Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐՅԱ ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐՅԱ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁ

Հուլիս 16,1999 00:00

Մինչեւ հիմա սեփականաշնորհման պրոցեսը եւ բողոքները այն կարգավորող օրենքներից տնտեսական բնույթ ունեին։ Այսօր արդեն հնարավորություն կա այդ ամենը կատարել խիստ իրական հիմքի վրա։ Հանրապետության դատական համակարգին հնարավորություն է տրվել մասնավոր սեփականությունը ազգայնացնելու վճիռ(ներ) կայացնել։

Պատմությունը հին է։ Միջազգային մրցույթներում Երեւանի պետական հանրախանութը (ԳՈՒՄ-ը) ապարդյուն սեփականաշնորհելու փորձերից հետո, այն «թույլատրվեց» գնել կոլեկտիվին։ 1998 թ. փետրվարին, միջազգային մրցույթի միակ մասնակիցը լինելով, կոլեկտիվն առաջարկելով 601 մլն դրամ, հաղթող ճանաչվեց։ Այնուհետեւ «Երեւանյան լույսեր» ՍՊԸ-ին հանձնվեց թիվ 42 մասնավորեցման պայմանագիրը։ Այդ պայմանագրի համաձայն, կոլեկտիվը կատարեց առաջին մուծումը 100 մլն դրամի չափով։ Գումարը հավաքեցին 115 աշխատակից։ Ամենախոշոր բաժնետերը մուծել է 10 հազար դոլարին համարժեք դրամ, ամենափոքրը՝ 100 դոլարին։ «Երեւանյան լույսերում» սիրում էին հպարտանալ այն փաստով, որ նախկին աշխատակիցների հաստիքային կրճատումներ չեն եղել։ Մինչեւ հիմա հաստիքացուցակներում մնացել են 343 աշխատակիցներ։

Կոլեկտիվը հետագա մուծումները չի կատարել։ Դա բավական խառնաշփոթ ֆինանսական պատմությունների արդյունք է։ Երեկ Էրեբունու շրջանի դատարանի շենքում Վճռաբեկ ատյանի առաջ ելույթ ունեցող կոլեկտիվի ներկայացուցիչ Նելսոն Ստեփանյանը նշեց, որ 1998 թ. հունվարի 7-ին հրապարակված սեփականաշնորհման պայմաններն հետո փոխվել են «հիմք ընդունելով միայն «Հայներարտբանկ» ԲԸ չհիմնավորված եւ չստուգված գրությունը (…)», ըստ որի իբրեւ հանրախանութի հաշվեկշռում արտացոլված չի եղել «Հայներարտբանկին» 700 հազար 364 դոլարի պարտքը։ Ըստ ներկայացուցչի՝ նման պարտք չէր կարող գոյություն ունենալ, այլապես այն «արտացոլված կլիներ ոչ միայն հանրախանութի, այլեւ առեւտրի նախարարության հաշվեկշիռներում»։

Հետաքրքիր փաստ է նաեւ այն, որ «Երեւանյան լույսեր» հանրախանութին պարտք է նաեւ պետությունը։ «Հայջրշին» պետական ձեռնարկության պարտքը նախ փոխանցվել է իրավահաջորդ «Ոռոգում» ՊՓԲԸ-ին։ Այնուհետեւ 98 թ. նոյեմբերին կառավարության պարտքը «վերաձեւակերպվել է որպես ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պարտք»։ Խոսքը 121,3 մլն դրամի մասին է, որը պետությունը այդպես էլ ոչ վճարել է, ոչ էլ հաշվանցել։

Դատական նիստում հրապարակվեց նաեւ իսպանական «Պապայանակոս» ֆիրմայի ղեկավարի նամակը, որում արտասահմանյան կողմը հրաժարվում էր նախկինում կնքված ներդրումային պայմանագրից։ Պատճառն այն էր, որ իսպանացիները տեղեկություն էին ստացել «Հայներարտբանկի» 700 հազարանոց պարտքի մասին։ Հանրախանութի պատասխանատուների խոսքերով, այս բանկի պարտքի հարցը տարուց ավել է քննվում է դատարանում եւ լուծում չի ստանում։

Այնուհետեւ սեփականաշնորհման նախարարության ներկայացուցիչ, իրավաբանական բաժնի պետ Վ. Սիմոնյանը նշեց, որ նախարարությունը «հաշվի առնելով, որ «Երեւանյան լույսեր» ՍՊԸ-ն ստեղծվել է աշխատանքային կոլեկտիվի հիմքի վրա, համաձայն է վճարումների ժամկետների փոփոխությանը»։ Պարոն Սիմոնյանն առաջարկեց վճարումները «հետաձգել» 7 օրով։ Սեփականաշնորհման նախարարությունը ՍՊԸ-ին առաջարկեց մուծել 250,5 մլն դրամը մինչեւ հուլիսի 21-ը։ Մնացած 250,5 մլն-ի մուծման ժամկետ առաջարկվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը։

Դատելով դատարանի դահլիճում գտնվող կոլեկտիվի անդամների արձագանքից՝ նրանք ի վիճակի չեն նշված ժամկետներում կատարելու այս պահանջը։ Վճռաբեկ դատարանը ծանր խնդրի առաջ է։ Եթե ուժի մեջ մնա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վճիռը, ինչ-որ իմաստով կարձանագրվի մասնավոր սեփականության ազգայնացման նախադեպ։

Դատական նիստն հետաձգվեց մի քանի օրով՝ ՍՊԸ եւ նախարարության ներկայացուցիչներին բանակցություններով ընդհանուր հայտարարի գալու համար։ Փաստորեն, այս հանրախանութի կոլեկտիվին եւս սպառնում է նախկին Լենինյան շրջանի հանրախանութի ճակատագիրը։ Տարբերությունը սակայն էական է։ Լենինյանում մարդիկ միայն իրենց աշխատանքային ստաժն էին ներդրել, այստեղ՝ ներդրված են նաեւ «կենդանի» փողեր։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031