Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մարտ 16,1999 00:00
paxstakan

Եթե հայերին իրար հետ «կռվացնելու» այլ առիթ չգտնվի, ապա փախստական-տեղացի երկվությունը լիուլի բավարար է դրա համար։

Փախստականները քաղաքացիություն չեն ուզում ընդունել, որովհետեւ տուն են ուզում, աշխատանք են ուզում եւ մարդավայել կյանք։ Եթե այս բոլորը չկա (փաստորեն՝ չկա), ուրեմն հանրապետությունից հեռանալու իրավական, «միջազգային չափանիշներին» համապատասխան պայմաններ են ուզում։ Տեղացիներն էլ իրենց հերթին դժգոհում են՝ իբր թե մենք տուն-տեղ-աշխատանք ունենք, մնացին փախստականները։ Տանը կռիվ գցելու առիթ՝ որքան ուզես։

Սակայն փախստականների հարցերով զբաղվելու եւ դրանք լուծելու միջազգային ստանդարտներ կան, որոնք իրականացնում է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Գրասենյակի այլ աշխատանքներին չանդրադառնանք, քանի որ փաստը, որի մասին պետք է խոսենք, ավելի քան պերճախոս է։ Արթիկ քաղաքում ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակը կառուցել է 2 հատ 2 հարկանի, մեկ հատ երեք հարկանի եւ մեկ հատ չորս հարկանի շենքեր։ Ընդհանուր հաշվով՝ 40 բնակարան։ Շենքերը պատրաստ էին եւ աղետի տարելիցի կապակցությամբ՝ 1998 թ. դեկտեմբերի 5-ին, դրանք շահագործման հանձնվեցին։

«Առավոտ»-ին հայտնի դարձավ, որ այս բնակարաններից մի քանիսը (14 բնակարան) ապօրինաբար հանձնվել է տեղացիներին։ Իսկ յուրաքանչյուր շենքի յուրաքանչյուր շինարարական աշխատանքներ իրականացնելուց առաջ ՀՀ կառավարությունը եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակը, ընդունված կարգի համաձայն, պայմանագիր են կնքում, մոտավորապես այս ենթատեքստով՝ մենք կառուցում ենք փախստականների համար, դուք պարտավորվում եք բնակարանները հանձնել միմիայն փախստականներին։ Սակայն, հավանաբար, դժվար է գայթակղությանը դիմանալ եւ ուրիշի կառուցածի վրա որոշ ոտնձգություն չանել։ Փաստը ՄԱԿ-ի գրասենյակում, չգիտես ինչու, ոչ ժխտեցին, ոչ էլ հաստատեցին։ Արթիկի քաղաքապետ Ս. Բաբոյանը խիստ յուրօրինակ բացատրություն ուներ։ Նրա ասելով՝ ոչ թե ինքն է տվել այդ բնակարանները, այլ մարդիկ ապօրինաբար խցկվել են (հիշեցնում եմ՝ 14 բնակարան)։ Եթե հավատանք, որ իրոք այդպես է, ապա ինչպե՞ս վերաբերվենք պարոն Բաբոյանի հետեւյալ մտքին։ Նրա ասելով՝ վտանգավոր նախադեպը եղել է փախստականների կողմից, նրանք ինչ-որ ժամանակ տեղացիների համար կառուցվող կիսակառույց են ներխուժել ու գրավել։ Հիմա էլ, ըստ պարոն Բաբոյանի, տեղացիներն են մտել փախստականների համար կառուցված շենքը. «Հիմա էլ ՄԱԿ-ը իրոք իր միջոցներով շենք է հանձնել, մարդկանց դա օրինակ է ծառայել, իրենք էլ 14 բնակարան մտան»,- ամփոփեց իր միտքը Արթիկի քաղաքապետը։

Ապօրինաբար բնակարաններ զբաղեցրածները ոչ օրդեր ունեն եւ ոչ էլ համապատասխան որոշում. «Դե յուրե, իհարկե, ապօրինություն է, բայց որ նայում ես կյանքի տեսակետից…»։ Արթիկի քաղաքապետի ասելով բնակիչներն իրենք են զավթել բնակարանները, ոմանց ասելով՝ քաղաքապետն է բնակարանների հարցն այդպես լուծել։

Իսկ ՀՀ սոցապ նախարարության փախստականների վարչության պետ Հ. Ահարոնյանը միանգամից ընդունեց, որ «Առավոտի» ինֆորմացիան ճիշտ է, սակայն «մինչ փախստականները կտեղավորվեին, մենք փաստի առաջ էինք կանգնել»։ Գործի մասին ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ վարչության պետի ասելով՝ հայտնվել է դատախազություն։ Վարչության պետի ասելով՝ քաղաքապետն ասում է, թե մինչեւ այս ամսի 20-ը հարցը կլուծվի, թեպետ վարչության պետը «շատ քիչ է դրան հավատում»։

Շատ լավ հասկանալով աղետի գոտու, փախստականների եւ ընդհանրապես հանրապետության խնդիրները, առաջարկում ենք այս հարցը շտապ լուծել։ Կարծում ենք, դա առաջին հերթին հարկավոր է ՄԱԿ-ՀՀ կառավարություն հարաբերություններն էլ ավելի չվատացնելու, նաեւ ՄԱԿ-ի աչքից ավելի չընկնելու համար։

Մեզ մնում է ենթադրել, թե ինչո՞ւ է ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակը այս հարցին խուսափողական պատասխան տալիս։ Հավանաբար, իր անմիջական ղեկավարին արդեն ինֆորմացիա է տրվել, որն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

Փախստականների վարչության պետի ասելով, ինքը պատրաստվում է տվյալ հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ խորհրդարանում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ մոտ երեք ամիս ուշացումով է արվելու այդ բանը։ Իսկ մեր հրապարակումը, ըստ վարչության պետի՝ կնպաստի ՄԱԿ-ի եւ մեր երկրի հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Հարաբերությունների ամրապնդումն իր հերթին, սակայն այստեղ, ցանկության դեպքում անելիք կգտնի նաեւ դատախազությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031