Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՈՎ Է

Հունիս 11,1999 00:00
kusakcutyunner

Հարգելի խմբագրություն. Թախանձագին խնդրում եմ ձեր թերթի (իմ ամենահավանած թերթի) էջերում տպագրել ստորեւ բերված հոդվածը, քանզի կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ընթերցողների համար, իսկ որոշ մտքեր կհամընկնեն իրենց կարծիքին։

Ինչպես եւ սպասվում էր, այն կուսակցությունները, կամ դրանց մեծամասնությունը, որոնք չհաղթահարեցին 5 տոկոսանոց արգելքը, խորհրդարանական անցած ընտրությունները համարեցին ոչ արդար։ Եվ դա իրոք սպասելի էր, քանի որ նրանք էլ ինչպե՞ս պետք է բացատրեին իրենց ակնհայտ, իսկ մի մասի համար՝ ջախջախիչ պարտությունը։ Հո չէ՞ին հայտարարելու, թե իրենք իրոք չէին վայելում ժողովրդի համակրանքն ու վստահությունը, նրանց որտեղի՞ց այդքան շիտակություն եւ ուղղամտություն։ Անցած ընտրությունների վրա որոշ չափով ստվեր գցեց ընտրացուցակների հետ կապված խառնաշփոթը եւ այդ գործում մեղավորները կամ ուղղակի փնթիները պետք է ստանան իրենց պատիժն՝ ըստ արժանվույն։ Բայց ասել, թե այս հանգամանքը ինչ-որ կերպ խեղաթյուրեց ընտրությունների պատկերը կամ թե ինչ-որ դեր խաղաց այս կամ այն կուսակցություններին կամ անհատներին տրվող ձայների բաշխման մեջ, ուղղակի աբսուրդ է։ Եթե 10, 20, 100 կամ 200 հազար մարդ չի հասցրել ընտրել, ապա պարզից էլ պարզ է, որ համամասնորրեն տուժել են բոլորը։ Իսկ ներկայացվող զուտ տեսական, նույնիսկ ֆանտաստիկ ինչ-որ խարդախությունները, ավելի շատ նման են այն հեքիաթին, որին վաղուց չեն հավատում անգամ նախադպրոցական տարիքի երեխաները։

Իսկ իրականությունն այն է, որ հաղթեցին նրանք, ում ժողովուրդն ավելի շատ է վստահում (որոշ վերապահումներով) եւ պարտվեցին նրանք, ում առանց դիմակի էությունը ժողովուրդը վերջապես հասկացավ։ Օրինակ, ինչի՞ վրա էր հույս դնում «ԱԻՄ+» դաշինքը, եթե նրա ղեկավարը գեղեցիկ խոսող, բայց իր վարքագծով վարկաբեկված Պ. Հայրիկյանն է։ Հանրապետությունում բոլորն են հիշում 1996 թվականի սեպտեմբերի 26-ին խորհրդարանում նրա գրաված վախկոտ ու դավաճան դիրքը։ Հիշում են նաեւ, թե ինչպես 1998 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից անմիջապես հետո, ի թիվս 5 կուսակցությունների, Պ. Հայրիկյանը հանդես եկավ ընտրությունների անարդար ու մեծ կեղծիքներով անցնելու մասին հայտարարությամբ, իսկ մի քանի ժամ հետո, իրեն պաշտոն խոստանալուց հետո, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, իր կուսակցության ստորագրությունը հանեց վերը նշված հայտարարությունից եւ հայտարարեց երկրորդ փուլում Ռ. Քոչարյանին ԱԻՄ-ի կողմից սատարելու մասին։ Եվ այս բոլորից հետո զարմանալի չէր նրա ստացած երկու (խիստ անբավարար) տոկոսը։ Իսկ եթե չլինեին «ԱԻՄ+»-ի կողմից ընտրողների հետ կնքված բացահայտ հակաիրավական պայմանագրերը, ապա այդ երկու (խիստ անբավարար) տոկոսի մեկ քառորդն էլ չէր լինի։ Ինչեւէ, ժողովուրդը վերջապես ազատվեց դատարկ խոսքերից, իսկ հանրապետության նախագահը՝ դատարկ խորհուրդներից։

Նույն մակարդակի «հաջողություն» ունեցան եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ՀՌԱԿ-ը, որոնք կասկած չունեին մի 10 տոկոսի համար եւ՝ «Արժանապատիվ ապագան», որը գոռում-գոչում էր, թե միայն ինքն է, որ մեր ապագայի մասին մտածում է։ Եվ հույս ուներ, որ կկարողանա թոզ փչել ժողովրդի աչքին՝ վարչապետի խողովակի միջոցով։ Եվ այդպես, շատ ու շատ այլ կուսակցություններ, որոնք հավաքեցին մի քանի տասնորդականից մինչեւ մեկ տոկոս։

Նշածս (ու չնշածս) նմանօրինակ կուսակցությունների համար այս, մեղմ ասած, տխուր պատկերը հիմք է տալիս ենթադրելու, որ հանրապետությունում գործող կուսակցությունների առնվազն 90 տոկոսը ստեղծվել է իր ղեկավարի՝ որպես ինչ-որ մի բանի ղեկավար կոչվելու անհագ ցանկության հիման վրա, նրա համար համապատասխան բարիքներ ստեղծելու միտումով, գաղափարապես ամուր չէ եւ այդ պատճառով չի կարող վայելել ժողովրդի վստահությունը։ Ապա փորձեք առաջարկել այդ կուսակցությունների ղեկավարներին՝ դառնալ իրենց կուսակցությունների շարքային անդամներ, այլ կերպ ասած՝ իրենց տեղը զիջել իրենց կուսակիցներից որեւէ մեկին։ Տեսեք, թե ինչպես նրանք կվիրավորվեն այդ առաջարկից։ Իսկ հասարակ տրամաբանությունն ասում է եւ դա ընդունված է աշխարհի քաղաքակիրթ երկրներում (ում օրինակին հաճախ դիմում են այս կարգի «փայլուն» քաղաքական գործիչները), որ պարտված կուսակցության առաջնորդը ընտրությունների արդյունքների հրապարակման նույն օրն եւեթ հայտարարում է իր հրաժարականի մասին։ Իսկ եթե ավելի խոր վերլուծելու լինենք այս ամենը, ապա ամենաճիշտը կլիներ այս մանր-մունր, ոչ մի կշիռ չունեցող կուսակցությունների լուծարումը։ Դրանով իսկ, այսպես կոչված, կուսակցական առաջնորդները իրենց կուսակցության անդամների հետ մեկտեղ ուշադրությունը կսեւեռեն որեւէ այլ, հանրօգուտ աշխատանքի վրա եւ միաժամանակ ազգաբնակչությանը չեն հոգնեցնի սին դրույթներով ու կոչերով։ Եվ, վերջապես, գաղափարները մեծ հաշվով կարող են լինել երեքը. մի ինչ-որ գաղափար, դրա հակադարձ գաղափարը եւ այդ երկուսի միջին ինչ-որ մի երրորդ գաղափար։ Մնացածները հնարովի գաղափարներ ու մտքեր են ինչ-որ ձեւով առանձին երեւալու, հարմար դիրք գրավելու եւ «ձախ» կարգի տարբեր պատառներից մասնաբաժին ունենալու նպատակով։

Այս տրամաչափի կուսակցություններից էությամբ առանձնապես չի տարբվերվում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, որը գիտենք, թե ինչպես հատեց 5 տոկոսի սահմանը։ Ասածս բխում է նրանից, որ այս դաշինքի ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ՀՀՇ-ի ու նրա ռեժիմին դատափետելու վրա։ Սա ոչ մեկի համար նորություն չէ, նույնիսկ Ա. Գեղամյանն իր հանդիպումներից մեկում նկարագրեց, թե ինչպես է ՀՀՇ-ին փնովելու ալիքի վրա գտել իր դաշինքի հովանավորին։ Դատելով այն բանից, որ անցած տարվա նախագահական ընտրություններում այդ դաշինքի ղեկավարներ Ա. Գեղամյանը եւ Հ. Խաչատրյանը միասին չստացան նույնիսկ 1 տոկոս ձայներ, նրանց դաշինքն այս անգամ էլ պետք է խայտառակվեր։ Բայց նրանք հնարամիտ գտնվեցին (ինչպես Հայրիկյանը «չֆայմեց»), գտան հզոր հովանավոր, որը փրկեց դրությունը։ Բայց հարցնենք՝ ի՞նչ գնով։ Պատասխանը միակն է. հանուն տոկոսի՝ կորցնելով իրենց ինքնուրույնությունը եւ դեմքը, նոր խորհրդարանում հլու-հպատակ զինվորի (пешка) նման կատարելու են բոլոր պատվերները։ Ինչպես ասում են, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։

Այլ պատկեր է ԱԺՄ-ի հարցում։ Մեծ կշիռ ունենալով հանրապետությունում, նրանք մի տեսակ «անհավես» եւ ավելորդ ինքնավստահ ու անկազմակերպ անցկացրին ընտրարշավը, որը թույլ տվեց շատ անդեմ կուսակցությունների փախցնելու ԱԺՄ-ի ընտրողների ձայները եւ քիչ մնաց պարտվեին։ Լավ է, որ գոնե այս վերջաբանը եղավ եւ կարծում ենք, որ այս կուսակցության շատ հարգելի մի շարք քաղաքական գործիչներ համապատասխան եզրակացություններ կանեն հետագայի համար։

«Միասնությունը» արժանի հաղթանակ տարավ եւ ժողովրդի հույսերը իրավամբ կապվում են հենց այս դաշինքի ու նրա երկու հզոր առաջնորդների հետ։

Ինչ վերաբերում է վերջերս շատ հնչող այն հայտարարություններին, որ խորհրդարան են մուտք գործել թաղային հեղինակություններ, «խարոշիներ», «լավ տղերք» եւ այլն, ապա դրանից բոլորովին վախենալ պետք չէ, նրանք իրենց ինչ-որ ձեւով անպայմանորեն կդրսեւորեն։ Հնարավոր է եւ ավելի լավ, քան որոշ «քաղաքական գործիչներ» ու իրենց լուրջ մտավորական համարողներ։ Վերջին հաշվով, եթե լավ մտածենք, ապա 131 պատգամավորը Հայաստանի նման «մի բուռ» երկրի համար չափազանց շատ է։ Ռուսաստանի նման 160 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկրի խորհրդարանը, եթե չեմ սխալվում, 500 պատգամավոր ունի։ Մոտ 50 անգամ քիչ ազգաբնակչություն ունեցող մեր հանրապետության համար խորհրդարանը պետք է բաղկացած լինի եթե ոչ 10, ապա 30 կամ ամենաշատը՝ 50 պատգամավորից (ա՛յ, ի՜նչ խնայողության տեղ է՝ աշխատավարձ, ավտոմեքենա, առանձնասենյակ, կահույք, գործուղումներ եւ այլն)։ Մնացածները, ինչպես ցույց է տվել կյանքը, «դամ» պահողներ են։ Այնպես որ, մենք ամեն դեպքում չենք տուժի։

Եվ վերջում՝ մի հարցի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում բոլոր պատգամավորական թեկնածուները (բացառությամբ, եթե չեմ սխալվում, մեկի) հայտարարում էին, որ պատգամավորներին անձեռնմխելիություն պետք չէ եւ այն պետք է հանվի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիությունը հաստատված է երկրի սահմանադրությամբ եւ այնտեղ փոփոխությունները կարող են կատարվել միայն հանրաքվեով եւ ուրեմն դա բարդությունների եւ երկար ժամանակի հետ է կապված, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատգամավորության թեկնածուներն իրենց հայտարարություններում եղել են անկեղծ, ապա առաջարկում եմ նորընտիր պատգամավորներին առաջիկա օրերի ընթացքում կամավոր հրաժարվել իրենց անձեռնմխելիության դրույթից եւ այդ մասին գրավոր հայտնել խորհրդարանի նախագահին եւ ժողովրդին՝ լրատվամիջոցներով։ Ժողովրդի համար հետաքրքիր կլինի իմանալ, թե այդ 130-ից քանիսն է իր խոսքի տերը։

ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930