Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ եմ ինձ հեռացնողներից

Հունիս 25,1999 00:00
loto

«Բարի լոտոն» հաղթեց բոլորին։ Յուրաքանչյուր խաղարկությանն ավելի ու ավելի շատ տոմսեր են վաճառվում, քան նախորդ անգամ։ Պատճառը չեմ կարող ասել, որովհետեւ հիմա «Բարի լոտոյից» էժան տոմսեր էլ կան։

Երեւի անունն է մարդկանց դուր եկել կամ այն, որ մարդիկ տեսնում են, որ իրենց գումարները դպրոցներ են հասնում»,- այսպես սկսվեց մեր զրույցը վիճակախաղի տոմսեր տարածող տիկին Մեդեայի հետ։ Տիկին Մեդեան ժամանակին լուրջ չինովնիկ է եղել՝ Մեծամորի ավանային խորհրդի քարտուղար։ ՀՀՇ-ական իշխանությունները նրան ստիպեցին հեռանալ այդ պաշտոնից։ «Ստիպված էի մտածել, թե ինչով զբաղվել։ Յուրաքանչյուր օր ամեն ինչ թանկանում էր, իսկ ես երկու տղաներ ունեի, որոնք սովորում էին։ Սկզբում փորձեցի արեւածաղիկ վաճառել, սակայն դա լուրջ գործ չէր։ Վիճակախաղի տոմսերի վաճառքի շուկա մտա շատ պատահաբար եւ կարծես թե ստացվեց»,- ասում է տիկին Մեդեան։

Այժմ նա վերահսկում է Հանրապետության հրապարակից մինչեւ ՊՀԽ ընկած տարածքում գործող բոլոր վիճակախաղի վաճառքի կետերը։ Տիկին Մեդեան վիճակախաղերի կազմակերպիչներից վերցնում է տոմսերը եւ ապա դրանք բաժանում վաճառողներին։ Յուրաքանչյուր վաճառված տոմսից իրեն մնում է 10-30 դրամ (նայած թե ինչ արժե տոմսը)։ Մոտավոր հաշվարկներով միայն ինքը իրացնում է հանրապետությունում վաճառվող տոմսերի մոտ 10%-ը։ Եթե հանրապետությունում վաճառվել է 150 հազար «Բարի լոտոյի» տոմս, ապա 15 հազարը՝ տիկին Մեդեայի միջոցով։ Իր վերահսկողության տարածքը խիստ սահմանափակ է, ոչ ոք իրավունք չունի այդտեղ կանգնողներին տոմսեր բաժանել։ Ներթափանցումներ լինում են, սակայն դրանք շատ արագ նկատվում են եւ կանխվում։ «Ես ունեմ իմ «կրիշան», որը զբաղվում է իմ տարածքի պաշտպանությամբ։ Եթե որեւէ մեկը մտնում է տարածք, ես հայտնում եմ նրան, եւ նա պատժում է սահմանախախտին։ Բացի այդ, նա հետեւում է, որ վաճառողները ժամանակին եւ կանոնավորապես վճարեն վաճառքից ստացված գումարները։ Նրանք փող «քցելու» լավ մասնագետներ են։ Ս

րանից մի քանի ամիս առաջ իմ տարածքում մի կին հայտնվեց, որը վաճառողներին թողնում էր 15 դրամ։ Ես մի քանի անգամ զգուշացրեցի, որ դա կարող է շատ վատ ավարտ ունենալ։ Նա ոչ մի կերպ չարձագանքեց։ Վաճառողն ի՞նչ է անում։ Սկզբում վերցնում է 10 տոմս, վաճառում է, փողը տալիս, հետո հարյուր, կրկին պարտաճանաչ տալիս է, երբ այդ թիվը մեծանում է, մի օր էլ նա հրաժարվում է փողը տալ։ «Ծախսել եմ՝ կունենամ, կտամ»։ Այդ խեղճ աղջիկը ստիպված իր տունը վաճառեց՝ պարտքերը փակելու համար»,- իր գործի նրբություններն է ներկայացնում տիկին Մեդեան։

«Կրիշան» արժի շաբաթական 20 հազար դրամ, եւ դա նորմալ վճար է համարվում կատարված աշխատանքի դիմաց։ «Շատ զգուշավոր եմ, երբեք մեծ թվով տոմսեր չեմ տալիս։ Անընդհատ շրջում եմ տարածքով՝ 200 հատը վերջացավ, կրկին եմ տալիս։ Սրանով փոքրանում է նաեւ ռիսկի գործակիցը»,- ասում է տիկին Մեդեան, ավելացնելով, որ ինքն էլ զերծ չի գայթակղություններից եւ մեկ-մեկ էլ ինքն է ուրիշի տարածքում տոմսեր բաժանում։ Նույն ձեւով էլ նրան են զգուշացնում նման գործելակերպի անթույլատրելիության մասին։ «Մի վաճառողի, եթե ծեծեցիր փողը ուշացնելու համար, նա անպայման մյուսներին ասում է, որ գործ չունեք սրա հետ։ Իսկ եթե թողեցիր, որ քեզ 200 դրամ չտան, մի ուրիշը փորձելու է 20 հազար դրամ «քցել»։ Հարկերը ժամանակին մուծում է, վերջերս դարձել է «Բարի լոտոյի» պաշտոնական տարածողը, եւ դա կարեւոր առաջխաղացում է համարում իր բիզնեսում, քանի որ այժմ պաշտպանված է նաեւ հզոր կառույցի կողմից։ «Նրանք երաշխավորել են , որ իմ տարածքում ուրիշ որեւէ մեկը «Բարի լոտո» չի վաճառելու։ Մի անգամ այդպիսի դեպք եղավ, հայտնեցի նրանց։ Ասացին՝ եթե հաջորդ անգամ էլ նույն մարդը քո տարածքում երեւա, իրենք նրան ուղղակի կզրկեն «Բարի լոտո» վաճառելու հնարավորությունից»։ Տիկին Մեդեան խոստովանեց, որ զբաղվում է նաեւ «քցված» տոմսերի առք ու վաճառքով։

Մարդիկ դիմում են վիճակախաղի կազմակերպիչներին. ենթադրենք «Իգմա» կոնցեռնին կամ «Հեռուստալոտոյին», նրանցից 360 դրամ արժողությամբ վերցնում 2 հազար վիճակախաղի տոմս՝ տարածելու համար։ Այդ նույն մարդիկ առաջարկում են այդ նույն տոմսերը գնել 200 դրամով։ «Եվ իրենց է ձեռնտու, քանի որ կանխիկ 400 հազար դրամ են աշխատում, եւ ինձ, քանի որ գերշահույթ եմ ստանում։ Ես ֆիրմաներից էլ չեմ թաքցնում, որ «քցած» տոմսեր եմ վաճառում։ Թող իմանան ում են տալիս եւ կստանան տվածի դիմաց, թե ոչ։ Ես երեւի միակ մարդն եմ, որ «Իգմա» կոնցեռնին, «Էքսպրես մանիի» թողարկողներին պարտք չեմ»,- հպարտանում է տիկին Մեդեան։ Իսկ ամենամեծ ուրախությունն իր համար համարում է այն, որ այժմ գործազուրկ են մնացել իրեն աշխատանքից ազատած ՀՀՇ-ական լիդերները։ «Ինչ որ տեղ ես նույնիսկ նրանց շնորհակալ եմ»,- ասում է տիկին Մեդեան։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930