Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ֆինանսավորում ԱԻՄ ընտրարշավը

Մայիս 01,1999 00:00
Toto

Իրենց ընտրարշավները կազմակերպելու համար կուսակցություններին անհրաժեշտ են հսկայական միջոցներ։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է լուծում այդ միջոցները ստանալու խնդիրը։ Իշխանություն ունեցողների կամ իշխանական լծակներ ունեցողների համար այս հարցը լուծվում է տեղական գործարարներից գանձվող ընտրական հարկի միջոցով։

Մյուսները դա ստանում են Սփյուռքի մայր կուսակցություններից։ Հայաստանյան կուսակցությունների ընտրարշավը որոշակիորեն ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք շահագրգռված են այստեղ արեւմտամետ ուժերի հաջողությամբ: Մենք, իհարկե, ամբողջությամբ չենք կարող ապացուցել վերոհիշյալ պնդումը, սակայն որոշ փաստերի համադրումը, մեր մեջ լուրջ կասկածներ է առաջացնում։

1995 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ «Եվրասիա» հիմնադրամը 30 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրեց «Ամերիկայի հայ իրավաբանների միությանը» եւ «Ավանգարդ» իրավապաշտպան կենտրոնին։ «Ավանգարդը» այդպես էլ չիմացավ, թե ինչ նպատակներով ծախսվեց սույն գումարը։ Անցյալ տարվա աշնանը «Եվրասիա» հիմնադրամը «Ամերիկայի հայ իրավաբանների միությանը» եւ «Ավանգարդ» կենտրոնին տրամադրեց այս անգամ 130 հազար դոլարի դրամաշնորհ ՀԽՈՒԿ (Հասարակական խնդիրների ուսումնասիրման կենտրոն) ծրագրի իրականացման համար։ Այս ծրագրի ղեկավար նշանակվեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կինը՝ Սուսաննա Ավագյանը, որը մի քանի պաշտոններ է վարում նաեւ ԱԻՄ-ի համակարգում, մասնավորապես՝ Ծնողազուրկ երեխաների հիմնադրամի նախագահն է։ ՀԽՈՒԿ-ի կենտրոնական գրասենյակը համընկավ ԱԻՄ-ի գրասենյակի հետ, ինչպես եւ՝ «Ամերիկայի հայ իրավաբանների միության»։ Մարզերում պատկերը նույնպիսին է. ՀԽՈՒԿ-ի գրասենյակները գտնվում են ԱԻՄ-ի մարզային գրասենյակներում, իսկ հասարակական խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվում են նույն ԱԻՄ անդամները։ Այս կազմակերպության միակ հիշարժան ուսումնասիրությունն այն էր, որ հայտարարվեց, թե ընտրությունների ընթացքում լավագույն արդյունքը կտա ԱԻՄ-ԱԺՄ դաշինքը, որի գաղափարը կտրականապես մերժվեց ԱԺՄ-ում։

«Ավանգարդ» կենտրոնը կրկին մնաց ձեռնունայն։ Կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ իրենք ոչ մի լումա չեն ստացել, եւ իրենց անունն ընդամենը օգտագործվել է։ «Ավանգարդի» ղեկավար Էդիկ Մամիկոնյանը մարտի 30-ին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում չի հերքել, որ այս ամբողջ պատմության մեջ իրենց անունն ընդամենը օգտագործվել է։ Մենք այս խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորենս Այվազյանից։ Պարոն Այվազյանն ասաց, որ գրանտը տրվել է ոչ թե հայաստանյան, այլ վաշինգթոնյան գրասենյակի կողմից, որի վրա դրված է վերահսկողության ֆունկցիան։ Պարոն Այվազյանը մեզ վստահեցրեց, որ կան վերահսկողության շատ լուրջ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա գումարը այլ նպատակներով օգտագործել։

Ամերիկայի հայ իրավաբանների միության նախագահ Թոմ Սամվելյանը հաստատեց, որ իրոք Սուսաննա Ավագյանը եղել է ՀԽՈՒԿ-ի ղեկավար, որ կա գրասենյակների համընկնում եւ որ ԱԻՄ-ականներն են զբաղվում ՀԽՈՒԿ ծրագրի իրականացմամբ։ Սակայն պարոն Սամվելյանը դա բացատրեց այսպես. Սուսաննա Ավագյանը ՀԽՈՒԿ-ը ղեկավարել է սկզբի երկու ամիսը, որովհետեւ անհրաժեշտ էր կազմակերպչական մեծ փորձ ունեցող անձնավորություն, գրասենյակները համընկնում են՝ ծախսերը նվազեցնելու համար։ Նույն պատճառով համընկնում են նաեւ ծրագիրն իրացնող անձինք ԱԻՄ-ի պատասխանատուների հետ։

Բացի այդ, ՀԽՈՒԿ-ը զբաղվում է քաղաքացիների իրավական հարցերի լուծմամբ։ Քաղաքացիները Պարույր Հայրիկյանին նույնացնելով ԱԻՄ-ի հետ, իրենց դիմում-բողոքները բերում էին ԱԻՄ-ի գրասենյակներ, եւ նրանց դժվար էր ուրիշ վայրի վրա սովորեցնել։ ՀԽՈՒԿ-ը իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է 750 քաղաքացու գործ։ Կարճ ասած, այս ծրագիրը նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին զուգահեռ կազմակերպություն է, որը զբաղվում է Պարույր Հայրիկյանին ուղղված դիմումների ուսումնասիրությամբ։

Չնայած նման պարզաբանումներին, կրկին անհասկանալի է մնում, թե «Եվրասիա» հիմնադրամն ինչու է այսպիսի մի գումար տրամադրել մի կազմակերպության, որն այնքան էլ մեծ փորձ չունի մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Հայաստանում դրանով ավելի լրջորեն զբաղվողներ կան։

Ինչո՞ւ են դրամաշնորհների տրամադրման եւ ընտրությունների անցկացման ժամկետները համընկնում։

Ինչո՞ւ է երկու դեպքում էլ օգտագործվում «Ավանգարդ» կենտրոնի անունը, որը «Եվրասիայի» հետ այլ ծրագրեր է իրականացնում, սակայն այս ծրագրին որեւէ կերպ չի մասնակցում։

Մինչեւ ե՞րբ մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող գումարները պետք է օգտագործվեն այլ նպատակներով։

Ի դեպ, չնայած Պարույր Հայրիկյանը մի քանի անգամ բուռն ցանկություն է հայտնել օբուտսմենի (մի մարդու իրավունքների լիազոր) մասին օրենքի ընդունումից հետո ստանձնել այդ պաշտոնը, Թոմ Սամվելյանը համոզված է, որ դա նրան չի հաջողվի, թեկուզ միայն այն պատճառով, որ պարոն Հայրիկյանը չունի իրավաբանական կրթություն, ինչը պահանջում է օրենքը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31