Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն՝ հանուն հայտարարության

Մայիս 05,1999 00:00
Artak Sahradyan

Ինչպես եւ կարելի է ենթադրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկ ասեղ գցելու տեղ չկար. լրատվամիջոց չկար, որ իր ներկայացուցչին չէր ուղարկել այնտեղ։

Հետաքրքրության առարկան բնավ էլ հարուստ՝ տասներկու հարց պարունակող, օրակարգը չէր, այլ օրակարգից դուրս՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանի հարցը։

Օրակարգի յուրաքանչյուր հարց պատշաճ մանրամասնությամբ քննարկվում էր, նշվում էր յուրաքանչյուրի խիստ կարեւոր լինելը։ Այնուհետեւ աննշան փոփոխությամբ հարցն ընդունվում էր գրեթե միաձայն։ Մինչեւ ընդմիջում։

ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն ընդմիջման դուրս գալուց առաջ տեղեկացրեց, որ հայտարարություն է արվելու բոլորին հետաքրքրող հարցի կապակցությամբ։ Ընտրված էր հայտարարության համար ամենաօպտիմալ պահը, եւ ընդմիջումից անմիջապես հետո պրն Սահրադյանը հայտնեց, որ մայիսի 3-ին, «օրվա վերջին» ԿԸՀ են դիմել ՀՀՇ փոխնախագահ պրն Զուրաբյանը եւ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության պատգամավորները, պատգամավորական խմբակցությունը (խմբակցության պատգամավորները՝ ճշտեց պրն Սահրադյանը)։

ԿԸՀ-ում հարցը քննարկվել է եւ «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրվել է հետեւյալ գրությունը. «Հարգարժան պրն Հովսեփյան, ՀՀՇ վարչությունը դիմել էր ԿԸՀ-ին՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վանիկ Սիրադեղյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ս.թ. մայիսի 3-ին, ժամը 16-ի սահմաններում ձերբակալվել է։ Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք սեղմ ժամկետում (՞- Ա. Գ.) հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վ. Սիրադեղյանի դատավարական կարգավիճակի մասին»։ «Բնականաբար, մենք այլ մոտեցում չէինք կարող ունենալ,- ասաց պրն Սահրադյանը,- որովհետեւ ՀՀ քրեական-դատավարական օրենսգրքի 129, 130, 131 հոդվածների համաձայն, «իրավապահ մարմիններն իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներին որոշակի պայմանների դեպքում ձերբակալել…»։

Այնպես որ, մենք, պաշտոնական գրություն չունենալով, իրավունք չունեինք ավելի շատ արձագանքելու տվյալ փաստին»։ Արդեն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդագրությունը ԿԸՀ-ին, որտեղ պրն Հովսեփյանը հայտնում է. «ՀՀ գլխավոր դատախազության վարույթում գտնվող քրեական գործով այսօր՝ 03.05.1999թ. որպես մեղադրյալ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վանիկ Սմբատի Սիրադեղյանը, որն այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության շենքում ենթարկվել է անձնական խուզարկության»։ Այսպիսի խիստ ճանաչողական գրության տակ, բնականաբար, ստորագրվել է՝ ՀՀ արդարադատության պետական խորհրդական Ա. Հովսեփյան։

Այս «նամակագրությունը» խիստ աղերսներ ունի ռուսական մի անեկդոտի հետ.

– Ты в баню?

– Нетб в баню!

– А-а ! Я думал – в баню!

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31