Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանում քաղաքական հետապնդումներն ունեն առանձնահատուկ գիծ։ Դրանք իրականացվում են դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառմամբ»

Հուլիս 23,2026 20:40 Share

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի և դրանց ղեկավարների նկատմամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող անհամաչափ բռնաճնշումներին։

«Այս իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, որի իրականացման համար եկել են։ Հիշեցնեմ, որ 2018 թվականից կրկնում եմ, որ այս թիմը եկել է երկու միասնական նպատակի համար՝ օր առաջ Արցախը հանձնել, բռնակցել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական քաղաքականությունն ապահովող և սպասարկող տարածք։ Հենց տարածք։ Չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետության անունը կոչնչացվի։ Բայց նպատակն ամբողջովին այն է, որ ծառայեցնեն հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության իրականացմանը։

Եվ դա վերին աստիճանի համապատասխանում է այսօրվա Եվրոպայի բոլոր կառույցների ղեկավարների նպատակներին ևս։ Ես հիշեցնեմ, որ նրանք բոլորովին չեն արտահայտում եվրոպական ժողովուրդների նպատակներն ու շահերը, այլ ուղղակի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածո են։ Եվ այս առումով դրանց նպատակները ամբողջովին համընկնում են։

Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական հետապնդումներին, ես դրա մասին արդեն ասել եմ։ Դրանք ունեն առանձնահատուկ գիծ։ Այն իրականացվում է դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառմամբ։ Ցանկացած պետությունում, որտեղ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կարծես թե բոլորն աշխատում են դա մեղմել, մինչև անգամ քողարկել։ Հայաստանի Հանրապետությունում դա իրականացվում է ընդգծված ձևով, ցուցադրական՝ ուղղակի վախեցնելու կամ նվաստացնելու բոլոր նրանց, ում նկատմամբ կիրառվում է քաղաքական հետապնդումը։

Ես ուզում եմ անպայման նշել և որպես «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն ընդգծել՝ վաղուց ուսումնասիրված է, որ բոլոր նրանք, լինեն քաղաքական գործիչներ կամ հենց այդ վերաբերմունքի իրականացնողները, իրենք չունեն այդ մարդկային արժանապատվությունը։ Իրենք սկզբից նվաստացնում են իրենց անձը։ Եվ մենք այսօր գործ ունենք արժանապատվությունը նվաստացած իշխանության ղեկավարության, ղեկավարների հետ։ Միայն այդպիսի մարդիկ են, որ կարող են իրականացնել այլոց արժանապատվությունը նվաստացնող գործողություններ։

Ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում, որ այսօր ուժային կառույցների, որոշ իրավապահ մարմինների ղեկավարները՝ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ, ՆԳ նախարար, կանայք են։ Դա ևս մի առանձնահատուկ որակ է այն հետապնդումների, որոնք իրականացվում են։ Եվ իրականացվում ու թափ են ստացել կանանց հանդեպ հետապնդումները»,- ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։

Անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանին ցուցադրաբար բերման ենթարկելու տեսարաններին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ունենալով սադիստական որակներ՝ նրանք ուզում են դուր գալ, կրկնում եմ, արժանապատվությունը կորցրած, արժանապատվությունը նսեմացված իշխանությունների ներկայացուցիչներին, այդ թվում և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Ես դա չեմ հնարում։ Դա ուսումնասիրված երևույթ է, դա սինդրոմ է, երբ որ որևէ մեկին ժամանակին նսեմացրել են կամ ինքը նսեմացված է զգացել, նա անպայման պահը փնտրում է, որ այդպիսի նսեմացնող վերաբերմունք իրականացնի այլոց հանդեպ»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել