Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

Մայիս 11,1999 00:00
shushi

Հաղթանակի, Շուշիի ազատագրման 7-րդ տարեդարձի ու պաշտպանության բանակի օրվան նվիրված ԼՂՀ ԱԺ եւ կառավարության համատեղ նիստը հրավիրվել էր մայիսի 8-ին։ Ներկա էին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, վարչապետ Լ. Պողոսյանը, ԱԺ նախագահ Օ. Եսայանը, ՊՆ Սամվել Բաբայանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը։ ԱԺ նախագահը բացելով նիստը՝ երախտագիտություն հայտնեց Մեծ Հայրենականի Արցախի այն անվանի զորավարներին, ովքեր պատվով ու փառքով ներկայացան աշխարհին։ Մեծ Հայրենականի հերոսների արժանի հետնորդներ Արցախի դյուցազունները շարունակելով նախորդների ավանդույթները, նոր հաղթանակ կռեցին 1992 թ. մայիսի 9-ին, ազատագրելով հայկական Շուշին, ինչը շրջադարձային եղավ արցախահայության ազատագրական պայքարի եւ անկախ պետականության կերտման ճանապարհին։ Այդ հաղթանակը միաժամանակ սկզբնավորեց մեր բանակի նոր հաղթարշավը։

Զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական եւ դաստիարակության գծով փոխհրամանատար, փոխգնդապետ Լեոնիդ Ծատուրյանը։

Ի դեմս հանդիսավոր ժողովի մասնակիցների՝ Արցախի ժողովրդին շնորհավորեց Արցախի թեմի առաջնորդը։

ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը շնորհավորեց Մեծ Հայրենականի վետերաններին, Շուշիի ազատարարներին, ՊԲ զինծառայողներին, բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել երիտասարդ հանրապետության զինված ուժերի ստեղծման ակունքներում։ Ավանդույթի համաձայն, հանրապետության նախագահը պետական պարգեւներ՝ «Մարտական խաչ», 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններ, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար» մեդալներ ու նաեւ արժեքավոր նվերներ հանձնեց հայրենիքին ծառայություններ մատուցած քաջորդիներին։

Մայիսի 9-ին ԼՂՀ ժամանեց ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին էներգետիկայի նախարար Ա. Մարտիրոսյանը, քաղաքաշինության եւ տրանսպորտի նախարարները, ինչպես նաեւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անդամներ Հ. Խաչատրյանն ու Հ. Բաբուխանյանը։ ԼՂՀ ղեկավարները, ՀՀ պատվիրակությունը, նախքան Շուշի մեկնելը այցելեցին հուշահամալիր՝ ծաղկեպսակներ դրեցին Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների շիրիմներին։ Շուշիում այդ օրը նախատեսվում էին մի շարք միջոցառումներ։ Ծնունդով շուշեցի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի հուշաքարի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, ծաղկեպսակներ դրվեցին հուշաքարի մոտ։ Ծաղիկներ դրվեցին նաեւ Շուշիի տանկ-հուշարձանին։ Սբ. Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում արարողությունն անցկացրեց Արցախի թեմի առաջնորդը։

Մայիսի 9-ի երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում տեղի ունեցավ համերգ՝ Հայաստանի երգի պետական թատրոնի ճանաչված կատարողների մասնակցությամբ։ Վերածննդի հրապարակում կատարվեց հրավառություն։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31