Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգնեցրին ինձ արդեն մեղավոր ու անմեղ»

Հուլիս 29,1999 00:00
carer

Եթե ասեմ, թե անտառը ցավից լաց է լինում, երեւի շատ հնաոճ ու պարզունակ կհնչի։ Բայց անտառն իրոք լաց է լինում, հերն էլ անիծած, թե պարզունակ ու հնաոճ կհնչի։ Ծառ կտրելու արվեստը հայերիս խելքի բանը չի, մերը կոպիտ կացինն է, կտրում է առաջին պատահած ծառը։

Նայող չկա՝ մատղաշ է թե հաստաբուն, ջահել է թե ծեր։ Փա՞յտ է հարկավոր, ձմեռվա վառելիք ու փող, կտրի՛ր անտառը, կտրի՛ր։ Քո բաժինն այս մեկ ավտոմեքենա փայտն է։ Կտրեցի՞ր, տարար-ծախեցի՞ր։ Ճարպիկ ես, փող աշխատելու ձեւը գիտես։ Ինձ նման միամիտը միայն կլսի ծառի տնքոցը, նոր կտրած փայտի հոտից գլխապտույտ կզգա, ծառի հետ լաց կլինի։ Բայց դրանից անտառին ի՞նչ օգուտ։ Անտառն անտեր է, քանի որ հենց տերն է նրա մեջքը կոտրում։

«Հայանտառ» ՊՓԲԸ-ի տվյալներով այս տարվա անտառահատման պլանը 55 հազար խմ է։ Այս 55 հազարը պետք է տնկվի 4-5 հազար հա-ի վրա, այն էլ այն տեղամասերում, որտեղ զգացվում է անտառի նոսրացման, անցումն ու լուսավորությունն ապահովելու անհրաժեշտություն։ Առաջարկում ենք «Հայանտառին» դուրս գալ անտառները զննելու։ Այս մատաղ բները, որ այսպես համերաշխ շարված են բեռնատարի թափքում, հաստատ կտրելու համար չէին, դեռ նոր-նոր պիտի հաստանար այս ծառերի բունը, արմատները հողի տակ գնացող երկար ճանապարհ պիտի անցնեին։

Բայց անտառների «մաքրման» գործը կարծես թե անմաքուր ձեռքերում է։ Շնող գյուղի ջրագծի ակունքների մոտ հեղեղից ու քամուց բազմաթիվ ծառեր են արմատախիլ եղել, կոտրվել ու թափվել։ Սրանք ոչ ոք չի մաքրում, չի հավաքում, որ անտառը «լուսավոր ու մաքուր» լինի, բայց դրա փոխարեն ողջ եւ առողջ ծառերն են կոտրվում ու դառնում ձմռան պաշար։

Այս տարի կառավարության որոշմամբ վերականգնվել են նախկին «լեսպրոմխոզները» (այս բառն է օգտագործում «Հայանտառ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լյովա Հարությունյանն այս ամիս թերթերից մեկին տված հարցազրույցում)։ Վերականգնվելը՝ վերականգնվել են, բայց արդյո՞ւնքը։ Ասվում է, թե սրանից հետո անտառտնտեսություններն իրենք կնշեն հարմար հատման տեղերը, ծառերը կքննեն ու կհամարակալեն։ Ասելը միշտ ամենահեշտն է, արվածը ո՞ւր է։ Մատղաշ ծառերի վիզը կոտրելով անտառտնտեսությունը ի վերջո մնալու է առանց անտառի, այսինքն՝ անգործ։

Իսկ բեռնատարի թափքին կոկիկ շարված այս կոճղերը դեռ հիշում են, որ իրենք էլ ծառ էին, նրանց վերքերը չեն հնանալու, որովհետեւ 2-3 շրջանից ավել չէր նրանց տարիքը։ Եթե անտառում գլխապտույտ ես զգում, հաստատ քո գլխից չէ, այլ անտառից։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031