Լրահոս
Օրվա լրահոսը

«ЧП районного масштаба»

Օգոստոս 04,1999 00:00
goris

ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը հատկապես շատ է հիշատակվում Գորիսում։ Հուլիսի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունները հետաձգվեցին մինչեւ օգոստոսի 8-ը։

Ակնարկվում է, որ դրանում իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել վարչապետը։ Այս ինֆորմացիան հայտնեցին երեկ Գորիսից Երեւան ժամանած եւ տեղում ասուլիս հրավիրած Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու Համլետ Մկրտչյանի երկու վստահված անձինք։ Նրանց ազնիվ մղումներին գոնե ասուլիսի սկզբում չհավատալու հիմքեր չունեինք, քանի որ առաջին 30 րոպեի ընթացքում այնքան էլ հեշտ չէր հասկանալ, թե այս պարոններին ինչն է ստիպել կտրել Գորիս-Երեւան ճանապարհը։ «Որ ճիշտն ասենք, մեր թեկնածուն դեմ էր այս հարցին այսպիսի հնչեղություն տալուն։ Բայց մենք նրան համոզեցինք, որ այս փաստը Երեւանով գնա։ Ինքը մի քիչ համառ է, ինքնավստահ»։ Իր համառությունը կոտրելու եւ այս ասուլիսն անցկացնելու համաձայնություն տալու համար դժվար է ասել՝ պրն Մկրտչյանը շնորհակալ կլինի՞ իր վստահված անձանցից, թե՞ ոչ։

Իսկ վերջիններս նախ մեղադրեցին «Միասնություն» դաշինքին, որի «Կառուցենք եւ պաշտպանենք» լոզունգը նրանց այլեւս հարգանք ու հավատ չի ներշնչում։ Քիչ անց՝ մոռանալով ասվածը, նշեցին, որ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունների հետաձգումը անհասկանալի է «ս.թ. մայիսին կայացած օրինական, ժողովրդավարական, առաջընթաց արձանագրած ԱԺ ընտրություններից հետո»։ Ջերմ ցանկություն հնչեց նաեւ դաշինքի՝ իշխանության իր ոլորտներն ընդարձակելու նպատակահարմարության մասին։

Ընտրությունների հետաձգման պատճառը կառավարության՝ օրենքով ընտրությունների անցկացմանը հասանելիք գումարը չփոխանցելն էր, որը վստահված անձինք համարեցին միտումնավոր։ Առավել լուրջ գնահատական նրանցից կորզել հնարավոր չէր, քանի որ իրենց ունեցած տեղեկատվությունն ափսոսում էին ամբողջությամբ լրագրողներին ներկայացնել։ Համլետ Մկրտչյանի նախընտրական շտաբը ընտրությունների հետաձգման առիթով հայտարարություն է տարածել, ուր վերոնշյալ իրադարձությունը համարում է համահայկական նշանակության հակաօրինական միջադեպ, «կորպորացիոն շահեր հետապնդող ստվերային ուժերի հաղթանակ, որը ետհարվածի օրենքի համաձայն՝ հարվածում է եվրոպական ժողովրդավարական կառույցներին անդամակցության հավակնող Հայաստանի միջազգային հեղինակությունը»։ «Միասնություն» դաշինքը, ըստ ասուլիսի հեղինակների, Գորիսի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սուրեն Խաչատրյանի միջոցով պաշտպանում է Արայիկ Դոլունցին։ Նա այժմ Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։

Գորիսի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները 5-ն են՝ վերոնշյալ Դոլունցը («Հանրապետական» կուսակցություն), Համլետ Մկրտչյանը՝ անկուսակցական, Արամազդ Հարությունյանը, Մայիս Բաղիրյանը՝ անկուսակցական, Յաշա Խաչյանը՝ ՀԺԿ։ Ի դեպ, վերջինիս, իր թեկնածությունն առաջադրելուց հետո, ՀԺԿ-ի շարքերից հեռացրել են։ Մայիս Բաղիրյանն էլ՝ ըստ Համլետ Մկրտչյանի վստահված անձանց՝ շնչին 3 կգ շաքարավազ է բաժանում՝ որպես ընտրակաշառք։ Այս ամենին տեղյակ է մարզային ընտրական հանձնաժողովը, սակայն որեւէ կերպ չի միջամտում։

Հայտարարության՝ ՀՀ վարչապետին ուղղված մասում Համլետ Մկրտչյանի նախընտրական շտաբը նրան հորդորում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, քանի որ վարչապետի բարձր անունը շահարկվում է «Աջափնյակի օրինակով»։ (Վստահված անձի արվեստի նրբություններին տիրապետող մեր երկու հյուրերը հավանաբար մոռացել են, որ նման դեպքերում վարչապետը հանդես չի գալիս հայտարարությամբ. «Մեղավորները պատժվում են՝ անկախ իրենց դիրքից» եւ զբաղեցնում իրենց ուրույն տեղը ՊԱԿ-ի նկուղներում)։

Համլետ Մկրտչյանի շտաբը դիմել է նաեւ Սյունիքի առաջին ատյանի դատարան՝ հայցով, որ պատժվեն հուլիսի 25-ին չկայացած ընտրությունների մեղավորները, այսինքն՝ կառավարությունը։ Ի դեպ, վստահված անձինք շոյված էին, որ նման «մեծ մարդկանց» են ուզում դատի տալ՝ թեկուզեւ անպտուղ։

Վերջում միայն մի բան անհասկանալի մնաց. ինչի՞ համար էր վստահված անձանց բարձրացրած այս աղմուկը, եթե իրենց իսկ ասելով՝ ընտրությունների հետաձգումն իրենց թեկնածուի համար ժամանակ շահելու եւ մյուսներին ջախջախիչ պարտության մատնելու պատեհ առիթ է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031