Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Մարտ 10,1999 00:00
Hayk Nikogosyan

ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամլո ասուլիս հրավիրելը պարտադիր չէր համարում։ Այդուհանդերձ հրավիրել էր «ոչ միայն իր մտքերը հայտնելու», այլեւ լրագրողների միջոցով «ձեռքը հասարակության պուլսի վրա պահելու»։ Իր բնորոշմամբ, նախարարն այս «երկկողմանի գործընթացի» ժամանակ խոստացավ պատասխանել երեք հարցերի՝ ինչ է արվել, ինչ չի արվել, ինչ է արվելու։

Նախեւառաջ առողջապահության նախարարը ճիշտ համարեց ամիսներ առաջվա իր այն մտահոգությունը, որ առողջապահության նկատմամբ անվստահության մթնոլորտ է առաջացել եւ հատկապես՝ վերջին մի քանի տարում։ Առանց հարցը «անձնավորելու, որեւէ մեկին մեղադրելու», Հայկ Նիկողոսյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում վերականգնել այս ոլորտի նկատմամբ վստահությունը, ընդ որում նաեւ իրենց՝ բուժաշխատողների կորցրած վստահությունը։ Ներկա նախարարը այս անգամ եւս առիթը բաց չթողեց, թող որ առանց «անձնավորելու», իր նախորդի «քաղաքական գնահատականը» տալու՝ խարխլված, վերջին թելերով կապված (այնքան էլ պարզ չէ՝ ինչին- Ա. Գ.) համակարգ։

Պրն Նիկողոսյանն իր «առաջին իսկ քայլերը նվիրել է» «թելերի ամրապնդման» նկատմամբ հավատի մթնոլորտի ձեւավորմանը։ Քանի որ իրատեսական չի համարում երեք ամսում ֆինանսական խնդիրները լուծելը, մեխանիզմներն ամբողջությամբ մշակելը։ Դրանով է պրն նախարարը պայմանավորում (եւ ինքն էլ գնահատում) «իր շատ ակտիվ» քաղաքականությունը՝ ելույթներ, այցեր։ Ինքնաճանաչման նախանձելի օրինակ ծառայեց պրն Նիկողոսյանի այն հայտարարությունը, որ այս հարյուր օրվա ընթացքում ինքը թողել է «շատ խոսող նախարարի տպավորություն» (մանավանդ որ ինքը «խոսում է նաեւ նախորդների փոխարեն»)։ Դա եղել է նրա քաղաքականությունը, հուսանք՝ հարյուր օրվա։

Թեեւ պրն Նիկողոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պիտի գնահատի իր պաշտոնավարման առաջին եռամսյակը, այդուհանդերձ ներկայացրեց իր տպավորությունը. «Հասարակության մեջ եւ համակարգում հիմա մի տեսակ ավելի մոբիլիզացիոն իրավիճակ է, ավելի վստահության, ավելի հավատի, թունելի ծայրում լույս տեսնելու»։ Այս հետեւությունը անել նախարարին թույլ են տվել իր զրույցները լրագրողների (՞) եւ համակարգի աշխատողների հետ։ (Մենք օգտվում ենք Հայկ Նիկողոսյանի կողմից մեզ տրված այն թույլտվությունից, որ կարող ենք իր հետ համաձայն չլինել)։ Համարելով, որ համապատասխան մթնոլորտն արդեն ստեղծված է, անցում է կատարվում երկրորդ էտապին, որը «արդեն աշխատելու ժամանակն է»։

Խոսելուն զուգահեռ առողջապահության նախարարը մտահոգված է նաեւ բժշկական օգնության մատչելիության անկմամբ։ Նրա կարծիքով, մարդիկ բժշկի չեն գնում ոչ այնքան այն պատճառով, որ բուժումը թանկ է, որքան այն՝ որ չգիտեն, թե ինչ արժե։ Չկա նաեւ պետպատվերի հետեւողական իրականացման կանխատեսելիություն։ Բուժհամակարգից ժողովրդի օտարման պատճառներից մեկն էլ ամբուլատոր ծառայությունը վճարովի դարձնելն է։ Այս բոլորը հանգեցրել են նրան, որ 2-2,5 ամիս է՝ նախարարությունում արդեն ընդունված բյուջեի պայմաններում «գիշեր-ցերեկ զբաղվում» են նոր ֆինանսական մեխանիզմների մշակմամբ։ Փոխվել եւ արդեն կառավարության կողմից ընդունվել է այս տարվա պետական պատվերը կանոնակարգող որոշումը՝ անունից սկսած։ Մեկ անգամ եւս հիշեցվեց, որ հին՝ պետական պատվեր անունն անհասկանալի էր, եւ այն փոխարինվել է պակաս «խորթ»՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ ծառայությունների փաթեթ» անունով։

«Սկզբունքային փոփոխությունների» շարքում պրն Նիկողոսյանը նշեց այն «կատեգորիաների պարզեցումը», որոնք «արտացոլում են անվճար բուժօգնության իրավունք ունենալու կամ չունենալու սահմանը»։ Փոփոխվել է նաեւ ամբուլատոր-կլինիկական բուժօգնության ֆինանսավորման կարգը. այսուհետեւ պոլիկլինիկաները ֆինանսավորվելու են ոչ թե այցելությունների թվի համաձայն, ինչպես առաջ էր, այլ պոլիկլինիկայի սպասարկման տարածքում ապրող բնակիչների թվով։

Եթե մանկական պոլիկլինիկաներում բուժօգնությունը ամբողջությամբ է վերադառնում անվճար համակարգ, ապա մեծահասակներինը՝ մասամբ։

Հայկ Նիկողոսյանը նորից ասաց այն ամենը, ինչ որ բազում անգամներ արդեն ասել էր՝ «Ապահովագրության մասին» ապագա օրենք, մարզերում տարվող ակտիվ քաղաքականություն, միջազգային հումանիտար օգնությունների համակարգում, Ռուսաստանի հետ 7-8 տարվա խզված կապերի վերականգնում։ Մարզեր կատարած այցելությունների ժամանակ առողջապահության նախարարը հատկապես կարեւորում է հոգեբանական կողմը. գյուղեր կան, որ ոչ թե առողջապահության, այլեւ ընդհանրապես նախարար չեն տեսել։

Հայկ Նիկողոսյանն ինքն էլ «ամենատարօրինակը» այն է համարում, որ հակասպիդի մասին առողջապահության նախարարից բացի, բոլորը խոսում են։ Ինքն էլ խոսեց, իհարկե, «խոսեցնելուց» հետո։ Նրա կարծիքով, այդ ամենի շուրջ պետք էր ավելի «զուսպ եւ հավասարակշռված» մթնոլորտ ստեղծել։ Մոսկվա կատարած իր այցելության ժամանակ պրն Նիկողոսյանը չի հանդիպել իր սպասած հետաքրքրությանը այս «սենսացիոն հայտնագործության նկատմամբ», նույնիսկ՝ լրագրողների կողմից։ Պրն Նիկողոսյանը բավարար չհամարեց սպիդով հիվանդների թիվը, հետո ճշտեց՝ այս հետազոտության մեջ ներգրավված սպիդով հիվանդների թիվը։ Իսկ ընդհանրապես առողջապահության նախարարը «խանդով» չի վերաբերվել այն հանգամանքին, որ դեղի մասին հայտնել է այլ գերատեսչության ղեկավար. «Այդ պահին պետք էր, որ նա հայտներ»։

Ճիշտ է, այս մեկը չի կարելի դասել պրն Նիկողոսյանի նախարարական նվաճումների շարքին, այնուամենայնիվ, հենց նա է Մոսկվայում ԽՍՀՄ նախկին առողջապահության նախարար Չազովին հանձնել երկրաշարժի 10-ամյակի առթիվ ՀՀ նախագահի կողմից վերջինիս տրված մեդալը։ Նա չասաց, մենք էլ ստիպված էինք հարցնել, թե իր պաշտոնավարության սկզբում 100 օրվա համար ինչ ծրագրեր է ունեցել, որ չի հասցրել իրականացնել։ Պարզվեց, որ դա վճարովի բուժօգնության կանոնակարգումն է։ «Միայն դա՞»,- մասնավորեցինք մենք։ «Ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչ եմ արել, որ չասացի»,- համարյա վրդովվեց Հայկ Նիկողոսյանը։

Նախարարին ցանկանանք, որ հաջորդ 100 օրը լրանալուց հասցնի իրականացնել իր բոլոր ցանկությունները։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031