Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԿԱՏԱՐՎԵԼ

Ապրիլ 14,1999 00:00
datakan

Եվ ոչ ոք պատասխան չտա՞

Վարազդատ Ավագյանի անձնական փոխհարաբերությունները, մասնավոր ձեռնարկները դժվար թե մեզ գրավեին, առավել եւս, դրվեին հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն հետաքրքրեց այն պարզ պատճառով, որ դատարաններից մեկի հերթական վճիռը չի կատարվում 1998 թ. օգոստոսից։ Եվ ստացվում է այսպես. դատարանը վճիռ է կայացնում, եւ չի կատարվում։

Մինչեւ օրս վճիռ չկատարելու հանգամանքը «միամտաբար» կապում էի առավել հնչեղ, «միջազգայնացված» նշանակության գործերի հետ, երբ անկախ մեր հանրապետության քաղաքացիների կամքից, ենթադրվում էր լուծվել, ի կատար ածվել «դիվանագիտական» ինչ-ինչ խողովակներով։ Սակայն չարաչար սխալվում էի։

Ահա դասական պարզության մի քաղաքացիական գործ, որը թվում է՝ ավարտվել է, բայց չի ավարտվել։

Վարազդատ Ավագյանը 1995 թ. նոյեմբերին Վաչիկ անունով մի ծանոթի միջնորդությամբ Լաուրա Մկրտչյանին տալիս է 2200 ԱՄՆ դոլար, որի համար որպես երաշխիք վերցնում է ոչ միայն 115 գրամ ոսկյա զարդեր, այլեւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան՝ տեխնիկական անձնագրով, որը շուտով վերադարձվում է։

Անցնում է պայմանավորված ժամանակը, ո՛չ փողն է վերադարձվում, ո՛չ խոսք է բացվում այն տալու մասին։ Եվ միայն երկու տարի անց է Վարազդատին տրվում… գրավոր ստացական։ Վարազդատը հայտնվում է նյութական ծանր վիճակում եւ ստիպված է լինում վաճառել իրեն երաշխիք տրված ոսկյա զարդերը, որոնց քաշը, ի դեպ, մի լավ շահարկման առարկա դարձավ Շահումյանի շրջանի ժողդատարանում (ըստ Լ. Մկրտչյանի, ոսկյա իրերի քաշը եղել է 40 գրամ)։

Նախկին ազատամարտիկը, ԵԿՄ անդամը հույսը կապում է դատարանի հետ, հավատալով, թե դատարանից գոնե «քաշվելով», վախենալով, Լաուրան իր պարտքը կվերադարձնի։ Վերջինս էլ իր հերթին դատարանում արդարանում էր, թե ինքն էլ է եղել ծանր նյութական վիճակում, որի պատճառով չի կարողացել վերադարձնել պարտքը։ Եվ երբ կամեցել է պարտքը վերադարձնել, տեղեկացել է, որ Վարազդատը վաճառել է իր ոսկյա իրերը։ Նա, ավելին, հայցվորից պահանջում էր վերադարձնել իր զարդերը, որից հետո պարտավորվում էր պարտքը տալ։ Դատարանը, առաջնորդվելով 1997 թ. նոյեմբեր ամսվա ոսկյա զարդերի 1 գրամի շուկայական արժեքի ճշտմամբ (ըստ ֆիննախի տված տեղեկանքի), պարզել էր, որ 1 գրամի շուկայական արժեքը կազմում է 5000 դրամ (10 դոլարին համարժեք), հիմք ընդունելով նոյեմբերին գրած ստացականը, որպես գրավոր միակ ապացույց, վճռել էր Վարազդատ Ավագյանի հայցապահանջը բավարարել։ Եվ Լաուրայից, հօգուտ Վարազդատի, բռնագանձել 1050 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Այս վճիռը, ի դեպ, չի բողոքարկվել եւ, փաստորեն, մինչեւ օրս չի էլ կատարվել։ Մեր դատավորներն ու դատական բարեփոխումներով մեզ «հաթաթա» տվող պաշտոնյաները զարմանալու փորձեր են անում, երբ նմանօրինակ վճիռներից կամ որոշումներից ես խոսում, վկայակոչում։ Նորից եմ կրկնում, սա ամենաանմեղ գործերից է։ Իսկ ի՞նչ է սպասվում ավելի ծանր գործերի կապակցությամբ կայացրած դատավճիռներից հետո։ Մեզ մնում է առաջիկայում ձեզ ներկայացնել բացառիկ մի շարք, ցուցակը այն դատավճիռների եւ որոշումների, որոնք չեն կատարվում տարիներ ի վեր։ Ներկայացնելը՝ ներկայացնել, իսկ ո՞վ է պատասխան տալու դատարանի «վրայով անցնելու» համար։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930