Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնյան մառախուղներից հետո հերթական նիստը

Հունվար 15,2000 00:00
maraxux

Ինչպիսի՞ն կարող է լինել մի կառավարություն, որի չորս նախարարական պորտֆելների կրողները Այծեղջյուրներ են։ Կենդանակերպի այս նշանի համար աստղերը հուշում են, որ 2000 թվականը պետք է լինի հակասությունների ավարտի եւ մարդկանց հետ խաթարված հարաբերությունների աստիճանական վերականգնման ժամանակահատված։ Կառավարության հերթական նիստի աշխատանքը սկսելուց առաջ, վարչապետ Արամ Սարգսյանը շնորհավորեց իր կաբինետի Այծեղջյուրներին՝ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանին, էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին, հեռահաղորդակցության նախարար Ռուբեն Տոնոյանին եւ խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Լոնդոնյան այցի արդյունքներին անդրադառնալով, վարչապետը ներկայացրել է գրեթե այն, ինչ ասել էր օդանավակայանում իրեն դիմավորելու գնացած լրագրողներին։

Ընդհանրապես, վարչապետը Լոնդոնից վերադարձել է լավ տպավորությամբ։ Եվրոբանկի նախագահի հետ քննարկվել է չորս հարց։ Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Եվրոբանկի նախագահը կայցելի Հայաստան, աշնանը Լոնդոնում տեղի կունենա համահայկական համաժողով (համաժողովի կազմակերպչական որոշ ծախսեր հանձն է առել կատարել Եվրոբանկը), քննարկվել են նաեւ Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու հարցերը, ինչպես նաեւ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի, «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Հայկական ավիուղիների» խնդիրները։ Արդեն որոշակի է, թե ինչպես կլուծվի Հրազդանի ՊՇԷԿ-ի հարցը։ Գումարների մեծ մասը ժամանակին Եվրոբանկը ներդրել է, մնացել է 6 մլն-ի չափ։ Եթե ՊՇԷԿ-ը սեփականաշնորհվի, ներդրումը կկատարի սեփականատերը, եթե ոչ՝ գումարները պարտավոր է ներդնել պետությունը։

Կառավարության երեկվա նիստը հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 29-ի որոշումը՝ «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերությունների մասնավորեցման իրավական խորհրդատվական ծառայությունների իրականացման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին», հաստատեց իրավական խորհրդատուի ընտրության կարգը, իրավական խորհրդատուների կարճ ցուցակը։ Իրավական խորհրդատուի ընտրության պարտականությունը դրվեց միջգերատեսչական հանձնաժողովի վրա։

Կառավարության երեկվա նիստում ընդունվեցին մի շարք այլ որոշումներ եւս, օրինակ՝ մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին, ինչպես նաեւ «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, նախարարություններին, պետական կառավարման այլ մարմիններին հանձնարարվեց ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման մասին։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31