Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉ ՆՈՐ ՉԷ ԱՅՍ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ

Հունիս 16,1999 00:00
hraparak

Հասարակությունը սովորել է զսպել իր զգացմունքները։ Ոչ այն պատճառով, որ արդեն մի քանի տարի ամեն պատահած առիթով միտինգի դուրս չի գալիս։ Պարզապես հասարակությունը սովորել է ինքնարժեքից մեծ հույսեր չկապել քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների հետ։

Սա էլ կարելի է համարել շուկայական կացութաձեւի միակ իրական նվաճումը հասարակական կյանքում։ Որքան փոքր է ինչ-որ գործընթացի հետ կապած հույսը, նույնքան փոքր է անպայման ու անխուսափելի հիասթափությունը։ Ձեւավորվող ութերորդ կառավարությունն իր կազմով ու ապագա գործունեությամբ կանխատեսելի է։ Հետեւաբար, նույնչափ կանխատեսելի են նրա հետ կապված հույսերն ու սպասումները։ Հասարակական զարգացումներին հետեւող ոչ մի փորձագետ առայժմ հնարավոր չի համարում տնտեսական կուրսի լուրջ շեղում կամ փոփոխություն։ Հետխորհրդային տնտեսական ծրագրերը նախագծում եւ իրականացնում է երիտասարդ եւ շատ երիտասարդ (հասարակական կյանքի չափանիշներով՝ պատանի) տնտեսագետների նույն խումբը։ Այս խումբն իր կազմի եւ հայացքների (դավանաբանության) կայունությամբ համարյա վերաճել ու դարձել է կաստա։ Անցումը սոցիալիզմից դեպի նոր հասարակություն (կամ անհայտություն) բազմաթիվ խնդիրներ ձեւակերպեց հատկապես տնտեսության ոլորտում։ Երիտասարդ տնտեսագետների մի խմբի հաջողվեց քաղաքականությամբ զբաղվողներին համոզել, որ իրենք պատկերացնում են այդ խնդիրների լուծումը։ Տնտեսագետների այս խմբի խոսքն ու ծրագրերը սկզբում հասկանալի էին։ Հասկանալի էին, քանի դեռ խոսում էին սոցիալիզմի ոճին հարիր բառապաշարով։ Քաղաքատնտեսության կատեգորիաները, որ յուրացվել էին մանկապարտեզում, դպրոցում, բուհում, քաղպարապմունքների համակարգում, պինդ ու ամուր նստած էր բոլորի պատկերացումներում։ Հետո տնտեսագետները մի քանի շաբաթյա կուրսեր անցան Բերկլիում, Օքսֆորդում եւ այլ համալսարաններում։ Օտար տնտեսավարման կատեգորիաների ներմուծումը քաոսի նման մի բանի վերածեց նրանց տնտեսական պատկերացում-գաղափարախոսությունը։ Նրանց խոսքը, մտածողությունը, ծրագրերը այլեւս անհասկանալի էին եւ հասարակությանը, եւ նրանց, ովքեր ի պաշտոնե իրենց քաղաքական գործիչ էին համարում։ Վերջիններս համարյա միաբերան հրաժարվեցին տնտեսական պրոցեսների ղեկավարումից։ Այդ անհասկանալի գործը վստահելով անհասկանալի խոսքեր արտասանող տնտեսագետներին։ Կառավարիչ տնտեսագետների կաստային պարբերաբար հաջողվում էր հասարակության բոլոր շերտերին հեռացնել տնտեսության կառավարման ոլորտից։ Սակայն չէր հաջողվում կառավարելի դարձնել տնտեսական պրոցեսները։

Արդյունքում տնտեսական ճգնաժամը դարձավ խրոնիկ հասարակական հիվանդություն։ Ճգնաժամի հատկապես սուր ընդգծված պահերին քաղաքական գործիչները թթու խոսքերով պաշտոնաթող էին անում հերթական կառավարությանը եւ ձեւավորում նորը։ Յուրաքանչյուր նոր կառավարության կազմում տնտեսական ու ֆինանսական լծակներին աննկատ վերադառնում էր նոր տնտեսագետ-կառավարիչների կաստան։ Աննկատ է մնում այն մեխանիզմը, որ նրանց անընդհատ վերադարձնում է իշխանության։

Իհարկե, կարելի է հիմնավորել, որ այս կաստայի անդամները միակ լիբերալներն են հայոց մեջ։ Հետեւաբար, միակ ընդունելի դեմքերն են արեւմտյան վարկատու կազմակերպությունների համար։ Այս դեպքում, սակայն, հարկավոր է ընդունել եւս մեկ անհայտ դարձող փաստ՝ վարկերը ինքնանպատակ են։ Որովհետեւ Հայաստանի նման փոքր երկրում համարյա անհնար էր 800 մլն դոլար վարկային միջոցներն անիմաստ օգտագործել։ Անհնար էր, որ 800 մլն դոլարը այս կամ այն չափով չխթաներ տնտեսության որեւէ ոլորտ։ Բայց չխթանեց։

Այսօր ութերորդ կառավարության ձեւավորման փուլում նորից նկատելի է, որ տնտեսական ու ֆինանսական ոլորտների ղեկավարման լծակները մնալու են մասնագիտական նույն դավանաբանությունն ունեցող խմբի ձեռքում։ Պաշտոնների հավակնողների ազգանունները նույնն են։ Նշենք նաեւ, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ենթադրվող թեկնածուն նույնպես նոր դեմք չէ։ Հին ու ծանոթ մասնագետների կաստայից նախարար Լ. Բարխուդարյանի պաշտոնավարման վերջին փուլն, այնուամենայնիվ, կարելի է դրական բնութագրել։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով նա մեկուսացվեց էկոնոմիկայի կառավարման լծակներից։ Բայց ասածը չի կարելի ընկալել որպես լուրջ հայտ։ Որոշ լուրերի համաձայն, նոր կառավարության կազմում իրենց պաշտոնավարմանը տհաճությամբ են համաձայնվում գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարարները։ Տնտեսագետների կաստայի անդամները երբեք չեն ձգտել ղեկավարել հստակ բովանդակություն եւ ուղղորդվածություն ունեցող կառույցներ։ Դրանք սովորաբար զիջվել են հին՝ «կարմիր» ծագում ունեցող տնտեսվարներին։ Այսպես ավելի հեշտ է։ Տնտեսության իրական հատվածում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն) բոլոր ձախողումները կարելի է բարդել «կարմիր» տնօրենների վրա։

Նոր տնտեսագետներից միայն Հրանտ Բագրատյանը «համարձակվեց» պաշտոն ստանձնել իրական սեկտորում։ Արդյունքներն առայժմ մխիթարական չեն։ Կրճատվում է «Պեռնո Ռիկարի» գործունեության ծավալը։ Մյուսները գերադասում են ղեկավարել լայն իմաստով մշուշոտ բովանդակություն ունեցող ֆինանսատնտեսական պաշտոններ։ Նոր վարչապետի համար համեմատաբար ավելի հեշտ է լինելու, քան իր նախորդների համար էր։ Չնայած ազատված կոմերիտմիության քարտուղար աշխատած լինելու փաստին, նրան չի կարելի համարել սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսաբան կամ սոցիալիզմի պրակտիկ շինարար։ Միմիայն այս տեսանկյունից արդեն հետաքրքիր է դառնում նոր կառավարության տնտեսական քաղաքականության ծրագիրը։ Ծրագիր, որի հրապարակումը ոչ պաշտոնական տվյալներով հետաձգվեց մինչեւ հունիսի 18-ը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930