Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՌԵՎԱՆՇ

Ապրիլ 21,1999 00:00
Bulenq Ejevit

Թուրքիայի կիրակնօրյա քվեարկությունները փաստեցին, որ երկրի բնակչությունը սկզբունքորեն տարբերություն չի տեսնում աջ կամ ձախ շարժվելու միջեւ: Կարեւորը նրանց համար, ընդհանրապես, որեւէ ուղղությամբ շարժվելն է: Ընտրողներն ընդդիմացան ավանդական որհրդարանական կուսակցությունների տեղում դոփելուն եւ փոխեցին քաղաքական ներկապնակի գույներանգը: Պակասեցրին իսլամական կանաչը, ավելացրին գորշ գայլերին:

Թուրքերը ձգտում են փոփոխությունների

Դա է հիմնական հետեւությունը, որը կարելի է անել ապրիլի 18-ի պառլամենտական ընտրությունների արդյունքներից: Այդ մասին է վկայում նույնիսկ այն փաստը, որ առաջնությունը ստացել է գործող վարչապետ Բուլենթ Էջեւիթի Ձախ Ժողովրդավարական կուսակցությունը: 74-ամյա Էջեւիթի քաղաքական ասպարեզում հայտնվելը ինքնին կտրուկ փոփոխություն էր: Նա վարչապետ դարձավ միայն վերջերս, երբ պառլամենտում ներկայացված հիմնական ուժերը չորս տարվա փորձերից հետո վերջնականապես ընդունեցին կայուն կառավարություն ստեղծելու սեփական անզորությունը: Նախագահ Դեմիրելը բերեց հարուստ քաղաքական կյանք ապրած, բազմիցս վարչապետի պաշտոնը զբաղեցրած փորձառու ծերունուն, որի ղեկավարած կուսակցությունը 1995 թ. ընտրություններում հազիվ կարողացավ Մեծ ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ ձայների քանակություն հավաքել:

Էջեւիթին, փաստորեն, առաջարկվեց խաղաղության աղավնու դերը եւ, պետք է ասել, նա լավագույնս կատարեց նախագահի առաջադրանքը: Նրան հաջողվեց որոշ չափով սառեցնել պառլամենտում եռման աստիճանի հասած կրքերը եւ անխափան հասցնել Թուրքիայի քաղաքական նավը նոր ընտրություններին: Այդ հաջողությունը ներքաղաքական ասպարեզում, ինչպես նաեւ այն, որ հենց իր ղեկավարման օրոք ձերբակալվեց Աբդուլլահ Օջալանը, մեծապես նպաստեց Էջեւիթի կուսակցության վարկանիշի աճին: Ապրիլի 18-ին ձախ ժողովրդավարները, համաձայն նախնական տվյալների, ստացել են ձայների մոտ 22 տոկոսը: Դա սակայն կարող է Պիրոսյան հաղթանակ լինել, քանի որ բավական չէ կառավարություն կազմելու համար, եւ Էջեւիթը ստիպված է լինելու դաշնակիցներ գտնել պառլամենտում ներկայացված այլ ուժերի շարքում: Եթե մոտ ապագայում կոալիցիոն կառավարությունը չձեւավորվի, Նախագահ Դեմիրելը կարող է կառավարություն կազմավորելու իրավունքը փոխանցել մեկ այլ քաղաքական ուժի: Այս պարագայում ամենակարեւորը ամուր դաշինք ստեղծելու հարցն է: Բայց ո՞ւմ կարող է ներգրավել Էջեւիթը:

Ա՞ջ, թե՞ ձախ

Ձայների մեծամասնությամբ Էջեւիթի ձախ սոցիալ-ժողովրդավարական ուղղվածություն ունեցող կուսակցությունից հետո գալիս են ծայրահեղ ազգայնական աջերը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ: Նրանց հաղթանակը ընտրությունների գլխավոր սենսացիան է: Դիտորդներն այն արդեն գնահատել են որպես «քաղաքական ցունամի»: Ընտրությունների նախօրեին Բահչելիի կուսակցության մասին գրեթե չէին հիշում, միայն ամենահամարձակ փորձագիտական վերլուծություններում քննարկվում էր այդ կուսակցության կողմից 10 տոկոս արգելքը հաղթահարելու եւ խորհրդարան մտնելու հնարավորությունը: «Գորշ գայլերը», ինչպես անվանում են ազգայնական շարժման ներկայացուցիչներին, բառացիորեն ապշեցրին բոլորին, ստանալով քվեների 18-ից ավելի տոկոսը: Ազգայնականների հաղթանակը Թուրքական քաղաքականության ասպարեզում, վերջնականապես խառնելով խաղաքարտերը, կարող է առաջարկել քաղաքական փասիանսի բոլորովին անսպասելի լուծումներ: Դժվար թե ձախ կենտրոնամետ Էջեւիթը կարողանա ընդհանուր շփման եզրեր գտնել ծայրահեղ աջ Բահչելիի հետ: Ամեն դեպքում, վերջինիս հետ դաշինքը անշուշտ կպահանջի Էջեւիթից լուրջ զիջումներ, որոնց գործող վարչապետը ամենայն հավանականությամբ դեռեւս պատրաստ չէ:

Շունն ու կատուն

Աշխարհիկ հայացքների նվիրյալը լինելով, Էջեւիթը դժվար թե դաշինքի գնա նաեւ երրորդ տեղը զբաղեցրած իսլամիստական «Առաքինություն» կուսակցության հետ: Ի վերջո, հաղթողին մնում է ընտրել խորհրդարանում ներկայացված մնացած երկու կուսակցություններից՝ Մեսութ Յըլմազի «Բարօրությունից» կամ Թանսու Չիլերի «Ճշմարիտ ուղուց»: Երկուսն էլ ընտրությունների նախօրեին ֆավորիտ էին եւ պայքարում էին առաջին տեղերի համար, երկուսն էլ անսպասելիորեն հայտնվեցին վերջում: «Բարօրությունն» ու «Ճշմարիտ ուղին» աջ կենտրոնամետ պահպանողական ուղղվածություն ունեն եւ մինչ օրս երկրի քաղաքական բեմահարթակում առաջնային դերերն էին կատարում: Ինչպես գտնում են դիտորդները, Յըլմազն ու Չիլերը պարզապես շատ ջանք թափեցին միմյանց թուլացնելու համար եւ «հաջողության» հասան: Չնայած կուսակցական ծրագրերում բազմաթիվ սկզբունքային ընդհանրությունների, Յըլմազն ու Չիլերը Թուրքիայի քաղաքականության շունն ու կատուն են: Ընտրելով նրանցից մեկին Էջեւիթն անխուսափելիորեն մյուսի թշնամանքն է ստանալու: Եթե քաղաքական անկայունությանը գումարենք տնտեսական ստորջրյա խութերը՝ երկնիշ թվով արտահայտվող սղաճը, որը շարունակում է աճել, սոցիալական ապահովության խնդիրները, քրդական խռովությունները, ծաղկող կոռուպցիան, ապա պարզ է դառնում, որ Էջեւիթին դեռեւս վաղ է հաղթանակ տոնել:

Սցենարը կրկնվում է

Նույնիսկ եթե Էջեւիթին հաջողվի դաշնակից գտնել եւ կառավարություն ձեւավորել, այդ կոալիցիան դժվար թե կարողանա երկար դիմադրել ուժեղ ընդդիմության հետ պայքարում: Իսկ դա նշանակում է նոր դերակատարներով հին սցենարի կրկնությունը, երբ կառավարություններն անվերջ փոփոխվում են: Հենց դրանից էր Թուրքիան փորձում խուսափել նոր ընտրություններ անցկացնելով: Ինչքան էլ անսպասելի եղան ընտրությունների արդյունքները, ըստ երեւույթին, գումարելիների տեղերը փոխելով գումարը չփոխվեց եւ ներքաղաքական հիմնական իրադարձություններն ու հնարավոր ցնցումներն առջեւում են:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930