Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 01,2000 00:00

«Դարի դատավարությունների» շարքից 150 դրամանոց բրելոկի գործը 1999 թ. դեկտեմբերի 10-ին Էրեբունու ՆԳ աշխատակիցների օպերատիվ եւ խիզախ աշխատանքի շնորհիվ հաջողվել է տեղում չեզոքացնել հանցագործ Կիրակոսյանին։ Վերջինս վերոնշյալ օրը Երեւանի պետհանրախանութի դիմաց կանգնած ՎԱԶ 21-06 մակնիշի B 58-60 AP պետհամարանիշի ավտոմեքենայից՝ չնկատելով քնած վարորդին, գողացել է… ավտոմեքենայի 150 դրամ արժողության կախազարդը (բրելոկ)։ Սույն հանցագործությունը նա կատարել է կախազարդը մեկ կգ լոբու հետ փոխանակելու եւ բազմանդամ ընտանիքն այդ օրը կերակրելու հանցավոր եւ պախարակելի մտադրությամբ։ Կիրակոսյանի չորս երեխաներից մեկը զոհված է, մյուսը՝ հաշմանդամ, կինը, ինչպես եւ ինքը, գործազուրկ։ Մի խոսքով, գողությունն անելուց հետո վարորդ (այլեւս՝ արդեն տուժող) Գեղամ Մաթեւոսյանը եւ Կիրակոսյանը վիճաբանել են, միմյանց քաշքշել, որն, ինչպես արդեն ասացինք, չի վրիպել բացառապես օրենքի տառով եւ ոգով առաջնորդվող Էրեբունու ՆԳ բաժնի աշխատակիցների արծվենի հայացքից։ Հանցագործը տարվել է բաժին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 92 հոդվածի երկրորդ մասով՝ «Գույքի մանր հափշտակում»։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ. կա՛մ մեկ տարի ազատազրկում, կա՛մ տուգանք՝ մինչեւ տասը հազար դրամ։ Բնական է, որ 150 դրամանոց բրելոկի գործով այնքան էլ հաճելի եւ հարմար չէ դատ անելը, սակայն գործը մտել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր Ալեքսեյ Սուքոյան)։ «Առավոտը» դիմեց պրն Սուքոյանին՝ ճշտելու, թե ինչպես էր զգում 150 դրամանոց կախազարդի գործը լսելիս, պրն Սուքոյանը կարճ կապեց. «Վա՛տ»։ Գործով՝ բացի տուժողից, դատարան էին կանչվել նաեւ հինգ վկաներ։ Դատական նիստերին պարտաճանաչորեն, սակայն, միայն «հանցագործն» էր ներկայանում, քանի որ տուժողն ամաչում եւ վատ էր զգում, իսկ մյուս վկաները, որոնք մայրաքաղաքին մոտ շրջաններից պետք է ներկայանային դատարան, առնվազն մի քանի հարյուր դրամ ճանապարհածախսի գումար հարմար չէին գտել տրամադրել՝ վկայություն տալու գործազուրկ Կիրակոսյանի դեմ։ Երեք դատական նիստից հետո, վերջապես, դատավորը որոշել է Կիրակոսյանին նվազագույն պատիժ տալ՝ տուգանելով նրան նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։ Թեեւ Կիրակոսյանն իր ցուցմունքում մանրամասն ներկայացրել էր իր ընտանիքի սոցիալական ահավոր վատ դրությունը եւ իր գողության նպատակը (բրելոկը 1 կգ լոբով փոխարինել), սակայն վճիռն ընդունել է այլայլված՝ ասելով, որ իրենից տուգանած գումարով իր ընտանիքը կարող էր գոյությունը քարշ տալ մի ամբողջ տարի։ Թե այս բրելոկի գողությունը «բացահայտելիս» պետությունը որքան գումար է ծախսել, հնարավոր է հաշվարկել (դատական ծախսեր՝ ծանուցագիր, ծրարներ, նամականիշեր, աշխատավարձ, ճանապարհածախս եւ այլն, եւ այլն)։ Եվ սա ՆԳ աշխատակիցների՝ հանցագործներին բացահայտելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու միակ դեպքը չէ. քր. օր.-ի հոդված 7-ն այս աշխատակիցների աչքից հասկանալի պատճառներով վրիպում է. օրենքում սեւով սպիտակին գրված է. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է քր. օր.-ով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում»։ 150 դրամանոց բրելոկի գործը չի կարճվել։ Արդարադատություն եւ միմիայն արդարադատություն իրականացնող մեր դատարանը հետամուտ է եղել մինչեւ վերջ պարզելու հանցագործի իրական դեմքը, ապա եւ պատժել նրան։ Սա է մեր դատարանը՝ ամենահումանիստականն աշխարհում։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել