Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրհոս + Կույս

Հուլիս 07,1999 00:00
Bella Qocharyan

«Մարդիկ կհորինեն հրաշալի հայելիներ, որոնց օգնությամբ կկարողանան մեծ տարածության վրա խոսել միմյանց հետ եւ տեսնել իրար»

Նոստրադամուս

Ցավով պիտի արձանագրեմ, որ երեկվա դրությամբ չկային այդ հայելիները, բայց դա չխանգարեց ինձ «խոսել» մեկի հետ, որին «տեսնում» էի։

Ուրեմն այսպես. ուսումնասիրությանս կին-օբյեկտը ծնվել է 1954 թ. հունվարի 31-ին։ Ըստ արեւելյան, մասնավորապես՝ ճապոնական հորոսկոպի, ծնվել է ձիու տարում։ Ամենաբնորոշն այս նշանի տակ ծնվածների համար այն է, որ «սիրում է լինել իրադարձությունների կենտրոնում»։ Նա Ջրհոս համաստեղության ներկայացուցիչն է, հովանովորվում է միաժամանակ… Սատուրնի եւ Ուրանի կողմից։ Ընդ որում, Սատուրն է ստիպում Ջրհոսին ճակատագրին հնազանդվել։ Սատուրնը շարունակում է մեր պատկերացումներում դարձյալ մնալ որպես չիրականացված հույսերի մոլորակ։ Հակառակը՝ Ուրանը ոգեշնչվողների մոլորակն է։ Այդ է պատճառը, որ իմ ուսումնասիրության օբյեկտը երկակի բնավորությունների կրող է, մի տեղ նույնիսկ երկվորյակային հատկանիշներով օժտված, փոփոխական։ Նա կարող է երեւակայական թռիչքներից հետո «տունդարձի» ճամփան ընտրել, իբրեւ… սթափ տիրուհի։

Աստղագուշակային «բանահյուսության» մեջ Ջրհոս կնոջ համար մի չքնաղ դարձված կա. «Ջրհոս կնոջ մեջ մի քանի կին կա թաքնված»։ Սակայն… կերպարի թուլություններից է՝ ավելի շատ տալ, քան… վերցնել։

Ընկերուհիները, շրջապատը, որ կարող են նրա երեսով տալ, դա այն է, որ Ջրհոս կանայք արագ են ամուսնանում (իսկապես, երեսով տալու բան է – Ռ.Մ.)։

Ըստ դրուիդների հորոսկոպի, կնոջ (որին մենք չենք ճանաչում) ծառատեսակը նոճին է։ Նոճին նույնպես մի ընդհանրական բնութագրում ունի. «բավարարվում է քչով, համակերպվում է իրավիճակներին»։ Նա երազկոտ է, անհասանելի է… իր նվիրվածությամբ (ամուսնուն՝ հասկանալի է – Ռ.Մ.)։

Ճանաչված նոճի է Լուի Ամսթրոնգը։

Այս կինն անխուսափելի հաջողության կարող է հասնել 2003 թվականից հետո միայն, երբ Սատուրնը կմտնի Ջրհոսի համաստեղություն եւ դրանով իսկ կսկսվի Մեծ Տիկնանց կառավարման դարաշրջանը։

Ըստ Նոստրադամուսի (ի դեպ, եթե դատարան կանչեն տողերիս հեղինակին, լավ կարդացեք, պատասխանող կողմ է լինելու մեծ գուշակը նաեւ – Ռ.Մ.), «կանայք իրենց վրա կվերցնեն աշխարհը քաղաքակրթելու պարտականությունը, որովհետեւ նրանք մազերի՝ անտենաների միջոցով չեն կորցնում կապը Տիեզերքի հետ»։ Զգուշացնեմ «օբյեկտիս», որ ակտիվ քաղաքականության մեջ մտնելու ժամանակ նրան քիչ է մնացել եւ եթե նա «իրեն թույլ տա այդ բանը», ապա, ի գիտություն նրա, ասեմ, որ տիկնանց կառավարման դարաշրջանը տեւելու է մինչեւ 2032 թ.»։ Թեեւ, խոսքը մեր մեջ մնա, ըստ պատասխանող կողմի՝ Նոստրադամուսի «Առավոտին» տրված «ապացույցների», տիկնանցից մեկի կառավարման ավարտին կստեղծվի նոր ջրհեղեղի վտանգ (Նոստրադամուսի հակաքարոզչությունն էլ այս հարցում է դրսեւորվել – Ռ.Մ.)։

Ինչպիսին է օբյեկտուհուս փոխհարաբերությունն իր ամուսնու հետ։ Ինձ տրվել է նրա տվյալները եւս. 1954 թ. օգոստոսի 31։

Տղամարդը, որը վերոնշյալ Ջրհոսի ամուսինն է… ձի է։ «Այս մարդիկ հանրահայտ են» եւ «չափազանց անկախ են ու հազվադեպ են ուրիշների խորհուրդները լսում, ընդ որում, անում են այն, ինչ իրենք են գտնում ճիշտ»։ Կնոջ ամուսինը… Կույս է (բառի ոչ ուղիղ իմաստով, այլ՝ համաստեղությամբ – Ռ.Մ.) եւ կրում է երկրային կյանքի, նշանի բոլոր որակները։ Այդ կնոջ ամուսինը կամ քաղաքագետ է, կամ տնտեսագետ։ Դեպի կարգուկանոնն ունեցած նրա դրսեւորումները հաճախ վերաճում են մոլուցքի։ Ըստ դրուիդների հորոսկոպի, նրա ծառատեսակը սոճին է։ Ասում են, նա գիտի, թե ինչ է ուզում, չի բավարարվում նրանով, ինչ կյանքն է տալիս (իսկ ո՞վ է կյանքի, «Փարոսի» տվածով բավարարվում որ – Ռ.Մ.)։ Տղամարդը սիրում է արժեքավոր իրեր, գեղեցիկ ինտերյեր։ Չգերազանցված սոճին, իմ կարծիքով, Նապոլեոնի մայրն է, հայ իրականությունը սուպեր-սոճի չի երկնել։ Սակայն եկեք մի պահ մտնենք մատի-մատանու-աստղերի արանքը. այս զույգի համար ամուսնական վեճերն անխուսափելի են։ «Կույսը ուժգնորեն դեպի իրեն է ձգում Ջրհոսին, սակայն երկարատեւ միություն նրանց միջեւ հազվադեպ է լինում»։ Ի դեպ, «ձեռքս ընկած» այս Կույս-տղամարդու երեսով կարող եմ տալ այն, որ… իմպուլսային է, անտարբեր չէ կանանց նկատմամբ, հաճախ կարող է տարվել մեկով, հետագայում, երբ արդեն ուշ է լինում… պատվախնդրորեն հեռանալ։

Կերպարն իրականում պարզ է։ Սակայն նրա վրա խնդիր կա դրված։ Նա միսիա ունի կատարելու։ Նա շրջապատի կողմից ավելորդ անգամ… բարդացվում է, գերորակավորվում։ Մինչդեռ նա այն է, ինչ՝ է…

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031