Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 27,1999 00:00
erexaner

Ոչ ոք չի կարող հասարակությունից դուրս ապրել։ Հասարակության մեջ լիարժեք ապրելու կարողությունն էլ մեծ հմտություն է ու, թերեւս, ամենակարեւոր հմտությունը, որը պետք է մարդու մեջ դաստիարակվի վաղ մանկուց։

Հիմա շատ են խոսում այն մասին, որ դպրոցը միայն գիտելիքներ չպիտի տա, այլեւ կյանքի հմտություններ։ Հենց այդ անվամբ նոր ուսումնական առարկա պիտի մոտ ապագայում դպրոց մտնի։ Բայց եթե սովորական հանրակրթական դպրոցների եւ ֆիզիկապես ու մտավոր առողջ երեխաների դեպքում այդ հարցի լուծումը քիչ թե շատ պարզ է, այս հասարակության անդամ մեկ այլ խմբի համար այնքան էլ հստակ չէ։ Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր կրթվում ու դաստիարակվում են առանձնացված, հատուկ դպրոցներում, առանձնացված, հատուկ պայմաններում, բայց դրանից հետո պետք է մտնեն հասարակության մեջ, որտեղ հնարավոր չէ առանձնացված ապրել։ Համաշխարհային մանկավարժության մեջ նորություն չեն բանավեճերն այն մասին, թե որքանո՞վ է նպատակահարմար մտավոր կամ ֆիզիկապես անկարող ու ընդհանրապես հատուկ կարիքներով երեխաների ուսուցումը առաձին դպրոցներում կազմակերպելը։ Ինտեգրացված ուսուցման կողմնակիցները պնդում են, որ ֆիզիկապես եւ մտավոր առողջ, թե հիվանդ բոլոր երեխաները հանրակրթական դպրոցում սովորելու իրավունք ունեն եւ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները դա ապահովելու համար։

Արտասահմանյան երկրներում սկսված շարժումը, որի հիմքում մի շարք միջազգային համայնագրեր են ընկած, նաեւ Հայաստան մուտք գործելու «մտադրություն ունի»։ Խորհրդային կրթական համակարգի ավանդույթներով ուսուցման հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը կազմակերպվել եւ մինչ օրս էլ կազմակերպվում է հատուկ գիշերօթիկ դպրոցներում։ Ինտեգրացված ուսուցման, այսինքն հատուկ կարիքներով երեխաների ուսուցումը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու մասին Հայաստանում եւս մեկ տարի չէ, որ խոսվում է, բայց ի տարբերություն արտասահմանյան շատ երկրների, որտեղ այդ՝ գործընթացն արդեն իրականացման փուլում է, մեզ մոտ այդ դեռ միայն մտադրության մասին խոսակցությունների փուլում է։ Եթե նկատի ունենանք, որ այլ երկրներում այդ գործընթացը մի քանի տասնյակ տարի է տեւում, ապա ինչ-որ հեղափոխություն այդ հարցում պետք չէ ակնկալել։ Մանավանդ, որ կրթական համակարգն իր էությամբ պահպանողական է եւ ցանկացած փոփոխություն պետք է արվի շատ զգույշ եւ աստիճանաբար։ Սակայն էլ ավելի կարեւոր է հասարակության վերաբերմունքը ինտեգրացված ուսուցման, առողջ ու հիվանդ երեխաների համատեղ ուսուցման նպատակահարմարության նկատմամբ։

Երեկ ավարտվեց կրթության եւ գիտության նախարարության մանկավարժական գրադարանում կազմակերպված եռօրյա սեմինարը, որում քննարկված հարցերը հենց այս մասին էին։ Սեմինարը կազմակերպել էր նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ եւ գիշերօթիկ դպրոցների ներկայացուցիչների, հարցին առնչվող մասնագետների մասնակցությամբ։ Սեմինարին ներկա էին նաեւ այն դպրոցների ներկայացուցիչները, որոնք ինտեգրացված ուսուցում կազմակերպելու փորձ ունեն։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում Շվեդիայի Գուտենբերգի համալսարանի դասախոս Իրեն Լոպեսը, որը վարում էր այդ սեմինարը եւ հայ մասնագետներին ծանոթացնում ինտեգրացված ուսուցման հարցում արտասահմանյան փորձին։ Այդ թեմայով մեր հարցազրույցը տիկին Լոպեսի հետ կներկայացնենք առաջիկա համարներից մեկում։

Ինչ վերաբերում է այսօրվա մեր հնարավորություններին եւ նման ծրագրի իրականացման նպատակահարմարությանն ընդհանրապես, ապա տեսակետները, անգամ սեմինարի մասնակիցների այդ փոքրիկ խմբում, բազմազան էին, եւ դրանց եւս կանդրադառնանք։ Սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացմանը զուգընթաց՝ գիշերօթիկ դպրոցները հատուկ կարիքներով երեխաների ուսուցումն ապահովելուց զատ, դարձել են փրկություն այն ծնողների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ իրենց երեխաների ուսուցման եւ խնամքի համար անհրաժեշտ ծախսերը։ Մինչդեռ հասարակությունից երեխային չառանձնացնելու գաղափարի կարեւոր պայմաններից մեկն էլ այն է, որ երեխան ընտանիքում մեծանա։ Այնպես որ, բացի ինտեգրացված ուսուցման նկատմամբ հասարակության բարյացակամ վերաբերմունք ձեւավորելուց, նաեւ սոցիալական խնդիրների լուծման ուղիներ պիտի որոնվեն։ Ու ոչ միայն ծնողների համար։

Սեմինարի ժամանակ նաեւ այսպիսի գործոն նշվեց. մանկավարժը պատրաստ է նույն դասարանում պարապել երկու տարբեր աշակերտի հետ, երկու տարբեր ուսումնական ծրագրերով ու մեթոդներով, բայց որ դրա համար 7 հազար դրամ աշխատավարձ չստանա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031