Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԸ՝ ԱՆՁՐԵՎԻ ԿԱԹԻԼՆԵՐԻ ԱՐԱՆՔՆԵՐՈՎ

Օգոստոս 13,1999 00:00
Yuri Baxshyan

Սեփական մտքերը թաքցնելու, լրագրողների հարցերից խուսանավելու բազմաթիվ հնարքներ կան։ Այդ հնարքներից եւ մեթոդներից երեկ լիարժեքորեն օգտվեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը՝ «Առավոտի» հարցերին պատասխանելիս։

-Պրն Բախշյան, Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում ձեր անունն էլ էր հիշատակվում, սակայն վարչապետի ընտրությունը կանգ առավ Ալբերտ Բազեյանի վրա։ Վերջինս էլ՝ որպես ԱԺ նախագահի տեղակալի թափուր պաշտոնի հավակնորդի՝ մատնանշեց ձեզ եւ ցանկություն հայտնեց, որ «Միասնություն» դաշինքն էլ պաշտպանի իր առաջարկը։ Ըստ ձեզ՝ դա քաղաքապետ չնշանակվելու կոմպենսացիա՞ն է, թե՞ ամենաարժանավորը հենց դուք եք։

– Ես առաջին անգամ եմ լսում, որ քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկն եմ եղել։ Ուղղակի կարող են բազմաթիվ այդպիսի խոսակցություններ լինել, եւ մասնավորապես՝ «Առավոտ» թերթը պարբերաբար այդպիսի քննարկումների սկիզբ է դնում հանրապետությունում, մասնավորապես՝ Երեւանում։ Ես, իրո՛ք, անկեղծ եմ ասում՝ չգիտեմ, որ այդպիսի լուր է պտտվում։ Չնայած՝ մամուլում կարող են տարբեր լուրեր պտտվել, բայց թե դրանք ինչքանով են համապատասխանում իրականությանը, կյանքը ցույց կտա։ Ինչ վերաբերում է պրն Բազեյանի՝ քաղաքապետի պաշտոնում նշանակվելուն. շնորհավորում եմ պրն Բազեյանին՝ շատ բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հաջողություններ եմ ցանկանում։ Այն փորձառությունը, որ ինքը ձեռք է բերել ԱԺ-ում եւ որն ինքն ուներ պատգամավորների հետ աշխատելիս, այն օրենսդրական դաշտը, որ նաեւ իր՝ ԱԺ-ում եղած ժամանակ ընդունվեց, հնարավորություն կտա իր գիտելիքները պրակտիկ կյանքում կիրառելու։ Անշուշտ, կա նաեւ աջակցության կարիք. աջակցություն կառավարության, նախարարությունների եւ երեւանցիների կողմից։ Երեւանցիների կողմից աջակցությունը ես ավելի եմ կարեւորում, որովհետեւ ունենալով այդ աջակցությունը՝ հնարավոր է գործել վստահ։ Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում, ԱԺ կանոնակարգով այդ հարցը շատ հստակ է կարգավորված։

Ազգային ժողովում որեւիցե պաշտոն թափուր մնալու դեպքում այդ հարցը մտնում է ԱԺ հերթական նիստերի օրակարգ՝ առանց քվեարկության, արվում են առաջարկություններ, թեկնածուները հանդես են գալիս ելույթներով, նրանց կարող են տրվել հարցեր։ Այդ պրոցեդուրան ամբողջությամբ ԱԺ կանոնակարգում նկարագրված է։ Կարծում եմ, որեւիցե հիմք չկա կանոնակարգը խախտելու կամ ամբողջ ծավալով չիրականացնելու։

– Փաստորեն, դուք, ըստ էության, դեմ չեք զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնը։

– Դա, ես նորից եմ ասում, հստակորեն կանոնակարգով կանոնակարգված է։ Եվ այդպես էլ, կարծում եմ, կվարվեն։ (Ամենեւին չկարծեք, թե հարցս այնքան ցածրաձայն տվեցի, որ պրն Բախշյանը չլսեց եւ տվեց հարցի հետ որեւէ աղերս չունեցող պատասխան։ Պարզապես պրն Բախշյանը լիարժեքորեն տիրապետում է մանեւրելու ինստիտուտին- Լ. Ա.)։

– «Միասնություն» դաշինքը, եթե չեմ սխալվում, այսօր պիտի առաջադրեր իր թեկնածուին։ Եվ այդ թեկնածուն պիտի որ դուք լինեք։

– Գիտեք, նորից եմ ասում, պրոցեդուրան նկարագրված է ԱԺ կանոնակարգում։ Եվ անիմաստ է այսօր այդպիսի թեկնածություն առաջադրելը։

– Լավ, պատկերացնենք, որ դուք ընտրվել եք ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում, ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանեք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

– Շատ հեռուն գնացող հետեւություններ պետք չէ անել։ Հերթական երկրորդ նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը, եւ նորից եմ ասում, ԱԺ-ի պատգամավորների ցանկից կան կարող ուժեր, որոնք ե՛ւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ե՛ւ այլ պաշտոններում կարող են առաջադրվել, եթե այդպիսիք թափուր մնան։

– Հետաքրքիր է, իսկ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ իր տեղակալի թեմայով զրուցե՞լ եք, կամ գիտե՞ք, թե ում թեկնածությունն է պաշտպանելու նա։

– Ես տեղյակ չեմ։ Մեր զրույցից հետո Յուրի Բախշյանն ասաց, որ ռուսերեն լեզվով այս զրույցը մեկ բառով կարելի է որակել՝ мутиловка։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031