Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ

Հունիս 01,1999 00:00
ajm

ԱԺՄ-ում մեռելային լռություն է, որի նմանը այս կուսակցությունը չի տեսել իր ստեղծման պահից հետո։ Հատկապես ընտրությունների հաջորդ օրը։ Նույնիսկ 1995-ին վիճակը շատ ավելի լավ էր։ Այն ժամանակ ընդդիմությանը ԱԺՄ-ի ղեկավարությամբ «ջարդեցին» թե՛ նախընտրական փուլում եւ թե՛ հատկապես ընտրությունների օրը։

Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող, եւ Հայաստանում որեւէ բան ընտրությունների ճանապարհով փոխելու հնարավորություն տեսնող այս կուսակցությունը ակտիվորեն ընդդիմանում էր գործադրվող ճնշումներին։ ԱԺՄ-ն այն ժամանակ ուներ ասելիք եւ այդ ասելիքը բավական ընկալելի էր հասարակության համար։

Այսօր ԱԺՄ կենտրոնական գրասենյակում միայն Սեմեոն Բաղդասարյանն է, որը գիտի ընդամենը, որ Երեւանում հաղթել են երկու ԱԺՄ-ական։ Թիվ 11-ում՝ Շավարշ Քոչարյանը եւ թիվ 13-ում՝ Արշակ Սադոյանը։ Համամասնականից որեւէ բան հայտնի չէ։ Տպավորությունն այնպիսին է, որ ցանկություն էլ չկա իմանալու։ Ի՞նչ կարեւոր է ԱԺՄ-ն անցել է 5%-ը, թե՞ ոչ։ Արշակ Սադոյանն ընտրված է, Վազգեն Մանուկյանն այս խորհրդարանում էլ ասելիք եւ անելիք չի ունենալու, իսկ Դավիթ Վարդանյանն էլ բարձրաստիճան պաշտոնյա է, եւ մեր ժողովրդի համար կարող է եւ աշխատում է ամեն ժամ, ամեն րոպե։ Սեմեոն Բաղդասարյանը չուզեցավ խոսել նաեւ կատարված խախտումների, հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ Իմաստ չունի։ Այս ընտրություններում ոչ միայն ԱԺՄ-ն կորցրեց իր մարտնչող սկզբունքայինի կերպարը, այլ նաեւ ամեն ինչ կազմակերպված էր չափազանց նուրբ եւ սահուն։ Այնպես որ, ԱԺՄ-ն այս անգամ չի ասի, թե ձեւավորվեց հերթական ոչ լեգիտիմ խորհրդարանը։ Արդեն վաղուց չտպագրվող «Այժմ» թերթի մեր գործընկերներ Անահիտ Հարությունյանը, որ թիվ 2 ընտրատարածքում «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի վստահված անձն էր, այնքան էլ չհամաձայնվեց, որ ցուցակները շատ վատ էին կազմակերպված. «Ընդհակառակը, մարդիկ լուրջ սոցիոլոգիական հարցում էին անցկացրել եւ արդյունքում ԱԺՄ-ի եւ ՀՅԴ-ի կողմնակիցները միտումնավոր դուրս էին մնացել ցուցակներից»։

Այս մռայլությունը ցրելու համար ասենք, որ Սեմեոն Բաղդասարյանն այնքան էլ դժգոհ չէ արդյունքներից։ ԱԺՄ-ն Երեւանում 50% արդյունք է ունեցել։ Ինչպե՞ս։ Շատ հասարակ թվաբանությամբ։ Երեւանում ընտրվել է ընդամենը 4 քաղաքական գործիչ՝ Արշակ Սադոյան, Լեոնիդ Հակոբյան, Շավարշ Քոչարյան եւ Վահան Հովհաննիսյան։ Այս ցուցակի ուղիղ կեսը ԱԺՄ-ականներ են։

Երկար սպասելուց եւ որեւէ նոր ԱԺՄ-ականի չհանդիպելով, իջա ներքեւ։ Եվ տեսա պետական համարանիշերով սեւ «Վոլգա 31»-ից իջնող Շավարշ Քոչարյանին։ Պրն Քոչարյանը վերեւ չբարձրացավ։ Նա մտավ առաջին հարկում գտնվող իրավապաշտպան ակումբը, որտեղ հավաքել էր իր ողջ նախընտրական շտաբը։ Մարդիկ ուրախ էին, սուրճ էին խմում, հիշում անցած գիշերը։ Հանաք բան չէ հաղթել Աժ նախագահին, եւ թաղային հեղինակություն Կոնդի Վանիկին։ Բայց ինչպես կարելի է լիարժեք ուրախանալ, երբ պատկերը սարսափելի է ամբողջ Հայաստանում։ Նույնիսկ թիվ 11-ում, որտեղ Շավարշ Քոչարյանը հաղթել է, ԱԺՄ-ն համամասնական ցուցակով ստացել է 9%։

Իսկ գիտե՞ք ով է մեղավորը։ Իհարկե «Առավոտ» օրաթերթը։ Սեմեոն Բաղդասարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը ամենայն լրջությամբ հայտարարեցին, որ ընտրությունների նման ընթացքի ողջ պատասխանատվությունն ընկնում է «Առավոտ» օրաթերթի եւ նրա աշխատակիցների վրա, որոնք սեւացնում են մեր քաղաքական գործիչներին։ Ենթադրվում է, որ նրանց պետք է սրբացնել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930