Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԼԱՆԴԻՆԿԱՆ» ԷԼ ՕՋԱԽԻ ԱՂՋԻԿ Է

Հունիս 25,1999 00:00
axjik

Հիշո՞ւմ եք, հայտնի մի անեկդոտ կա, մեկն ասում է ընկերոջը. «Ապե, ինչ լավ բլանդինկա է»։ «Արա, ինչի ես ըտենց ասում, կարող ալավ աղջիկ ա»,- պատասխանում է ընկերը։ Այս անեկդոտը, կարծում եմ, ճիշտ եւ ճիշտ բնորոշում է հայերիս վերաբերմունքը շիկահերների նկատմամբ։

Որքան էլ մեր պատմաբանները պնդեն, թե հայերը դարեր առաջ կապուտաչյա եւ շիկահեր են եղել, միեւնույն է, փաստը մնում է փաստ, որ ներկայումս հայերը լավ էլ սեւահեր են ու հեչ էլ կապուտաչյա չեն։ Եղած շիկահերներն էլ՝ կանայք՝ իհարկե, արհեստական ներկերի ճանապարհով են գունափոխվել։ Թեպետ պատկերացնում էի հայ տղամարդկանց, ինչու չէ նաեւ կանանց վերաբերմունքը շիկահերների նկատմամբ, այնուամենայնիվ, որոշեցի փորձարկում կատարել եւ սեփական մաշկի վրա զգալ վերաբերմունքի փոփոխությունը։

Սեւահերից-շիկահեր

Փորձ I – մազերս սեւ ներկեցի եւ կարճ խիստ սանրվածք արեցի ու բնականաբար սկսեցի կոստյումներ հագնել։ Ոչ միայն գործընկերներիս, ծանոթներիս, այլ նաեւ անծանոթների վրա խիստ գործարար կնոջ տպավորություն թողեցի։ Տարիքով ինձանից մեծերն ու անգամ այն երիտասարդները, որ երբեւէ չէիր մտածի, թե կարող են «դուք»-ով դիմել, ինձ սկսեցին «դուք»-ով դիմել։ Այս տեսքս զարմանալի ազդեցություն թողեց մարդկանց վրա, չպատճառաբանված ինձ վստահում էին ու անգամ խորհուրդ հարցնում։ Ինձ ավելի շատ ընդունում էին ոչ այնքան կնոջ, որքան պարզապես գործընկերոջ։

Փորձ II – Որոշ ժամանակ այս տեսքովս հիանալով եւ հիացնելուց հետո որոշեցի մազերս շեկացնել, մանավանդ որ կարճ սանրվածքի համար բավականին երկարել էին։ Մազերս շեկացրեցի ու դուրս եկա Երեւանի փողոցներ։ Ու մարդկանց վերաբերմունքն էլ հենց «փողոց դուրս եկածի» էր։ Նույն մարդիկ, որոնք երեկ խոնարհաբար ինձնից խորհուրդ էին հարցնում ու հարգանքի «ռեւերանսներ» անում՝ մազերիս գունափոխությունից հետո սկսեցին չճանաչել ու անգամ չբարեւել։ Ավելին, փողոցի երիտասարդները «վարպետորեն» ցուցադրեցին իրենց ռեպլիկների ողջ ներկապնակը։ Մեծահասակ կանայք եւ տղամարդիկ սկսեցին ինձ չար աչքով նայել, իսկ առավել համարձակները հետեւիցս անեծքների ու չարախոսությունների տարափ տեղացին։ Ըստ էության, ոչինչ չէր փոխվել, մազերս էր շեկացել եւ խիստ գործնական կոստյումը փոխվել էր թեթեւ մարզական հագուստի, բայց շրջապատի համար ես «փիս» վարքով աղջիկ էի դարձել։

Շիկահարները վստահություն չեն ներշնչում

Պարզվում է՝ շիկահերների նկատմամբ այս յուրահատուկ վերաբերմունքը ոչ միայն հայերիս մենաշնորհն է։ Շիկահերներն ողջ աշխարհում, որքան էլ ցանկալի, նույնքան (հայերեն ասած) «օջախի աղջիկ» չեն համարվում։ Շվեդ հոգեբաններն, օրինակ, գտնում են, որ եթե Մերիլին Մոնրոն սեւահեր լիներ՝ նա երջանիկ կլիներ։ Ընդհանրապես շվեդ հոգեբանները, ուսումնասիրելով կանանց մազերի գույները, հետաքրքիր եզրակացությունների են հանգել։ Նախ, ճիշտ չէ, թե տղամարդիկ շիկահերներին են նախընտրում, թերեւս միայն որոշակի «դեպքերի» համար։

Հետաքրքիր է, որ երկար մազերով շիկահերները դիտվում են նախ եւ առաջ թեթեւաբարո վարք ունեցողներ, չգիտես ինչու քրեական հակումների տեր։ Մի խոսքով, երկարամազ շիկահերները վստահություն չեն ներշնչում։ Նրանց հակառակ՝ կարճ եւ խիստ սանրվածքով սեւահերները մեծամասնության կարծիքով ինտելիգենտ են, զուսպ եւ գործարար (ապացույցը ինձ հետ կատարված փորձարկումը)։ Շվեդ հոգեբանների օրինակով մի հարցում էլ ինքս կատարեցի՝ պարզելու համար հայ տղամարդկանց վերաբերմունքը շիկահերների (նաեւ սեւահերների) նկատմամբ։ Առանձնապես հայտնագործություն չարեցի ու պարզեցի, որ հայ տղամարդկանց մեծ մասին դուր են գալիս շիկահերները, բայց, ինչպես վերեւում արդեն ասացի, որոշակի «դեպքերի» համար։ Բայց, ի տարբերություն շվեդ տղամարդկանց, հայ տղամարդիկ նախընտրում են ռուս շիկահերներին։ «Քուր ջան, դե ոնց պիտի վերաբերվենք, եթե էդ հայ աղջկա մտքին ուրիշ բան չկա, ինչ ա մազերը շեկացնում։ Ըտենց ա անում, որ նմանվի ռուսներին, ով չգիտի, որ հայ տղամարդկանց խելքը ռուս աղջիկների համար գնում ա։ Մերոնք էլ ներկում են, էլ չեն մտածում, որ ռուս աղջկերքի հետ հայ տղամարդիկ իրենց կայֆի համար են գնում, բայց մեր հայ աղջկան սազում ա ըտենց բան, ով ըտենց աղջկան տուն կտանի»,- լսածս պատասխաններից սա թերեւս ինձ՝ շիկահերիս համար ամենառաբիզն էր։ Իսկ ամենահաճելին թերեւս հետեւյալն էր. «Իհարկե, շիկահերների նկատմամբ միշտ էլ կանխակալ վերաբերմունք կա, բայց եթե ամբողջ աշխարհում տղամարդկանց ձգում են շիկահերները, ուրեմն «в этом есть что-то»։ Ի վերջո, արվեստում եւ գրականությունում հիմնականում գովերգվել են շիկահերները եւ գովերգվել են իբրեւ արժանավոր, նուրբ եւ հավատարիմ էակներ»։

Սրանք անցկացրածս հարցման ընդամենը 2 հակադիր տեսակետներն էին։ Իսկ եթե ընդհանրացնելու լինեմ, պատկերը հետեւյալն է. տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ շիկահերները նյարդային հիստերիկներ են, թեթեւաբարո են եւ ունակ չեն երջանկացնել տղամարդուն։ Հետաքրքիր է, որ անգամ մեծահասակները չեն վստահում շիկահերներին եւ ցանկանում են, որ իրենց նկատմամբ հոգ տանեն սեւահերները։ Բայց բավական է, որ նույն շիկահերը արհեստական ներկերի շնորհիվ դառնա սեւահեր՝ շահում է ոչ միայն մեծահասակների վստահությունը, այլ ցանկալի շիկահերից դառնում է «օջախի համեստ աղջիկ»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930