Լրահոս
Օրվա լրահոսը

…ԴՈՒ ՀԵՆՑ ԷՍՏԵՂ, ՆՈՒՅՆ ՕՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՐ ԻՄ ՀՈՐԸ

Ապրիլ 22,1999 00:00
Tot19

Ընտրություններից առաջ մարդիկ, հատկապես ընտրական հանձնաժողովների անդամները, լարվում են։

Թեեւ հիմնականում ոչ շատ բարի արտահայտություններով հիշատակվում է ԿԸՀ-ն, սակայն մարզային հանձնաժողովներն էլ՝ հեռո՜ւ, աննկատ մի շինությունում տեղավորվելով, սկսում են գործել իրենց ճաշակի շրջանակներում։ Հանձնաժողովի որոշ կանայք ու տղամարդիկ պատրաստ են զրպարտել այս կամ այն թեկնածուին, ի տես ամենքի ցույց տալ իրենց մարմնի այն կապտուկները, որոնք ձեռք են բերել թեկնածուի հետ անհավասար ձեռնամարտում։ Լավագույն դեպքում՝ դատարանում ամոթխած հիշատակել իրենց հասցեին հնչած «սեռական բնույթի» հայհոյանքներն ու էլի այլ «ինտիմ» մանրամասներ։ Այս հնդկական կինոյի հերոսները Շիրակի թիվ 55/6 ընտրատարածքի հանձնաժողովից են։

Մինչ նամակիս բուն բովանդակությունը

Դատական նիստերը մարզերում սկսվում են վաղ եւ ավարտվում մութն ընկնելուն պես։ Օրենքի մարդկանց ջանասիրությամբ չէ պայմանավորված այս սերն առ աշխատանքը։ Պարզապես դատի պրոցեսը սղագրող կանայք գրելիս հատկապես աշխատում են ձեռագրի գեղեցկության վրա։ Դատավորը նրան շշուկով եւ իր մեկնաբանությամբ ներկայացնում է ամբաստանյալի կամ դատապրոցեսի մյուս մասնակիցների ասածները։ Ապա ողջ դահլիճը սպասում է նախադասության սղագրության ավարտին։ Ձանձրալի, բայց զավեշտական տեսարան է։

«Ցինիկ խուլիգան»

ԱԺ թափուր տեղերի համար 1998 թվականի նոյեմբերի 15-ին պատրաստվում էր մասնակցել նաեւ լիբերալ-դեմոկրատկան կուսակցության՝ Շիրակի մարզի անդամ Ավետիք Հարությունյանը։ Սակայն համոզվելով, որ թիվ 55/6 ընտրատարածքի հանձնաժողովում խախտումներ կան, նոյեմբերի 13-ին գնում է ընտրատարածք եւ ինքնաբացարկ տալիս։ Բնականաբար, ինքնաբացարկի պրոցեսը ուղեկցվում է վիճաբանությամբ՝ բայց առանց որեէ լուրջ հետեւանքների։

Հանձնաժողովում օրենքի խախտումով հայտնված Լենա Հարությունյանը հետագայում հիշել եւ նորովի վիրավորվել է Ավետիք Հարությունյանի վիրավորական խոսքերից, պարզել, որ ձեռքի նուրբ մաշկին դիպչելով՝ Հարությունյանը իրեն «մարմնական վնասվածք» է հասցրել։ Հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Ավետիսյանը լրիվ պատահաբար հասկացել է, որ Հարությունյանն իրեն «քաշելով շպրտել» է մի կողմ եւ «պատճառել առանց առողջության կարճատեւ քայքայման թեթեւ մարմնական վնասվածք»։ Բայց ըստ վերոնշյալ կանանց՝ Հարությունյանը դրանով չի բավարարվել եւ 25-30 րոպե տեւողությամբ «շարունակաբար» (՞) հայհոյել եւ խախտել է հանձնաժողովի եւ թիվ 27 դպրոցի աշխատակիցների հանգիստը։

Երկու ամիս «գործը» քննել է ոմն Արմեն Գալոյան, որի երեսը մինչ օրս դեռ «գործին առնչվողները» չեն տեսել, հետո էլ՝ առանց Հարությունյանին տեսնելու, կազմվել է մեղադրական եզրակացություն։ Հունվարի 30-ին, սակայն, Հարությունյանը հրավիրվել է նախաքննական մարմին։ Նրան հարցաքննել են որպես վկա (առանց փաստաբանի)։ Չերկարացնեմ՝ այսքանից հետո պարզվել է, որ Ավետիք Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 222 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանության համար։ Պատիժը 6 ամսից՝ երկու տարի։

Այս ամենը գուցե թե զարմանալի չլիներ, եթե հաշվի չառնեինք հանձնաժողովի անդամների՝ իրենք իրենց հակասող բազմաթիվ ցուցմունքները, օրենքի ակնհայտ խախտումը քվեաթերթիկների համարակալման եւ հաշվառման ընթացքում, դատախազության տարօրինակ ու հետեւողական հետաքրքրությունը՝ անպայման Հարությունյանի «մեղքը» հաստատելու եւ այլ նման դետալներ։

Այն, որ Հայաստանում խուլիգանությունը հարգի է անգամ ԱԺ մակարդակով (տես՝ սեպտեմբերի 26-ի ԱԺ նիստը), որ մինչ օրս դատարանը «խուլիգան» եւ նման այլ պիտակներ որեւէ պատգամավորի չի տվել, փաստ է։ Սակայն, անձեռնմխելիությունը պատգամավորության թեկնածուի համար չէ, մանավանդ՝ եթե տվյալ անձը անցանկալի ու վտանգավոր է։ Այսպես, Ավետիք Հարությունյանը գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքները «քաղաքական շանտաժ եւ հետապնդում» են։ Բազմիցս տեղական (եւ ոչ միայն) մամուլով հոդվածներ են տպվել՝ մարզի դատավորների անազնիվ աշխատանքի վերաբերյալ։ Ի դեպ, «տուժողը»՝ Լենա Հարությունյանը, որպես Հարությունյանի «անտանելի» հատկանիշներից մեկը, նշեց նրա հետեւողականությունը վերոնշյալ հարցի առթիվ։ Շիրակի մարզային առաջին ատյանի դատավոր Սուրեն Մացյանը, որը քննում է գործը, առայժմ չի կողմնորոշվում՝ ով է իսկական մեղավորը՝ հանձնաժողովի անդամները, թե Հարությունյանը։ Բայց վերջինս նշեց, որ Շիրակի մարզի փողոցներով հանգիստ քայլում են մարդասպաններ, այլ կարգի հանցագործներ։ Ու դա՝ դատարանի անմիջական «աջակցության շնորհիվ»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930