկորեն ամեն ինչ՝ շուկա, ֆինանսական միջոցներ, արտադրական հզորություններ, որոնք 10 տարուց ավելի չեն թարմացվել ու վերանորոգվել։ Հանրապետության արտադրական համակարգում սարքավորումների միջին տարիքն արդեն գերազանցում է 20 տարվա ցուցանիշը։ Եթե հենց հիմա կտրուկ քայլեր չձեռնարկվեն, ապա արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը կարող է վերածվել շարքային բաժնի։ Ընդ որում, դժվար է ենթադրել, թե որ նախարարության կազմի մեջ մտնելով։

Դժվար է գուշակել, թե այլ ինչ «արժեքավոր» խորհուրդներ են մեզ տալու Համաշխարհային եւ Եվրոպական բանկերը՝ (մեր) վերակառուցման եւ (իրենց) զարգացման։ Նման քաղաքականության զոհը հանրապետության արտադրական համակարգն է։ Սակայն միայն արտադրական համակարգի վերականգնման եւ զարգացման շնորհիվ է հնարավոր մոտակա «պայծառ» ապագայում փակել երկրի արտաքին պարտքը։ Այն բավական արագ աճում է առաջիկա մեկ-երկու տարում՝ գերազանցելով մեկ մլրդ դոլարի սահմանագիծը։ Այն վիճակի պատճառով, որի մեջ հայտնվել է հանրապետության արդյունաբերությունը, արտաքին պարտքի մարման ժամկետները կփոփոխվեն։ Դրանք, բնականաբար, կհետաձգվեն, ինչն իր հերթին ավելի կվատացնի տնտեսության ընդհանուր վիճակը։

ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728