Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՖԻԳՈ՞ՒՐ, ԹԵ՞ ՀԱԿԱԿՇԻՌ»

Մարտ 03,1999 00:00 Share
Suren Harutyunyan

Խորհրդային Հայաստանի Կենտկոմի նախավերջին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի մասին հիշողությունները մինչեւ վերջերս խամրած էին։

Անցած տարի նախագահական ընտրություններին պարոն Հարությունյանի անունը դարձյալ Հայաստանում շրջանառության մեջ մտավ։ Անգամ ասում են, որ նրան համոզել են դնել իր թեկնածությունը որպես նախագահի թեկնածու։ Ընտրություններից հետո, մինչեւ նախագահի վերջին հրամանագիրը (նրան ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ եւ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին), Սուրեն Հարությունյանի ֆիգուրը դարձյալ հայաստանյան շրջանակներում (գոնե՝ պաշտոնական) չէր երեւում։

Երեկ Սոցիալիստական միության ստեղծմանն իր ներդրումը բերեց նաեւ պրն Հարությունյանը, սակայն ոչ հրապարակավ։ Սոցիալիստական ուժերի համախմբման արարողությունից հետո նո՛ր պարոն Հարությունյանը եկավ հանդիպման վայր։

Մեր զրույցի մեկ-երկու րոպեների ընթացքում մի քանի հարց ուղղեցի նրան։

– Պարոն Հարությունյան, ճի՞շտ է, որ դուք Մոսկվայում մեծ բիզնես ունեք. խանութներ եւ այլն։ Եվ, առհասարակ, ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում։

– Բիզնեսի մասին լուրը շատ ծիծաղելի է, քանի որ ես բիզնեսից այնքա՜ն հեռու եմ կանգնած եւ երբեք բիզնեսով չեմ զբաղվել։ Եվ ես ոչ մի սեփականություն Մոսկվայում չունեմ՝ բացի իմ բնակարանից, որը ժամանակին ստացել եմ։ Մոսկվայում ես աշխատում եմ արտաքին գործերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Դիվանագիտական աշխատանքով էի զբաղվում։ Հիմա ընդունեցի Հայաստանի նախագահի առաջարկությունը եւ ստանձնեցի դեսպանի պարտականությունը։

– Փաստորեն, այդ առաջարկն արվել է, երբ դուք Մոսկվայո՞ւմ էիք։

– Ոչ։ Ես այստեղ եմ եղել. արձակուրդում էի։ Հանդիպում եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի՝ մեր նախագահի հետ։ Մենք ունեցանք բավականին երկար զրույց։ Եվ այդ զրույցի ժամանակ ինձ առաջարկվեց դեսպանի եւ ԱՊՀ ներկայացուցչի աշխատանքը։

– Այս նշանակումը ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ ինչ-որ ձեւով արդեն պատրաստ էիք, որ հենց Բելառուսում կնշանակվեք։

– Անակնկալ չէր, որովհետեւ ես միշտ էլ ձգտում ունեի ծառայել ե՛ւ մեր հանրապետությանը, ե՛ւ մեր ժողովրդին։ Եվ, առավել եւս, եթե ես կարող եմ օգտակար լինել հանրապետության համար։

– Հայաստանում ներքաղաքական կյանքը եռում է, առջեւում խորհրդարանական ընտրություններ են։ Ձեր գնահատականը՝ ինչպե՞ս կզարգանան դեպքերը։

– Հայաստանի ներքաղաքական վիճակը բարդ է։ Բայց, այնուամենայնիվ, հուսով եմ եւ կարծում եմ՝ ի վերջո պետք է լինի ազգային ուժերի կոնսոլիդացում՝ հանուն այն բանի, որ հաջողությամբ կարողանանք լուծել քաղաքական եւ հատկապես սոցիալական, տնտեսական հարցերը։ Եթե հիմնական քաղաքական ուժերի կոնսոլիդացումը չլինի, ապա շատ դժվարին կլինի լուծել այդ կենսական խնդիրները։

Այս խոսքերն ասելուն պես՝ պարոն Հարությունյանը ոտքի կանգնեց. այսինքն՝ այսքանից ավելի հիմա չեմ կարող ասել։ Ոտքի վրա ճշտեցի, որ Սուրեն Հարությունյանը «Ռուսաստան- Բելառուս-Հայաստան» միության անդամ չի եղել։ Պարոն Հարությունյանը խոստացավ շատ շուտով հարցազրույց տալ, մանավանդ, որ տասը օր դեռ Հայաստանում է լինելու։

Իսկ «կուլուարներում» հասցրեցի իմանալ, որ պարոն Հարությունյանի կինը Ղարաբաղից է, որդին Մոսկվայում մի հայտնի ֆիրմայում է աշխատում, որի տնօրենը հայ է եւ՝ որ նրա համար ամենահետաքրքիրը Կապաբլանկայի շախմատային պարտիաների խնդիրները լուծելն է եղել։ Իհարկե, դպրոցական տարիներին։

Իսկ թե ինչո՞ւ են պարոն Հարությունյանին հենց ա՛յս շրջանում պաշտոն տալիս, թե քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի, եւ այլ հարցեր, որոնք պարզապես չկարողացանք տալ, կարծում ենք, հենց պարոն Հարությունյանի խոստացած հարցազրույցում կճշտենք։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031