Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հուլիս 15,1999 00:00
baxanis

Իջեւանի կողմից հասնելով Սարիգյուղ, ավտոմեքենաները մի պահ վարանում են. վարորդներն ստուգում են անիվների վիճակը, եթե շարժիչի ձայնի մեջ կասկածելի բան կա՝ նորից ու նորից են լսում, մինչեւ համոզվում են, որ մեքենայի տեխնիկական վիճակը թույլ կտա առանց անակնկալների անցնել մինչեւ Բաղանիս՝ 20 կիլոմետր տարածքը։

Եվ այսպես չվարվելն անխոհեմություն կլինի, որովհետեւ Սարիգյուղից հետո ճանապարհն առաջ է մղվում ադրբեջանական սահմանային դիրքերի ուղիղ նշանառության ներքո։ Իսկ բազմաթիվ դեպքեր վկայում են, որ հրադադար, թե խաղաղություն ասվածը սահմանի այս հատվածում շատ հարաբերական հասկացություն է։ Չես իմանա, թե որ պահին հակառակորդ դիրքից մոլագար մեկը կկամենա գնդակոծել մայրուղին։ Նման իրավիճակներում գոնե համեմատական ապահովության համար անհրաժեշտ է երկու կարեւոր բան՝ սարքին ավտոմեքենա եւ հուսալի ճանապարհ, որպեսզի կարողանաս խուսանավել։

Ավտոմեքենայի սարքինությունը վարորդի խնդիրն է, բայց երկրորդը՝ առավել կարեւորը, պետական ու ռազմական նշանակության հարց է, որ ի սկզբանե պետք է լիներ Տավուշի մարզի խելոք ղեկավարների առաջնահերթ անելիքը։ Կար մի մարզպետ, որը նույնիսկ հարսանքատներում ու թաղման թափորների սգո ընթացքի մեջ սիրում էր հաշվետվություն տալ երկրի ու ժողովրդի համար արված իր անուրանալի գործերի մասին։ Չէր մոռանում նաեւ մայրուղու Սարիգյուղ-Բաղանիս հույժ կարեւոր եւ աններելիորեն քարուքանդ հատվածը։ Ըստ նրա, դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին «բոլոր ուժերի մոբիլիզացումով» պիտի սկսվեր մայրուղու այդ մասի կառուցապատումը՝ ծրագիր ունենալով կարճ ժամանակում այն դարձնել «հայելու պես ողորկ»։

Որքան գիտեմ, մարզի ղեկավարության հիշյալ համաժողովրդական գործերից մի քանիսը հետո օրինապահ մարմինների ուշադրությանն արժանացավ։ Իսկ մայրուղու խնդրո առարկա հատվածը, առաջվանից ավելի անմխիթար վիճակում, շարունակեց իր անհուսալի վտանգավոր գոյությունը։ Ես տեսել եմ, թե գիշերային ընթացքի ժամանակ ճամփի խոր փոսի մեջ խփվելուց ինչպես է ջարդվել մեքենայի ղեկային համակարգը՝ ամուսիններին երկու անչափահաս երեխաների հետ մինչեւ լույս թողնելով ադրբեջանցի զինվորների քմահաճ նշանառության տակ։ Տեսել եմ նաեւ, թե ավերիչ խորդուբորդությունները շրջանցելիս «ԳԱԶ 24» ավտոմեքենան ինչպես է դուրս նետվել ճանապարհից եւ շրջվել։ Եվ, ցավոք, մենք էլի շատ ու շատ տխուր պատկերներ ենք տեսնելու հիշյալ տարածքում, եթե Տավուշի նոր մարզպետը չկատարի իր նախորդի խոստումը կամ, եթե ի վիճակի չէ, համապատասխան նախարարի ձեռքից բռնած բերի Սարիգյուղ եւ նրանից խորհուրդ հարցնի, թե ինչպես եւ ում միջոցով կարելի է եթե ոչ «հայելու պես ողորկ» դարձնել, ապա գոնե տանելի վիճակի բերել կարեւոր ու վտանգավոր ճանապարհը։ Մարզպետը, եթե իրոք իր տարածքի տերն է, պարտավոր է ապահովել այդ բանը։

Թե ինչպես՝ մե՛նք չհուշենք, ինքը ավելի լավ կիմանա ձեւերը։ Ոչինչ, որ ճանապարհներ կառուցող նախարարը նրան մատնացույց կանի Վանաձոր-Դիլիջան առավել վատ, պարզապես անտանելի վիճակում գտնվող ուղեհատվածը։ Պատկերն այստեղ նույնն է արդեն մի քանի տասնամյակ, բայց կառուցապատման անհրաժեշտությամբ վերոհիշյալ ճանապարհամասին զիջում է գոնե այնքանով, որ ոչ Համզաչիմանից, ոչ էլ մալականների մոտակա գյուղերից առայժմ ոչ ոք չի կրակում հնավեր ճամփով անցնող մեքենաների վրա։ Ամբողջ հյուսիս-հյուսիսարեւելյան Հայաստանի կենսակերպը փոքրիշատե ապահովող Բագրատաշենի շուկայի հետ առնչությամբ Սարիգյուղ-Բաղանիս հատվածում օրական անցնում են մի քանի հարյուր բեռնատար ու մարդատար մեքենաներ, այդ թվում՝ մի քանի տասնյակ ուղեւորներով ավտոբուսներ։ Եվ անցնում են, ինչպես արդեն պարզ է, բազում դժվարություններ հաղթահարելով։ Ի՞նչ է առաջարկվում, սպասենք մի մեծ աղետի՞, որպեսզի անհրաժեշտ դառնա շտապ միջոցառում ձեռնարկելը, թե՞, ի վերջո, դա ավելի կարեւոր կհամարվի, քան որեւէ օբյեկտի շինարարություն Իջեւանում կամ, ասենք, Նոյեմբերյանում։ Կուզենամ վստահ լինենք, որ մարզպետարանը, համապատասխան նախարարությունն ու հազար ու մի հիմնադրամները լավ են հասկանում խնդրի կարեւորությունը։ Այսինքն՝ տեսնենք…

ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031