Լրահոս
Օրվա լրահոսը

Կռիվ, որտեղ նույնպես «փլավ չէին բաժանում»

Հուլիս 15,1999 00:00
vanadzor

Այն «հին, բարի ժամանակներում» Վանաձորի փողոցներում, երեկոյան ժամերին կարգ ու կանոնի պահապանները, ինչպես նաեւ հասարակական կարգով ժողվերահսկողները հսկողություն էին իրականացնում՝ հասարակության անդորրը անհաճո երեւույթներից զերծ պահելու նպատակով։

Այդ ավանդույթը, փաստորեն, 10 տարուց ավելի է խախտվել է, եւ երեկոյան ժամերին հաճախ կարելի է հանդիպել «ռազբիրատ» անողների մեծ ու փոքր խմբերի, որոնք, ըստ երեւույթին, որոշում են զարմացնել անցորդներին ու շենքերի բնակիչներին՝ հայհոյանքի առատ պաշարով, ինչպես նաեւ տուրուդմփոցի բացօթյա «սեանսներ» անցկացնել «ուսուցողական» նպատակներով։

Նման մի «սեանս» օրերս տեղի ունեցավ երկաթուղայինների այգու եւ այդտեղ գտնվող ռեստորանի ու սրճարանի մոտակայքում։ «Կատարները տաքացրած» տղամարդիկ բաժանվել էին 2 խմբի։ Խմբերից մեկի առավել «լրջագույն» անդամը փորձում էր առավել «տաքացած» ընկերոջ հարձակողական գործողությունները «ախոյան» խմբի նկատմամբ կանխել, իսկ վերջինս դիմադրում էր, աշխատելով իրեն պահող ընկերոջ ձեռքերից դուրս պրծնել։ Արդյունքում՝ երկու աժդահա տղամարդիկ թավագլոր վիճակում հայտնվեցին փողոցի գրեթե մեջտեղում, այդ պահին եկող պատահական մեքենայի եւ իրենց համար լիակատար վտանգ ստեղծելով։

Աչալուրջ վարորդը, մի քանի անգամ ազդանշան տալուց հետո, այնուամենայնիվ, կարողացավ խուսափել ակամա հանցագործ դառնալուց եւ ճարպկորեն շրջանցեց թավալվողներին (բայց չէ՞ որ կարող էր այդ ընթացքում հանկարծ պատահաբար հարվածել փողոցը հատող որեւէ հետիոտնի)։ «Ախոյան» խմբում գրեթե համանման իրավիճակ էր ստեղծվել, այն տարբերությամբ, որ այդտեղ «բանակցությունները» մինչեւ վերջ տարվեցին «հոտնկայս», սակայն դատելով մոտ տարածության վրա լսվող «չափալախների» ու «քացիների» հարվածներից, դժվար չէր ենթադրել, թե այնտեղ նույնպես «կենացները քաղցրացել» էին, եւ միմյանց հետ հաշիվ էին մաքրում ընդամենը մեկ-երկու րոպե առաջ իրար համախոհ համարողները։ Այդ ամենը տեղի էր ունենում այգում զբոսնող զույգերի, կանանց ու երեխաների, ինչպես նաեւ հարակից շենքերի բնակիչների ներկայությամբ։

Ըստ երեւույթին, այդ պահին կռվողները չէին էլ մտածում, որ հնարավոր է՝ քրեական որեւէ գործի համար «հումք» դառնան։ Չէ՞ որ դատարաններում մուտք եղող վարչական ու քրեական իրավախախտումների հիմնաքարը ավելի հաճախ սկսվում է փողոցային կռիվներից։

Նման դեպքեր, որոնք հաճախակի են, ավելի քիչ կլինեն, եթե հասարակական վայրերում երեկոյան ժամերին օրինապահների զգաստացնող ներկայությունը հաճախակի լինի։ Իսկ վերոհիշյալ վայրում այդօրինակ հսկողության անհրաժեշտության համար բոլոր «նպաստավոր» պայմանները կան. ռեստորան, սրճարաններ, բենզալցման կետեր, զբոսայգի, իսկ փոքր-ինչ ավելի հեռվում՝ երկաթուղային կայարան՝ տարբեր վարք ու բարքի տեր, երբեմն էլ կասկածելի այցելուներով։

… Ըստ երեւույթին, նման դեպքերի առավել հաճախակի դառնալը բացատրվում է նաեւ նրանով, որ վերջին տարիներին սանիտարական ոստիկանությունը, որ զբաղվում էր նաեւ այդօրինակ հարցերով, չգիտես ինչու վերացավ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031