Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ

Մայիս 27,1999 00:00
Avetiq Harutyunyan

 -Մեր թերթում շարունակաբար ներկայացրել ենք Ձեր դեմ հարուցված գործի դատավարության մասին։ Վերջապես այն ինչպե՞ս ավարտվեց։

– Այն տեւեց 39 օր, մայիսի 17-ին վերջնականապես հրապարակվեց դատավճիռը։ Ինձ համար ամենահետաքրքրական պահը, ամբողջ այդ օրերի ընթացքում, դատավճռի հրապարակման օրը դատավորի պահվածքն էր։ Դատավճռի հրապարակման սկզբից այն կարդում էր բարձրաձայն, բայց վերջում դահլիճում ներկա գտնվողների համար պարզ, տեսանելի եւ լսելի էր, թե ինչպես դատավորի ձայնը կտրուկ նվաղեց եւ զարմանալիորեն, իր կամքից անկախ, ձեռքերը սկսեցին դողալ։ Աստված էլ չընդունեց նման «արդարությունը», կտրուկ փոխվեց դրսում եղանակը եւ կարկուտ, քամիներ սկսվեցին։ Դատավճիռը կարդալուց հետո ես տեսնում էի եւ զգում դատավորի ներողամտություն հայցող հայացքը եւ ուսերը թոթվելով, հիշելով կայացրած իր դատավճիռը, մերթընդմերթ կրկնում էր. «Ես առաջին օրն ասացի, մինչեւ դատական նիստի սկսելը ինձ բացարկ հայտնեք, ես գործը վերցրել եմ՝ չեմ իմացել ամբողջ պատմությունը, այս դատավճռով ես ընտրել եմ լավագույն տարբերակը՝ դատախազի շարունակական ճնշումից դատարանը ազատելու համար։ Դատավճռով սահմանվեց մեկ տարվա ազատազրկում, որի իրագործումը պայմանականորեն հետաձգվեց մեկ տարով։

– Իսկ ինչպե՞ս ընդունեցիք դատավճիռը։

– Նախ ասեմ՝ մայիսի 15-ին, գիշերը 12-ից հետո, պայմանավորվածության համաձայն, ես դատավոր Ս. Մնացյանի հետ հանդիպեցի իրենց տանը։

– Ի՞նչ է, գնացել եք կաշառք առաջարկելո՞ւ։

– Կաշառք առաջարկում են հանցագործները, ես հանցագործ չեմ։

– Այդ դեպքում ի՞նչն էր հանդիպման պատճառը։

– Անկախ մեր զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից, մենք առաջին հերթին մարդ ենք՝ հային հատուկ մեր զգացմունքներով եւ հոգեբանությամբ։ Նախ, ես ինձ համար մեկ ժամ տեւած առանձնազրույցում պարզեցի, որ դատավորը համոզված է եւ խոստովանեց, որ քաղաքական խաղերի արդյունքում սարքած գործը անապացուցելի է եւ բացառում է հանցակազմը, բայց ահավոր ճնշում կա իր վրա մարզային դատախազության կողմից, բայց ինքը դրանք հաշվի չի առնելու։

– Ինչո՞ւ նման վճիռ կայացվեց։

– Դատավոր Ս. Մնացյանի գործողությունները որպես մարդ եւ իրավաբան, խիստ տարբերվում էին նախաքննությունը վարողների գործողություններից։ Դատավորը հրապարակված դատավճռով ոչ թե ինձ մեղադրեց, այլ ստիպված իր հնարավորությունների սահմաններում փորձեց արդարացնել գործ սարքողների ապօրինի եւ անօրինական քայլերը։ Մինչեւ այս սարքած գործը մեր մարզի ներքին գործերի եւ դատախազության մասին ես այլ կարծիք ունեի, բայց հիմա համոզված եմ, որ ցանկացած ժամանակ, ցանկացած մարդու նկատմամբ կարող են գործ սարքել, այն ծանրացնել, հնարքներով, խաբեությամբ կարող են մեղմացնել, կարճել՝ նայած թե ինչ շահագրգիռ հանգամանքներ կարող են առաջանալ գործի քննության ընթացքում, անկախ «հանցագործության» աստիճանից։

– Դատավճիռը բողոքարկելո՞ւ եք, թե՞ ոչ։

– Քանի որ այս սարքած գործը քաղաքական հետապնդման արդյունք է, ես չեմ բողոքարկի, բայց համոզված եմ, որ մարզի դատախազը կապացուցի իր կողմից կազմակերպված քաղաքական հետապնդման փաստը, ինքը կբողոքարկի կամ կհրահրի ուրիշներին, որ բողոքարկեն։

– Դուք պնդում եք, որ Ձեր նկատմամբ իրագործվել է քաղաքական հետապնդում։ Ինչո՞վ եք հիմնավորում։

– ՀՀ տրանսպորտի դատախազի տեղակալը քննչական գործողություններ է իրականացնում մարդկանց հետ, հետո նոր նոյեմբերի 20-ին դիմում-բողոք է ստացվում Գյումրու քաղաքային դատախազություն, որը մակագրվում է ՀՀ տրանսպորտի դատախազությանը։ Դատարանում չկարողացանք պարզել, թե ինչ շահագրգիռ հանգամանքներում այդ նույն տրանսպորտի դատախազի տեղակալն անձամբ իր սեփական մեքենայով գնացել է հանձնաժողովի անդամներից մեկի տուն, խնդրել նրան, որ գա Ավետիք Հարությունյանի դեմ ցուցմունք տա։ Վերջինիս իր սեփական մեքենայով բերել է Գյումրիի դատախազի առանձնասենյակ եւ նրա ներկայությամբ հարցաքննել։ Հետաքննիչը, օգտվելով դատախազ Ավագյանի՝ գործի նկատմամբ շահագրգիռ անտարբերությունից, 60 օր գործը պահում է իր մոտ, քննում երկու մարդու եւ առանց ինձ հարցաքննելու՝ տալիս է մեղադրական եզրակացություն։ Դատախազությունում անչափահաս երեխային թելադրում են ցուցմունքը եւ որպեսզի համապատասխանեցնեն հոդվածի հատկանիշներին, չեն մոռանում երկու անգամ երեխային թելադրել ցինիկ բառը։ Այդ ցուցմունքն անզեն աչքով կարելի է տեսնել, որ գրված է երկու մարդու կողմից։

Ընտրական հանձնաժողովի անդամներին իմ դեմ ցուցմունք տալու եւ վախեցնելու համար յոթ ամիս առաջ կեղծված ցուցակների առիթով քրեական գործ են հարուցել, բայց մինչեւ այսօր գործը կարճված չէ եւ ոչ մեկին հարցաքննության չեն հրավիրում։ Երկար տեւած դատական նիստի շրջանում դատախազ Ավագյանը համոզված էր, որ կլինի արդարացի դատավճիռ։ Խուսափելով հետագա բողոքարկումներից, երկու անգամ մեր տուն է այցելել նախկին ՀՀ տրանսպորտի դատախազի տեղակալ Արտուշ Ասլանյանը եւ առաջարկել, որ իրենք անձամբ կհամոզեն դատավորին, որ գործը փակի, բայց համոզվելով, որ ես բողոքարկելու եմ, սկսեցին ճնշում գործադրել դատավորի վրա։ Դատավոր Մնացյանը դատավճռից հետո անկեղծորեն, ներկաների ներկայությամբ պատմում էր, թե դատավճռի նախորդ օրը իր բնակարանում՝ Աշոցքում չի եղել, այլ եղել է հարեւան գյուղում, որ հանգիստ մնա դատախազության աշխատակիցների այցելություններից, որոնք միաբերան պնդում էին, որ գործի կարճման արդյունքում կարող է վնասվեն դատախազության եւ ներքին գործերի աշխատակիցները։

Ապօրինի գործողությունների փաստեր կարող եմ երկար շարադրել։ Խնդիրներից մեկն էր՝ արգելել Ավետիք Հարությունյանին մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, որը նրանց հաջողվեց, բայց համոզված եմ, գյումրեցիները վատ ընդունեցին դատախազի ապօրինի գործողությունները։ Ավելին, շատերի համար հետաքրքիր այս գործը, որը վկայում են ամեն օր չդադարող հեռախոսազանգերը եւ մարդկանց այցելությունները, շուտով՝ մեկ շաբաթից 3000 տպաքանակով պատրաստում եմ հրատարակության (մի փոքրիկ գրքույկ)՝ այս սարքված գործի մասին։ Ես չեմ կարծում, թե նման դատավճռով գործն ավարտված է, բայց համոզված եմ, որ ՀՀ նախագահը եւ Արդարադատության խորհուրդը կանդրադառնան այս հարցին եւ գնահատական կտրվի նախաքննության մարմինների ապօրինի եւ անօրինական գործողություններին։ Որպես վտանգավոր նախադեպ՝ այն արժանի է գնահատականի։

– Դուք Ձեզ քաղկալանավոր համարո՞ւմ եք։

– Եթե դատախազության աշխատակիցները գործ սարքելով կարող են խանգարել քաղաքացուն մասնակցել ԱԺ ընտրություններին, երբ դատախազ Ավագյանը շարունակում է նույն ոճի քաղաքական հետապնդումները՝ ես այլ բան չեմ կարող ասել։ Հույս ունեմ, որ մեկ տարի հետո, երբ իշխանությունը Հայաստանում կրկին փոխվի, քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում ինձ կարդարացնեն։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31