Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է

Ապրիլ 27,1999 00:00
Toto

Մոտ երեք տարի է, ինչ Երեւանում գործում է «Մեկնություն» հոգեբանական կենտրոնը։ Այսուհետ ամեն շաբաթ մեր թերթի միջոցով կենտրոնի հոգեբանները հանդես կգան ընտանիքին, ամուսնությանը, սեռական եւ մարդկային փոխհարաբերություններին վերաբերող վերլուծություններով։

Ըստ Կարինե Նալչաջյանի, այն, ինչն անհնար է անել զենքով, կարելի է անել շատ հանգիստ՝ հոգեբանությամբ։ «Մեզ մոտ դեռ չեն հասկանում, թե որքան կարեւոր է կյանքում հոգեբանի դերը, բայց դա շատ լավ հասկացել եւ դրանով զբաղվում են արտասահմանում»։ Ինչպես շեշտեց տիկին Նալչաջյանը, մեր հայրենակիցներն ասում են. «Հո գիժ չեմ, որ գնամ հոգեբանի մոտ», մեր ժողովուրդը շատ սխալ պատկերացում ունի հոգեբանության մասին։ Հոգեբանի հետ կարելի է պարզապես զրուցել, լիցքաթափվել եւ ստանալ օգտակար խորհուրդներ։ Հոգեբանական պրոպագանդայի մեջ կարելի է կարեւորել հագուստը, պահելաձեւը, ձայնը (որը պետք է լինի ոչ թե իշխող, այլ հրապուրիչ ու գրավող) եւ հայացքը։

Տիկին Նալչաջյանը կարեւորեց, որ մեր հասարակությունը հիվանդ, է եւ հետզհետե դա խորանում է։ Որպես օրինակ բերեց մուրացկանությունը. «Եթե նույնիսկ մուրալու կարիք չունենան՝ նրանք կմուրան… սովոր են դրան»։ Ինչո՞ւ հայրենասիրություն ասելիս՝ ժողովրդի, հատկապես երիտասարդության մոտ ծիծաղ է առաջացնում։ Ինչո՞ւ հայկական երաժշտություն ասելիս հասկանում ենք ռաբիս։ Այս եւ այլ հիվանդագին երեւույթները գալիս են հիմնականում մեր իշխանությունից։ Հայրը, որը չի սիրում իր որդիներին՝ նրանք շեղվում են ճիշտ ճանապարհից կամ պարզապես տնից հեռանում են։ Երբ հայրը չի պահպանում տան օրենքը, ինչու պետք է որդիներն այդ անեն։ Մեկ անգամ եւս շեշտեց, որ. «Չի կարելի օրինապահություն պահանջել ժողովրդից, երբ օրենք ստեղծողները ի սկզբանե այն ոտնահարում են։ Իսկ մեր երիտասարդությունը գնալով շեղվում է ճիշտ ուղուց, բայց մեղադրելի չէ, քանի որ. Մենք՝ մեծերս ենք ստեղծում հիվանդանալու բարենպաստ պայմաններ»։

Տիկին Նալչաջյանի կարծիքով, երեխային փոքրուց պետք է դաստիարակել։ Շատ կարեւոր է երեխային տալ ճիշտ սեռական դաստիարակություն։ Եվ երեխաների այն հարցին, թե ինչպես են նրանք ծնվում, ոչ մի դեպքում պետք չէ տալ հիմար պատասխաններ։ Պետք է մեղմ ձեւով ներկայացնել, որ նա այդ մեծ սիրո ծնունդն է։ Ծնողները թող իմանան, որ երեխան միշտ պատրաստ է լսել այն, ինչ ծնողները վախենում են ասել։ Հետո հայտնեց իր դժգոհությունը կեղտոտ, կոպիտ ու պոռնոգրաֆիկ ֆիլմերի նկատմամբ, որոնք սխալ պատկերացում են տալիս սիրո ու սեքսի մասին։ Ըստ Կարինե Նալչաջյանի, սերը եւ սեքսը տարբեր բաներ են (մանրամասնումը՝ հաջորդ հրապարակումներում)։ Եթե ծնողներին դժվար է բացատրել, թե ինչպես են երեխաները ծնվում, ավելի ճիշտ չի՞ լինի երեխային ցուցադրել ինչ-որ գեղեցիկ սիրային ֆիլմ՝ որոշ էրոտիկ դրվագներով հագեցած։ Այս հարցին տիկին Նալչաջյանը պատասխանեց, որ ինչ-որ տեղ դա ելք է, բայց, ցավոք, «մեր եթերը լցված է կեղտոտ սեքսով, պոռնոգրաֆիայով, գռեհկությամբ»։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930