Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը։
Նիկոլ Վովայի Փաշինյանը Սոֆիա Ազատի Հովսեփյանին դատի է տվել Ազգային ժողովի ընտրություններից երկու օր անց՝ հունիսի 9-ին Hraparak.am լրատվական կայքին տված «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերտառությամբ հարցազրույցի համար։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, Նիկոլ Փաշինյանը իր մասին հրապարակված վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ պահանջում է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։
Բացի այդ՝ պահանջում է իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ․ «2026 թվականի հունիսի 9-ին լրատվական կայքի և hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով իմ՝ Սոֆիա Ազատի Հովսեփյանիս կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են զրպարտչական հետևյալ տեղեկությունները․
Կարդացեք նաև
● «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում»,
● «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի»,
● «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։
Հայցվոր Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանից պահանջում է բռնագանձել 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար, իսկ զրպարտության համար՝ 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։
Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Դավիթ Ավագյանը, իսկ Սոֆիա Հովսեփյանինը՝ Ռաֆայել Իշխանյանը։
Սոֆիա Հովսեփյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, թե ինչն է հիմք հանդիսացել իր պաշտպանյալին գնահատողական բնույթի մտքեր հնչեցնել․ դատարանին ներկայացրեց նաև Սոֆիա Հովսեփյանի երկու աշխատավայրերից տրված տեղեկանքներն աշխատավարձի չափի վերաբերյալ։
Ի դեպ, ներկայացված ապացույցների մեջ տեղ էին գտել նաև Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարիների ընտրությունների վերաբերյալ արված արտահայտությունները։ Բնականաբար, դրանք այն համատեքստում էին, թե Նիկոլ Փաշինյանին կարելի է նման արտահայտություններ անել, Սոֆիա Հովսեփյանին՝ ո՞չ։
Սակայն վարչապետի շահերը պաշտպանող Դավիթ Ավագյանը պնդեց, որ որևէ մեկը դատի չի տվել Նիկոլ Փաշինյանին, չկա իրավական գնահատական ընտրակեղծարարությունների մասին նրա հնչեցրած դատողություններին։
Դավիթ Ավագյանն, անդրադառնալով Սոֆիա Հովսեփյանի փաստաբանի ներկայացրած ապացույցներին, որոնցից մեկը, նրա ձևակերպմամբ, ԱԺ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների անճշտությանն է վերաբերում, ասաց․ «Գտնում ենք, որ նշված բոլոր հանգամանքները վերաբերելի չեն սույն գործի լուծման համար, մասնավորապես նախ պետք է հիշատակենք, որ տիկին Հովսեփյանի կողմից վիճելի արտահայտությունները և վիճելի տվյալները արտաբերվել են հունիսի 9-ին, իսկ նշված ժամանակահատվածում դեռևս նախնական արդյունքներն էին ամփոփվել և դեռևս պարզ չէր, թե նշված ուժը հաղթահարում է անցողիկ շեմը և ենթադրյալ խախտումները կարող էին ազդել տվյալ ուժի անցողիկ շեմը հաղթելու վրա, թե ոչ։
ԿԸՀ-ի կողմից նշվածի վերաբերյալ դեռևս որևէ վերջնական արդյունքներ հրապարակված չկային, ավելին՝ նախնական արդյունքներով՝ նշված օրերին ի սկզբանե տեղեկացվել էր, որ ԲՀԿ-ն հավաքել է 4 տոկոսը, ապա դրանից հետո փոխվեցին տվյալները՝ 3,96 տոկոս, դրանից հետո բոլորին հասկանալի էր, որ ամսի 14-ին վերջնական արդյունքներով դրանք կճշգրտվեն։
Այսինքն՝ նշված ժամանակահատվածում այնպիսի իրավիճակ չի եղել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չանցնելու վերաբերյալ և նշված խախտումների վերաբերյալ որևէ գնահատողական արտահայտություն ունենալու լիներ։ Ավելին, «Հրապարակ» օրաթերթում, որը որ արտադրել է տիկին Հովսեփյանի խոսքերը, որևէ խոսակցություն չի գնում նրա մասին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնում է, թե չի անցնում։
Այսինքն՝ այն փաստացի տվյալները կամ վիճելի արտահայտությունները, որոնք որ ներկայացվել են տիկին Հովսեփյանի կողմից, որևէ կերպ չեն անդրադառնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցողիկության շեմը հաղթահարելու խնդրին, այսինքն՝ նշված հանգամանքը որևէ հիմք չի հանդիսացել նշված արտահայտությունները կամ փաստացի տվյալները տարածելու համար»։
Սոֆիա Հովսեփյանի փաստաբանն ասաց՝ վկայակոչած սահմանափակումները, թե ընտրությունների արդյունքները նախնական էին, պետք էր սպասել վերջնականին, անհարկի սահմանափակ մեկնաբանություն է խոսքի ազատությանը։
«Ստացվում է՝ խոսքի ազատությունը ոչ միայն ազատություն է իրենով, այլ պայմանով պայմանավորված»,- ասաց Ռաֆայել Իշխանյանը։
Նա ներկայացրեց Եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռները, միջազգային փաստաթղթերը, որոնք համադրելի փաստեր ու կարգավորումներ են տալիս։
Նա մասնավորապես մեջբերեց քաղաքական գործիչներից մեկի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հասցեին արված կոշտ արտահայտությունը, դատարանը կարևոր հանգամանք է համարել այն, որ նման արտահայտություններ արել էր հենց ինքը՝ Սարկոզին։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, սակայն, գտնում էր, որ տվյալ գործի՝ Ֆրանսիայի նախագահի գործի հետ համեմատությունն անհամատեղելի է։
Ըստ նրա՝ հունիսի 9-ի դրությամբ Սոֆիա Հովսեփյանը չէր կարող նման դատողություններ անել, երբ չկային ԱԺ արդյունքների վերաբերյալ վերջնական տվյալներ։
«Գոյություն չի ունեցել որևէ փաստական հիմք, որ Սոֆիա Հովսեփյանը դիտարկում աներ, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները նկարվել են։ Այդպիսի դատողություն անելու համար հիմք չի եղել»,- պնդում էր Նիկոլ Փաշինյանի փաստաբանը։
Նա նաև նշում էր, թե Սոֆիա Հովսեփյանի հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ որևէ խոսք գոյություն չունի, չի եղել որևէ դատողություն, մինչդեռ դատական նիստի ընթացքում անընդհատ խոսք է գնում այն մասին, թե այդ կուսակցությունը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ։ Հրապարակման մեջ, ըստ փաստաբանի, դատողություն կա Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի մասին վաղաժամ արված հայտարարությանը։
«Մենք գտնում ենք, որ դուք որոշակի հենք եք փորձում ստեղծել՝ քաղաքացիական պատասխանատվությունից խուսափելու։ Մասնավորապես դուք հիմք եք ընդունել, ձեր խոսքերն են, որ Նիկոլ Փաշինյանը վաղաժամ է հայտարարել հաղթանակի մասին, և երկրորդը՝ դուք իրեն ճանաչում եք ներսից և գիտեք, վիրավորական արտահայտության մասով չասեմ, այդ գործողություն անելը՝ այսինքն՝ ընտրությունը նկարելը»,- ասաց փաստաբան Դավիթ Ավագյանը։
Սոֆիա Հովսեփյանի փաստաբանը, սակայն, հակադարձեց, որ որևէ փաստական հիմք իրենք չեն փորձում ստեղծել, այս ամենը վերաբերում է ԿԸՀ-ի նախնական աղյուսակին, խնդիրն այն է, որ հունիսի 7-9-ը, այսինքն՝ մինչև հարցազրույց տալը, հանրային տիրույթում քննարկվող թեման եղել է սխալների, ընտրությունների կեղծված լինելու մասին դատողություններ։
Ըստ Ռաֆայել Իշխանյանի՝ նախնական արդյունքներում եղել է շատ հստակ ապացուցվող, հիմնավորվող սխալ, հետագայում ԿԸՀ-ից ներկրված քաղվածքների թվերը ներառելով՝ ԿԸՀ-ի նախնական աղյուսակի մեջ բացվել է այլ քաղաքական ուժերի դասավորություն, մի բան փոխվել էր, և Սոֆիա Հովսեփյանի գնահատականը ընտրությունների արդյունքները նկարելու մասին վերաբերել է հենց սրան, սա գնահատողական դատողություն է։
Սոֆիա Հովսեփյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացրած առարկությանը, թե ԲՀԿ-ի մասին խոսք չի հնչեցել իր հարցազրույցում, մինչդեռ դատական նիստի ժամանակ հիմք են ստեղծում քաղաքացիական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ասաց․ «Փորձում է գործընթացի մեջ փոքրիկ մանիպուլյացիա ներմուծել և, չգիտես ինչու, անընդհատ խոսքը տանում է նրան, թե ԲՀԿ-ն անցնում էր կամ չէր անցնում, բայց խնդիրն այն է՝ տվյալ ժամանակահատվածում՝ այսինքն՝ 7-ի գիշերվանից սկսած մինչև ամսի 9-ը՝ հարցազրույցի պահը, առաջնահերթ քննարկվող թեմաներից մեկը ԲՀԿ-ի կողմից հրապարակված այն ապացույցներն էին, այն փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ԿԸՀ-ն չի հերքել, հետագայում այլ գնահատականներ է տվել՝ տեխնիկական խնդիրներ և այլն, որ տեղի են ունեցել ընտրությունների ոչ պատշաճ ներմուծում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջ, որը պետք է ապահովեր, թե ինչպես է քվեարկել քաղաքացին և ինչ է ներմուծվել վերջնարդյունքում։
Ինքն անընդհատ խոսքը տանում է ԲՀԿ-ի անցնել-չանցնելուն, բայց խնդիրը ԲՀԿ-ի ներկայացրած ապացույցներն էին, որ քաղաքացու ձայնը չի հասել վերջնակետին։
Եվ ոչ միայն դա էր, այլ ընթացող ընտրությունը, այսինքն՝ շարունակական, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրվել է այն ժամանակահատվածում, երբ որոշակի տեղերում դեռ ընտրատեղամասերը չէին փակվել կամ նոր էին փակվել»։
Սոֆիա Հովսեփյանը իր դեմ ներկայացրած հայցը համարում է իրեն լռեցնելու փորձ, և ոչ միայն իրեն, այլ ցանկացած քաղաքացու, որը կհամարձակվի դատողություններ անել, գնահատականներ տալ գործող իշխանության գործողությունների մասին։ Ըստ նրա՝ եթե այդ գնահատականները իրենց քիմքով չեղան, ապա մեղավոր ես և պիտի պատժվես։
«Սա ոչ միայն ինձ է ուղղված, այլ իմ միջոցով հասարակությանը լռեցնելուն»,- ասում է Սոֆիա Հովսեփյանը։
Իսկ 6 միլիոն դրամ պահանջի մասին ասում է․ «Սահմանված առավելագույն չափն է՝ ըստ օրենքի, իր ախորժակն էլ կարծես թե փոքր չէ, այստեղ հարց է առաջանում, եթե դիտարկում ենք, ինչպես ասում է արժանապատվության խնդիր, ուզում եմ հարցնել ներկայացուցչին, որն անընդհատ շեշտում է արժանապատվությունը, արդյո՞ք դրամի չափով է մարդու արժանապատվությունը չափվում։ Եթե՝ այո, կներեք, ես կարծում եմ, որ դա բավական էժան գումար է համարվում ինձ համար, որովհետև մարդու արժանապատվությունը անգին է, հիմա ինչպես բերենք չափելիության դնենք, որ էդ մարդու արժանապատվությունն էդքան արժի»։
Փաստաբան Դավիթ Իշխանյանն էլ նշում է․ «Այստեղ հարցն առաջին հերթին պատիվն ու արժանապատվությունն է, բնականաբար, դրանց առաջնահերթ պաշտպանությունը հերքում կամ ներողություն խնդրելն է, դրամական պահանջը երբ որ դառնում է հիմնական կռվախնձորը, բնականաբար այստեղ կա խնդիր»։
Նման հայցերը, ըստ փաստաբանի, կարող են վնասել խոսքի ազատությանը, դա կհանգեցնի նրան, որ մարդիկ կարևոր քաղաքական գործընթացների ժամանակ կսկսեն ինքնագրաքննությամբ զբաղվել՝ լռել։
Դատը հետաձգվեց՝ նշանակվելով դեկտեմբերի 1-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































