Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՈՒՂԵՂԸ»

Ապրիլ 14,2000 00:00
karavarutyun

Ինքը՝ Արամ Սարգսյանն էր փետրվարին խոստովանել, թե մինչեւ վարչապետ նշանակվելը նույնիսկ չգիտեր, թե քանի նախարարություն կա եւ, ընդհանրապես, կառավարության մուտքը որտեղից է։ Ու, բնականաբար, երկար ժամանակ էր անհրաժեշտ ծանոթանալու, թե որ նախարարությունն ինչ ծրագրեր ունի եւ ինչ հեռանկարներ։

Թերեւս նաեւ այս խոստովանության համատեքստում արժե դիտարկել վարչապետի մարտի 10-ին կայացրած թիվ 103 որոշումը։ Ըստ այդմ, վարչապետին կից ստեղծվում է Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համակարգման խորհուրդ։ Հիշեցնենք, որ կուսակցությունների սարդարապատյան հավաքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ համատեղ սոցիալ- զարգացման ծրագրեր կազմելն էր։ Թերեւս նաեւ հենց այդ գաղափարն իրականացնելո՞ւն է կոչված այս խորհուրդը։ Հազիվ թե, քանի որ պատգամավորներն ու կազմակերպությունների ներկայացուցիչներն այս խորհրդի աշխատանքներին միայն խորհրդի նախագահի (որ վարչապետ Արամ Սարգսյանն է) հրավերով կարող են մասնակցել։ Ի դեպ, նույն կերպ՝ նաեւ գործադիր իշխանության պաշտոնյաները։

Սա զուտ խորհրդակցական մի մարմին է, որի հիմնական խնդիրներից է Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գերակայությունների որոշումը, զարգացման ծրագրերի մշակման ապահովումը ու նաեւ Հայաստանի տնտեսական ու սոցիալական զարգացման իրավական ապահովման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։

Այս համակարգող խորհրդի մշտական անդամներն են Վահան Շիրխանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լեւոն Բարխուդարյանը, Բորիս Նազարյանը եւ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության պետ Էդվարդ Սիմոնյանցը, որը խորհրդի քարտուղարության ղեկավարն է։ Որքան մեզ հայտնի է, այս խորհուրդն առայժմ նիստեր չի գումարել եւ վարչապետի թիվ 103 որոշումը դեռեւս միայն թղթի վրա է։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930