Ակցիզային հարկի բարձրացման հետ կապված սպասումներն առայժմ չիրականացան։ Բենզինի գների աճից հետո վարորդները բողոքում են բենզինի որակից։ Վաճառքում կամ խիստ ցածր որակի բենզին է հայտնվել, կամ էլ դիզելային վառելիքի հետ գնային տարբերությունը հնարավորություն է տալիս նորից բենզինին «սոլյարկա» խառնել։ Տուժողն էլի սպառողն է։
Ընդ որում տեղական արտադրանքի սպառողն ավելի արագ տուժեց։ Առաջին օրերի ցնցումներից հետո ծխախոտի շուկայում գները նորից կարգավորվեցին։ Ներմուծվող ծխախոտի գները պրակտիկորեն մնացին նույնը։ Դրանք թանկացան ընդամենը 20-30 դրամով։ Սա հնարավոր է բացատրել այն փաստով, որ ներմուծող գործարարները չգնացին գերշահույթ ստանալու ճանապարհով եւ շարունակում են նույն գներով իրացնել նախկինում ներմուծված ծխախոտը։ Նույն հնարավորությունը չունի տեղական արտադրողը։ Տեղական ծխախոտի գները բարձրացել են 100-110 դրամով։ Փաստորեն, վաճառքում այսօր տեղական ծխախոտը ներմուծվողից թանկ է։ Հետեւաբար՝ սպառողը նորից կողմնորոշվում է դեպի ներմուծվողը։ Նորից հաշվի չի առնվում, որ մերն ուրիշ է։ Չնայած իսկապես, որ մերն ուրիշ է, օրինակ, հենց ակցիզային հարկի չափադրույքների մտցնելու եւ կիրառելու կարգի առումով։ Հարկադրույքները հրապարակելիս շեշտվում էր տեղական արտադրողի շահերի պաշտպանության մասին։ Արդյունքում՝ ներքին արտադրողի շահերի պաշտպանությունն առայժմ հետաձգվում է։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ